Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Երիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը

Ապրիլ 24,2024 13:00

Ժամանակակից շուկայական հարաբերություններում բիզնես երեւույթը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ առանց բացառության, պարզ պատճառով. դրանք ունեն, ուղիղ ասած՝ ընդհանուր նպատակ, որի անունն է փող կամ ֆինանս։ Այստեղից, միանշանակ,  բխում է դրույթ, որ եթե գործ ունես փողի հետ՝ գործ ունես բիզնեսի հետ։

Օրերս Ազգային օպերային թատրոնում հյուրընկալվելով Երիտասարդական օպերային ծրագրին (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան), ծանոթացանք առաջին անգամ Հայաստան այցելած հեղինակավոր երկու գործակալությունների՝ Opera connection-ի հիմնադիր Էրկկի Լաուրի Ալստենի եւ Steetta artistis-ի գործակալ Ռիչարդ Րիտտելմանի հետ։ Նրանք տարիներ շարունակ համագործակցելով հայ օպերային երգիչների հետ, այսինքն՝ ճանաչելով հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչներին, հաճելիորեն զարմացանք, որ նրանց այցի նպատակն այս անգամ նաեւ մեր երիտասարդ արվեստագետներին սովորեցնելն է, թե ինչպես կողմնորոշվել օպերային բիզնեսում, տիրապետել մենեջմենթի այբուբենին, գլուխ հանել այդ կազմակերպությունների հետ պայմանագրեր վավերացնելուց, լսումների կամ մրցույթների մասնակցել, որպեսզի գերի չդառնալ «ճարպիկ առեւտրականների» ցանկացած առաջարկներին, այլ գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը։ Նշենք նաեւ, որ վերոնշյալ գործակալությունները հայտնի են եւ հեղինակավոր Եվրոպայում, Չինաստանում, ԱՄՆ-ում եւ այլուր։ Նրանց հետ ժամանակին համագործակցել են այնպիսի համաշխարհային օպերային աստղեր, ինչպիսիք են Էլինա Գարանչան, Վլադիսլավ Սուլիմսկին, Տարաս Շտոնդան, դիրիժորներից հիշատակենք Վելոպ Պահնին… թվարկումը երկար ժամանակ կպահանջի։ Չմոռանանք նշել եվրոպաբնակ ճանաչված սոպրանո Լիանա Ալեքսանյանի անունը, մեր թատրոնից՝ տենոր Տիգրան Հակոբյանին, Երիտասարդական օպերային ծրագրից՝ Գագիկ Վարդանյանին, Նունե Գրիգորյանին եւ այլն։

Մենեջերները՝ Երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցների հետ։

Մեզ հետ զրույցում հյուրերը հիացմունքի բառեր շռայլեցին Երիտասարդական օպերային ծրագրի այսօրվա երգիչների հասցեին, նշեցին, որ մեր երկիր այցելելու իրենց հետաքրքրությունը շարժել են ծրագրի նախկին սաներ՝ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի, բարիտոն Նավասարդ Հակոբյանի, տենոր Տիգրան Հակոբյանի եւ մյուսների հաջողությունները թե միջազգային մրցույթներում եւ թե հեղինակավոր օպերային թատրոններում։ Նրանք արդեն պայմանագրեր են կնքել հիշյալ ծրագրի երեք երգիչների հետ, որոնց վերջին շրջանում հանդիպում ենք նաեւ օպերային թատրոնի ներկայացումներում, նրանք են՝ Գոշ Սարգսյանը (բաս), Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո) եւ Հեղինե Խաչատրյանը (սոպրանո)։ Մենք էլ տեղեկացնենք, որ Երիտասարդական օպերային ծրագրի երգիչներից արդեն համագործակցում են  համաշխարհային հնչեղություն ունեցող այնպիսի գործակալությունների հետ, ինչպիսիք են Ariosi, Asconas holt եւ այլն։

Վերջում ասենք, որ մեր հյուրընկալվելը Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական ծրագիր նպատակ ուներ վերջինիս ղեկավար Լեւոն Ջավադյանից տեղեկանալ Ջուլիանա Գրիգորյանի եւ Նավասարդ Հակոբյանի՝ վերջին շրջանում Արեւմուտքում ծավալած գործունեությունից։ «Ջուլիանան մարտի 2-ին առաջին անգամ Մետրոպոլիտեն թատրոնում բեմ է բարձրացել Լիուի դերերգով՝ Պուչինիի «Տուրանդոտում»։ Ընդ որում, սա Ֆրանկո Զեֆիրելիի պատմական որակվող բեմադրությունն է, որտեղ ժամանակին փայլել են Պլասիդո Դոմինգոն, Լուչիանո Պավարոտին եւ մյուսները։ Երգչուհու հետ մշտական կապի մեջ եմ եւ կարող եմ տեղեկացնել նրա մոտակա ծրագրերի մասին եւս։ Օրինակ՝ հունիսին Ջուլիաննան կմասնակցի «Լա Սկալայում» կայանալիք Մոցարտի Ռեքվիեմի կատարմանը՝ սոպրանոյի երգաբաժնով, հուլիսին «Արենա դի Վերոնայում» Միմիի դերերգով հանդես կգա Պուչինիի «Բոհեմում» եւ այլն։ Չմոռանամ նշել, որ օրերս Ջուլիանան արժանացել է Մետրոպոլիտեն օպերայի Hilde Gard Derens մրցանակի, որը շնորհվում է այդ թատրոնում լավագույն դեբյուտի համար։ Հիմա անդրադառնամ Նավասարդի հաջողություններին։ Նա մարտին հաղթող ճանաչվեց դարձյալ Մետրոպոլիտենում անցկացվող Laffont մրցույթում, որն ունի շուրջ 100 տարվա պատմություն։ Մինչ այդ Հյուսթոնի եւ Դալլասի օպերային թատրոններում հանդես է եկել Շապլեսի դերերգով՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» եւ Մարչելլոյի՝ «Բոհեմ» ներկայացումներում։ Նրա մոտակա ծրագրերում էլ կան եւ մենահամերգներ, եւ համերգներ, այդ թվում՝ Պրահայի ֆիլհարմոնիայում ու Դրեզդենի Semper թատրոնում»,- տեղեկացրեց Լեւոն Ջավադյանը։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Ռիչարդ Րիտտելմանը, Լեւոն Ջավադյանն ու Էրկկի Լաուրի Ալստեն:

«Առավոտ» օրաթերթ
23.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930