Լրահոս
Օրվա լրահոսը

Ծակծկոցն ու թմրածությունը մարմնի տարբեր հատվածներում․ ինչո՞վ են առանձնանում այդ ախտանշանները ցրված սկլերոզի դեպքում

Ապրիլ 24,2024 09:30

Ցրված սկլերոզն աուտոիմունային քրոնիկ հիվանդություն է, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը։ Այս հիվանդության դեպքում իմունային համակարգը սխալմամբ գրոհում է նյարդերը շրջապատող միելին լիպիդային պատյանը։

Ցրված սկլերոզը կարող է ուղեկցվել տարատեսակ ախտանշաններով, որոնցից են մարմնի տարբեր հատվածների ծակծկոցն ու թմրածությունը։ Սակայն եթե մարդն ունի այդ զգացողությունները, դեռ չի նշանակում, որ իր մոտ ցրված սկլերոզ է զարգացել։ Դրանք կարող են առաջանալ նաև այն պատճառներով։ Նյարդային վիրաբույժ դոկտոր Սենգու Հանը Սթենֆորդի համալսարանից մեկնաբանում է, թե ինչու է առաջանում ծակծկոց ու թմրածություն ցրված սկլերոզի դեպքում, ինչով են առանձնանում այդ զգացողությունները հիշյալ հիվանդության պարագայում, ինչպես նաև ներկայացնում է առողջական այլ խնդիրները, որոնց դեպքում ևս դրսևորվում են այդ ախտանշանները։

Ինչո՞ւ է ցրված սկլերոզ ունեցող մարդկանց մարմնում ծակծկոց առաջանում

Ինչպես նշվեց, սկլերոզի դեպքում իմունային համակարգի բջիջները գրոհում են միելին կոչվող նյութը, որը մեկուսացնում է կենտրոնական նյարդային համակարգի, այդ թվում՝ գլխուղեղի ու ողնուղեղի նյարդերը։

Իմունային համակարգի այդ գրոհների հետևանքով միելինը վնասվում է, կարող են վնասվել նաև դրա տակ գտնվող նյարդերը։ Դա կարող է հանգեցնել նյարդային ազդակների փոխանցման դանդաղեցման կամ խաթարման։

Նյարդային ազդակների փոխանցման միջոցով գլխուղեղը հաղորդակցվում է մարմնի այլ հատվածների հետ, և երբ նյարդային այդ ուղիները վնասվում են, գլխուղեղը պատշաճ ձևով չի ստանում զգայական տեղեկատվություն։ Եվ այդ դեպքում առաջանում են զգայական տարատեսակ ախտանշաններ։ Կան տվյալներ, որ ցրված սկլերոզ ունեցող մարդկանց մոտ 80 տոկոսն ունենում են այդպիսի ախտանշաններ, այդ թվում՝ թմրածություն ու ծակծկոց։ Բժշկական գրականությունում նմանատիպ զգացողություններն անվանում են պարեսթեզիաներ (տարազգայություններ)։

Հաճախ հենց ծակծկոցն ու թմրածությունն են համարվում ցրված սկլերոզի նախանշանները, թեև հիվանդության ցանկացած փուլում այդ զգացողությունները կարող են առաջանալ։

Ի՞նչ առանձնահատուկ դրսևորումներ ունեն այս ախտանշանները ցրված սկլերոզի դեպքում

Թմրածությունը զգայունակության բթացումը կամ կորուստն է, որի դեպքում մարդը կարող է չզգալ թեթևակի հպումները, ցավը կամ ջերմաստիճանի փոփոխությունները։ Թմրածությունը կարող է խնդիրներ առաջացնել առօրյա կենսագործունեությունում․ պարզ է, որ թմրած մատներով դժվար է ինչ-որ իր բռնելը կամ գրելը։ Ցրված սկլերոզի դեպքում հաճախ թմրածությունն ուղեկցվում է ծակծկոցի զգացումով․ դա նման է այն վիճակին, երբ ինչ-որ մի դիրքում երկար մնալուց հետո մարդու ձեռքը կամ ոտքն ընդարմանում է, ապա վերադառնում է զգայունությունը։

Ծակծկոցը կարող է զգացվել հետևյալ կերպ՝

  • ասեղի ծակոցներ,
  • խայթոցի զացողություն,
  • այրոց,
  • քոր,
  • մրջյունների սողալու զգացում։

Տարբեր մարդկանց մոտ այդ զգացողությունների արտահայտվածությունը կարող է տարբեր լինել։ Որոշ մարդիկ ունենում են սոսկ թեթև թմրածություն կամ ծակծկոց, որոշ պացիենտների էլ այդ ախտանշանները լրջորեն խանգարում են առօրյա կյանքում։

Ցրված սկլերոզի դեպքում թմրածությունն ու ծակծկոցը կարող են առաջանալ արմունկների, ոտքերի, դեմքի, իրանի շրջանում՝ երբեմն ազդելով մարմնի միայն մեկ հատվածի, երբեմն էլ՝ երկու կողմի վրա։

Որոշ դեպքերում այդ զգացողությունները կարող են կենտրոնանալ մարմնի կոնկրետ հատվածում։

Երբ թմրածությունն առաջանում է իրանի կամ վերջույթի շուրջը, այն նաև զգացվում է որպես ճնշում։

Ինչպես նշվեց, ծակծկոցն ու թմրածությունը կարող են լինել ցրված սկլերոզի առաջին նշաններից, սակայն դրանք կարող են առաջանալ նաև ցրված սկլերոզի ռեցիդիվի դեպքում։

Որո՞նք են ցրված սկլերոզի այլ տարածված ախտանշանները

Ծակծկոցն ու թմրածությունը ցրված սկլերոզի միակ նախանշանները չեն, հիվանդությունը դրսևորվում է նաև հետևյալ ախտանշաններով՝

  • թուլություն ու հոգնածություն,
  • գլխապտույտ, հավասարակշռության կորուստ,
  • մկանային կոշտություն, որն առաջանում է մկանային ջղակծկումների ժամանակ,
  • ցավեր վերջույթների, իրանի ու դեմքի շրջանում,
  • տեսողական խնդիրներ, մշուշոտ տեսողություն, երկտեսություն,
  • միզապահության, աղիների հետ կապված խնդիրներ
  • մտածողության, հիշողության հետ կապված խնդիրներ և այլն։

Թմրածություն ու ծակծկոց կարող են առաջացնել այլ խնդիրները ևս

Թմրածությունն ու ծակծկոցը կարող են առաջանալ նաև այլ պատճառներով, որոնք կարող են անվտանգ լինել, ինչպես մի դիրքում երկար մնալուց հետո մարմնի այս կամ այն հատվածի թմրելը, այնպես էլ հուշել լուրջ խնդիրների մասին։

Անդրադառնանք առողջական այն վիճակներին, որոնք ևս կարող են մարմնի տարբեր մասերում թմրածություն ու ծակծկոց առաջացնել։ Դրանք են՝

  • դիաբետ,
  • հիպոթիրեոզ,
  • միգրեն,
  • նոպաներ,
  • կաթված կամ տրանզիտոր իշեմիկ գրոհ,
  • աուտոիմունային հիվանդություններ, ինչպիսին ռևմատոիդ արթրիտն է կամ գայլախտը,
  • Ռեյնոյի համախտանիշը,
  • նյարդային համակարգն ախտահարող վնասվածքները,
  • գլխուղեղն ու ողնուղեղն ախտահարող ուռուցքները,
  • տագնապային խանգարումները,
  • ալկոհոլի չարաշահումը,
  • թունավոր նյութերի (ծանր մետաղներ, ածխաթթու գազ) ազդեցությունը։

Ծակծկոցի պատճառ կարող են դառնալ նաև վարակները, ինչպիսիք են՝ 

  • գոտևորող որքինը,
  • Լայմի հիվանդությունը
  • ՄԻԱՎ-ը,
  • սիֆիլիսը։

Նյարդը կարող է սեղմվել նաև հետևյալ վիճակների պատճառով՝

Ծակծկոց կարող է առաջացնել նաև հետևյալ վիտամինների անբավարարությունը՝

Որոշ դեղամիջոցներ ու բուժման մեթոդներ ևս առաջացնում են զգայական կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝

  • հակառետրովիրուսային դեղամիջոցները,
  • հակացնցումային դեղերը,
  • հակաբիոտիկները,
  • քիմիաթերապիան ու ճառագայթային թերապիան։

Մեր կողմից ավելացնենք, որ ծակծկոցի զգացողություն և այլ պարեսթեզիաներ է առաջացնում այլ վիճակները ևս, որոնք նկարագրված չեն հոդվածում, օրինակ՝ անհանգիստ ոտքերի համախտանիշը։

Ե՞րբ դիմել բժշկին

Խորհուրդ է տրվում դիմել բժշկական օգնության, եթե ծակծկոցն առաջացել է տրավմայից հետո, առաջանում է առանց ակնհայտ պատճառի ու մշտական բնույթ է կրում կամ շարունակում է կրկնվել։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։ 

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930