Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին․ «Բռնությունը ոչ միայն անթույլատրելի է, այլեւ նման դեպքեր չպետք է տեղի ունենան պետության իրավասության ներքո գտնվող անձանց հետ»

Ապրիլ 24,2024 13:25

Բռնությունը ոչ միայն անթույլատրելի է, այլեւ նման դեպքեր չպետք է տեղի ունենան պետության իրավասության ներքո գտնվող անձանց հետ։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն՝ անդրադառնալով Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին։

Մանասյանն ասաց, որ ՄԻՊ-ը դեպքին անմիջապես է արձագանքել, արագ արձագանքման խումբ է մեկնել Սամվել Վարդանյանի հետ հանդիպմանը․ «Հիմա չեմ կարող հանցակազմի կամ արարքի վերաբերյալ վերջնական գնահատական տալ, որովհետեւ ես իրավասու մարմին չեմ եւ մեկ այցի շրջանակում հնարավոր չէ դեպքի վերաբերյալ վերջնական գնահատական ձեւավորել։ Բայց ընդհանրապես բռնությունը ոչ միայն անթույլատրելի է, այլեւ նման դեպքեր չպետք է տեղի ունենան պետության իրավասության ներքո գտնվող անձանց հետ»։

Քաղաքական եւ հանրային գործիչներին կալանավորելու մասին հարցին ի պատասխան Մանասյանն ասաց՝ ՄԻՊ գնահատմամբ՝ կալանքը Հայաստանում չափազանց շատ է կիրառվում․ «Մենք տեղյակ ենք քաղաքական կամ հանրային գործիչների նկատմամբ կալանք կիրառելու մասին, մինչդեռ կան սովորական քաղաքացիներ, որոնց նկատմամբ կալանք է կիրառվում։ Այստեղ չէի ուզի շեշտադրում անել հայտնի գործիչներին, սովորական քաղաքացիների նկատմամբ եւս դեպքերը շատ են»։

Դիտարկմանը, որ քաղաքական գործիչներին կալանավորելը նրանց լռեցնելու միջոց է, որպես պատիժ է կիրառվում, Մանասյանն ասաց՝ որպեսզի մենք եզրահանգենք, որ դա հենց կոնկրետ այդ մարդու նկատմամբ է այդ վերաբերմունքը, պետք է ունենանք միջավայր, որ բացառապես այդ քաղաքացիների նկատմամբ են նման խտրական մոտեցումներ լինում․ «Բնականաբար, հնարավոր է լինեն այդ առնչությամբ կասկածներ։ Բայց այն հանգամանքը, որ ՀՀ-ում համատարած է այդ խնդիրը, դա միանշանակ մենք էլ ենք արձանագրել։ ՀՀ-ում ազատությունից զրկված անձանց կեսից ավելին կալանավորված անձինք են, ոչ թե դատապարտված, իսկ սա,մեր կարծիքով, խնդրահարույց է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իյա, իրո՞ք չես կարող գնահատական տալ, քանի որ մեկ այցի շրջանակում հնարավոր չէ վերջնական գնահատական տա՞լ: Իսկ ինչու՞ եք մեկ այցով բավարարվել տիկին, ինչու՞ չեք կրկին այցելել խոշտանգվողին: Երևի քո ընկերուհի դատախազուհին է քեզ խորհուրդ տվե՞լ, որ չափիդ մեջ մնաս, թե՞ ինքդ էլ չուզեցիր քպ-ականներին վատություն անես կամ էլ նրանցից վախեցար: Նման կոսմետիկ գործունեությամբ դու քեզ ՄԻՊ ե՞ս համարում, թե՞ մարդու իրավունքների ոլորտի վրա թոզ փչող:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930