Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պետք է անել, որպեսզի «ժողովրդավարությունը» չքանդի պետությունը

Ապրիլ 24,2024 14:00

Մարդկանց խանգարում է այն, ինչ բրիտանացի փիլիսոփա Ռոջեր Սքրութոնն անվանում է «բարոյական ճարպակալություն»

Ամենակարեւոր հարցը, որն ինձ այսօր հուզում է, հետեւյալն է. ինչպես է Հայաստանի լեգիտիմ ընտրված վարչապետը կարողանում իրագործել Ադրբեջանի եւ Թուրքիայի հրեշավոր ծրագիրը՝ ոչ միայն չհանդիպելով լուրջ դիմադրության, այլեւ արժանանալով որոշ շրջանակների անկեղծ ծափահարությունների:

Ենթադրենք, որեւէ երկրում ղեկավար են ընտրել թշնամի պետության գործակալի կամ խելագարի կամ անմեղսունակ անձնավորության: Ենթադրենք, տարիներ շարունակ այդ անձնավորությունը վերընտրվում է: Ի՞նչ է, պետությունը կրա՞կն է ընկել այդ ղեկավարի ձեռքը, նրա գործողությունների պատճառով պետությունը պետք է վերանա՞: Կա՞ արդյոք դրան որեւէ հակաթույն:

Պատասխանը, կարծում եմ, ժողովրդավարության եւ այլ արժեքների ներդաշնակման մեջ է՝ մի թեմա, որը հուզում էր շատ մտածողների՝ 19-րդ դարի ստեղծագործող Ալեքսիս դը Թոքվիլից սկսած: Նույն հակասությունների մասին մտածում էր նաեւ ժամանակակից բրիտանացի փիլիսոփա Ռոջեր Սքրութոնը (մահացել է 2020 թվականին):

Նա առաջարկվող հարցը բաժանում է 4 «ենթահարցերի»:

1/ Ի՞նչն է ժողովրդավարությունն ամուր դարձնում: Պարզ է, որ, օրինակ, մեր դեպքում արդար ընտրված իշխանությունն ընդդիմախոսների հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես «ոչ արդարը»:

2/ Ինչպիսի՞ սահմանափակումներ պետք է դնել ժողովրդավարության վրա, որպեսզի վերջինս չվերածվի մեծամասնության տիրանիայի:

3/ Ինչպե՞ս համաձայնեցնել ժողովրդի ինքնիշխանությունը այլ օրինական նպատակների հետ, որպիսիք են բարոյական դաստիարակությունը եւ մշակութային կրթությունը: Այդ հարցը ես առանցքային եմ համարում: Բոլոր մարդիկ, որոնք այստեղ ասելիք ունեն, պետք է լծվեն այդ կրթությանն ու դաստիարակությանը՝ հաշվի չառնելով, թե ինչպես են այդ ջանքերը վարձատրվում եւ ովքեր են կողքից փորձում խանգարել:

4/ Ինչպե՞ս սերմանել ժողովրդավարական սովորությունները հասարակության մեջ: Կարծում եմ, նախորդ հարցի շարունակությունն է:

Ես այստեղ չեմ վերարտադրի Սքրութոնի պատասխանները, եւ ցանկացողներներին խորհուրդ եմ տալիս կարդալ նրա «Ժողովրդավարության սահմանները» («Limits to Democracy») հոդվածը:

Առանձնացնեմ միայն այն միտքը, որ մարդիկ չեն կարող իրապես ազատ, ինքնուրույն եւ կոմպետենտ լինել առանց մշակութային սահմանափակումների: Իսկ դրանք, ըստ Սքրութոնի, հիմնված են դեպի իդեալները ձգտումների վրա: Կանխատեսում եմ ոմանց քմծիծաղը՝ «հա-հա-հա, իդեալներ՝ դատարկ խոսքեր են»: Բայց այդ քմծիծաղը հենց այն է, ինչի վրա հույս են դնում ներկայիս իշխանությունները: Արթնացա՞ր առավոտյան, տեսա՞ր, որ թուրքերը քեզնից 50 մետրի վրա չեն, ուրախացի՛ր, 50 մետրի վրա են՝ նույնպես ուրախացի՛ր: Ապրի՛ր քո կյանքով, սաղ սուտ է, բոլորը ձեւեր են թափում, ուրիշ բաների մասին մի՛ մտածիր:

Մարդկանց ընտրությունը սահմանափակվում է այսօրվա օրով, եւ քաղաքական գործիչներն օտվում են այդ հանգամանքից: Նրանք ստիպված են խոստանալ առկա նյութական բարիքների բազմապատկում: «Յուրահատուկ բարոյական ճարպակալումը, – գրում է Սքրութոնը, – հիվանդացնում է շարքային ընտրողներին այն աստիճանի, որ իդեալները եւ երկարաժամկետ նկատակները նրանց մոտ ծանր շնչառություն են առաջացնում»:

Այդպիսով, այսրոպեական ինչ-ինչ շեղող գործոնները (մանավանդ հիմա, երբ սոցցանցերում չափազանց հեշտ է ցանկացած թեմա ասպարեզ բերել), ավելի մեծ ուշադրություն են գրավում, քան հեռահար նպատակները, որոնք, այո, որոշակի զրկանքներ են պահանջում:

«Ուշքի եկեք, ժողովուրդ, մեր պետությունը վարի է գնում» էմոցիոնալ կոչերը ոչ մի օգուտ չեն բերում: Ուշքի գալը, ցավոք, րոպեական «ինսայթ» չի: Դա տասնամյակներ տեւող գործընթաց է, ինչպես եւ եղել է Հայաստանում 1960-80-ական թվականներին՝ ընդհուպ մինչեւ 1988 թվականը: Վախենամ սակայն, որ այսօր մենք տասնամյակներ չունենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930