Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերին ոչնչացնելով և տեղահան անելով՝ Թուրքիայում նաև ոչնչացվեց հայկական մշակութային հետքը։ Նույն քաղաքականությունը որդեգրեց նաև Ադրբեջանը. «Գեղարդ»

Ապրիլ 24,2024 13:52

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

1914-1918 թթ. երիտթուրքական կառավարությունը իրականացրեց հայ ժողովրդի համակարգված բնաջնջում, որը շարունակությունն ու գագաթնակետն էր 1894-1896 թթ. համիդյան ջարդերից ու 1909թ. Ադանայի կոտորածից հետո։ Առաջնորդվելով պանթյուրքական գաղափարախոսությամբ և օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմի ստեղծած հարմար պահը` 1914թ․ վերջերից երիտթուրքական կառավարությունը սկսեց հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Թուրքական պետության կողմից մանրակրկիտ ծրագրված և իրականացված այս ցեղասպանության հետևանքով բնաջնջվեց ավելի քան 1,5 միլիոն հայ, իսկ հազարավորները դարձան տարագիր՝ սփռվելով աշխարհով մեկ ու զրկվելով հազարամյա իրենց բնօրրանից։ Այս ոճրագործությունից մեկ դար անց Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ միաժամանակ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելու հարցում։

Օսմանյան և հանրապետական Թուրքիայի հակահայկական այս քաղաքականությունը որդեգրեց նաև Ադրբեջան պետությունը։ Ադրբեջանը 1918-20-ական թվականներին հայերի ջարդեր իրականացրեց Բաքվում, Նուխիում, Արեշում, Շուշիում, 1988-90-ականներին՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում։ Ադրբեջանում ևս, ինչպես Թուրքիայում, գովասանքի և պետական պարգևների արժանացան հայերին սպանողները։ Դեռևս 1992թ. Մարաղայի ջարդերն իրագործած հրամանատարներից Շահին Թաղիևին «ազգային հերոսի» կոչում շնորհելը նշվածի վառ օրինակներից է ու նաև նախադեպ 2004թ. Ռամիլ Սաֆարովի, 2016 թ․ Ապրիլյան պատերազմի և 2020թ․ Արցախյան պատերազմի ու դրան հաջորդած տարիներին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի ռազմական հանցագործների համար։

Հայերին ոչնչացնելով և տեղահան անելով՝ Թուրքիայում նաև ոչնչացվեց հայկական մշակութային հետքը։ Նույն այդ քաղաքականությունը որդեգրեց նաև Ադրբեջանը։ Բաքուն շարունակում է Արցախում հայկական պատմամշակութային արժեքների պղծումն ու համակարգված ոչնչացումը՝ հայկական հետքն այնտեղից հիմնահատակ ջնջելու նպատակով։

2023 թ Ադրբեջանի կողմից իրագործվեց արցախահայության բռնագաղթը։ 21-րդ դարում նորից հայությունը ենթարկվեց կոտորածների և բռնի տեղահանումների։ Ավելին, ադրբեջանցիները, զավթելով Ստեփանակերտը, նրա փողոցներից մեկը վերանվանեցին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրագործած երիտթուրք Էնվերի անունով։

Թեև Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվել ու դատապարտվել է բազմաթիվ պետությունների, կազմակերպությունների, նահանգային ու ինքնակառավարման մարմինների ու խորհուրդների կողմից, սակայն արդարադատության պատշաճ կերպով իրականացման ձախողումը նախադեպ է ստեղծել ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլև աշխարհում մարդկության դեմ շարունակվող վայրագությունների ու ցեղասպանությունների համար։

Միջազգային հանրության ու դիվանագիտական շրջանակների համար հրամայական է ներդնել հստակ մեխանիզմներ ու ձեռնարկել վճռական գործողություններ՝ կանխելու հայ ժողովրդի դեմ հերթական ագրեսիան ու ոճրագործությունը՝ դրանով իսկ նախադեպ ստեղծելով աշխարհում արյունահեղությունների ու ոճրագործությունների կանխարգելման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930