Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան․ «Փաշինյանը հիմա մոլագարի վարքագիծ է դրսեւորում՝ փորձելով օր առաջ ավարտել տարածքների հանձնումն Ադրբեջանին»

Ապրիլ 24,2024 14:36

«Փաշինյանը հիմա մոլագարի վարքագիծ է դրսեւորում՝ փորձելով օր առաջ ավարտել տարածքների բռնազավթման եւ Ադրբեջանին հանձնելու գործընթացը»,-այս մասին այսօր Տավուշի մարզի Կիրանց համայնքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Տավուշի չորս գյուղերի՝ Ադրբեջանին հանձնման գործընթացն, ըստ Չալաբյանի, ապօրինի է, քանի որ այս պահին կա ընդամենը ինչ որ հանձնաժողովի արձանագրություն, որն իրավական ուժ չունի։

Ինչպես ավելի վաղ ասել էր, այսօր էլ Չալաբյանը կրկնեց՝ ՀՀ տարածքի որեւէ փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով, ինչպես որ ՀՀ Սահմանադրությունն է պահանջում․ «Որեւէ պաշտոնյա իրավունք չունի որոշել, թե որն է ՀՀ սահմանը։ Այստեղ տեղի է ունենում ժողովրդի իրավունքների բռնազավթում»։

Չալաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը թալանում է յուրաքանչյուր քաղաքացուն․ «Թալանում է՝ տալով մեր տարածքները, որոնք գծվել են արյունով, որոնք գծվել են նաեւ բնության կողմից, որովհետեւ այն սահմանագիծը, որ կա այստեղ, դա բնական սահմանագիծն է՝ բլուրներով, գետերով, ջրամբարով անցնող բնական սահմանագիծն է։ Տարածքներ հանձնելուց հետո, օրինակ՝ Կիրանց գյուղի գերեզմանը եւ տների մի մասը տրվելու է Ադրբեջանին։ Իշխանությունն ասում է՝ Ադրբեջանի տարածքն է, մենք հայկական հողերից ոչինչ չենք տալիս, բա ինչպե՞ս է հայկական գերեզմանը Ադրբեջանի տարածքում, հայկական տները, հայկական դպրոցը։ Հայկական տներն ուզում եք Ադրբեջանին հանձնել ու ասում եք՝ Տավուշից չեք հանձնում, բա Տավուշը ո՞րն է այդ դեպքում։ Տավուշն այնտեղ է, որտեղ ապրում է տավուշցին»։

Անդրադառնալով երեկ Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին բողոքի ցույց իրականացնողների նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժին, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի ձերբակալմանը , Չալաբյանն ասաց՝ ուզում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի նկատմամբ․ «Նա բարեկրթության օրինակ է, նրանից խուլիգանություն չի կարելի ակնկալել։ Ակնհայտ է, որ այս վարչակազմը փորձում է դիմել ամենաբիրտ, ամենազազրելի, ամենազզվելի ոստիկանական միջոցներին, այսինքն՝ պայքարի առաջնորդների վրա պրիմիտիվ քրեական հոդվածներ կարել։ Այս երկրում չկա մարդ, նույնիսկ իրեն ձերբակալող ոստիկանները, որ հավատա, որ Սուրեն Պետրոսյանը խուլիգանություն է արել։ Սադրանք են անում, որպեսզի պայքարի առաջնորդներին մեջտեղից հանեն։ Չեմ զարմանա, որ վաղը նույնն իմ նկատմամբ փորձեն անել»։

Չալաբյանը վստահեցրեց՝ պայքարը չի դադարելու, դեռ մի բան էլ նոր թափ է ստանում ու ստանալու է․ «Եթե մի վարչակարգ դիմում է ոստիկանական բռնության եւ իր հույսը դրել է ոստիկանների վրա, դա նշանակում է, որ նա հոգեվարքի մեջ է, խռխռացնում է, դա նշանակում է, որ այլեւս ժողովրդի վրա հենվել չի կարող, որովհետեւ ժողովուրդն այստեղ է»։

Նշենք, որ արդեն 6-րդ օրն է՝ քաղաքացիները բողոքի ցույց են անում, փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցով անցնող հատվածը։

Բողոքի ցույցերը սկսվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին են փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Ավետիք Չալաբյանն այցելել է դաժան ծեծի ենթարկված Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին. «Գնդապետը այժմ ծանր վնասվածքներով գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ոգին անկոտրում է: Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են, և պատասխան կտան օրենքի առաջ իշխանափոխությունից հետո, իսկ ովքեր դեռ չեն արատավորել իրենց անունը մեր քաղաքացիների դեմ հանցագործություններով, խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը՝ դա նվազագույնն է, որ դուք կարող եք այսօր անել ձեր երկրի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930