Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունը չի՞ ընդունում ՀՀ տարածքային ամբողջականությունը

Ապրիլ 24,2024 10:00

«Ի՞նչ եք աղմուկ բարձրացնում: Ոչ ոք Ոսկեպարը եւ Կիրանցը չի պատրաստվում հանձնել»: Սա Փաշինյանի քարոզիչների հիմնական «փաստարկն» է: Վերագրել ընդդիմախոսիդ այն, ինչ նա չի ասում, իսկ այնուհետեւ դա հերոսաբար հերքել՝ հռետորական հնարք է, որը կիրառվում է առնվազն 2,5 հազարամյակ:

Իհարկե, մարդիկ տարբեր ձեւերով, հուզականության տարբեր աստիճաններով են արտահայտում իրենց մտահոգությունները: Ես փորձեմ իմ ոճով ձեւակերպել այն, ինչ ի՛նձ է մտահոգում:

1/ Տեղի բնակիչների եւ այլ քաղաքացիների բողոքի ցույցերը բռնություններով, ուժային, երբեմն՝ խուլիգանական ձեւերով ճնշելն անձամբ Փաշինյանի քմահաճույքների ուղիղ արտացոլումն է:

2/ Ճիշտ նույն խուլիգանական (ՔՊ-ական) ոճի արտահայտություն են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը:

3/ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը տեխնիկական խնդիր չէ, այն չի կարող իրականացվել փոխվարչապետերի մակարդակով: Դա քաղաքական գործընթաց է, որին (հատկապես խորհրդարանական երկրում) պետք է մասնակցի Ազգային Ժողովը:

4/ Սահմանազատումը պետք է լինի «փաթեթային», ոչ թե հատվածական: Կողմերը պետք է միաժամանակ քննարկեն այս ոլորտում իրար նկատմամբ բոլոր դժգոհությունները եւ այդ բոլոր դեպքերի համար գտնեն ընդհանրական լուծումներ:

5/ Ոսկեպարն ու Կիրանցն այս պահին իսկապես չեն հանձնվում, հանձնվում են այդ գյուղերի շրջակայքում գտնվող դիրքերը: Այնտեղ կհայտնվեն ոչ թե ադրբեջանցի գյուղացիները (ինչպես բրիտական լրատվամիջոցներին պատմում էր մեր «հումանիստ« վարչապետը), այլ Ադրբեջանի զինված ուժերը, որոնք մահացու վտանգ են ներկայացնում այդ եւ այլ գյուղերի բնակիչների համար: Այնպիսի վտանգ, որ ամիսների ընթացքում անհնարին կդարձնի այդ մարդկանց՝ իրենց հողում ապրելը: Այնպես չէ, որ Փաշինյանը դա չգիտի:

6/ Դատելով ՀՀ կառավարության կողմից հրապարակած քարտեզից, թշնամուն են հանձնվելու նաեւ այն տարածքները, որոնք աներկբայորեն Հայկական ԽՍՀՄ-ին էին պատկանում, եւ այդ քայլը հակասում է մեր իշխանություն կողմից այդքան սիրված Ալմա-Աթայի հռչակագրին, ինչպես նաեւ այդքան հաճախ վկայակոչվող 29,8 (կամ՝ հիմա արդեն հնչող՝ 29,743) հազար քառակուսի կիլոմետրին: Այդ քառակուսի կիլոմետրերից, ի դեպ, Ադրբեջանն այլ տեղերում նույնպես զավթել է ահագին տարածքներ, որոնք չի պատրաստվում վերադարձնել:

7/ Այդպիսով, ՀՀ կառավարությունն իր գործունեությամբ խախտում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչը հիմքեր է տալիս ԱԺ-ում բարձրացնել այդ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ինչպես որ առաջարկում է «Հայաքվե» նախաձեռնությունը:

8/ Խորհրդարանական ընդդիմության գործողությունները եւ հայտարարությունները պետք է լինեն քաղաքական, ոչ թե «գեղարվեստական-հուզական»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցին, որը մնալու է Հայաստանի տարածքում, բայց հայ-ադրբեջանական սահմանագծին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրաչ says:

    Այո, ընդիմության ելույթները հաճախ հիշեցնում են 70-80 – ականների ուսանողական երեկոների հումորային ելույթները կամ հարցերը՝ ձեր սիրած գույնը, սիրած դերասանը և այլն, էս մակարդակի։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930