Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրեցի, որ հիշեմ…

Ապրիլ 24,2024 13:30

Մի քանի տարի առաջ «Առավոտ» օրաթերթում տպագրվեց «Արծկեի փրկված հայ բեկորները» հոդվածս, որում պատմել էի 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականի Արծկե քաղաքի եզակի վերապրողների՝ Խլոյան գերդաստանի մասին, որ մեծ տատիս՝ Ռեհան Մկրտիչի Խլոյանի (1905-1963թթ.) ընտանիքն է: Քաղաքի 200 տուն հայ ընտանիքից փրկվել են երկուսը, այն էլ մասամբ: Անցնելով գաղթի ճանապարհը՝ ընտանիքս հանգրվանում է Դիլիջանում: Ռեհանի ավագ եղբայրը՝ Ալեքսանը (1898-1954թթ.) 1940-ական թթ. թղթին է հանձնում իր պատանության տարիների մղձավանջային օրերը: Այդ ձեռագիրը տարիներ առաջ գտա Դիլիջանում, հարազատներիս մոտ: Ստորեւ մի հատված է արծկեցի Ալեքսան Խլոյանի հիշողություններից:

…Նորից ճանապարհը թեքեցինք դեպի հյուսիս: Որոշ ժամանակ գնալուց հետո մենք հասանք Ջամալդին ձորը, որի անունով էլ կոչվում էր համանուն Ջամալդին գյուղը: Այդ ձորն իրենից ներկայացնում էր մի հրաշակերտ քանդակագործության պատվար: Ձորի միջով հոսում էր մի գետ, որի երկու ափերը շարված էին իրար վրա դրված երկուսից մինչեւ երեք մետրանոց քարերով: Դրանց երեսները մաքուր հղկված էին, որոնց վրա կային շատ նուրբ եւ գեղեցիկ ճաշակով գրված հայկական արձանագրություններ: Չեմ հիշում ի՞նչ էին պատմում այդ արձանագրությունները, ո՞ր իշխանի կամ նախարարի, թագավորի մասին, գուցե եւ մի հերոսի կամ սրբազանի մասին, այդ ես չգիտեմ: Երեւի մի քաղաքի հինավուրց ավերակներ կային այդ շրջապատում, դա նրա ամրության կամ պարիսպների շարունակությունն էր: Ես հնագետ չէի եւ ոչ էլ ուսումնասիրության էի գնացել, այլ այդ հինավուրց, հոյակերտ քանդակներին կից ժայռերի խոռոչներում, իմ կյանքը թաքցնելու եւ պաշտպանելու չար թշնամու գնդակից:

Եվ այդպես վեր բարձրացանք եւ գտանք մի քարայր, որն ուներ կլոր թոնրացու, մի դուռ, որից ներս մտնելով տեսանք, որ այն ուներ ոչ շատ ընդարձակ հատակ, բայց մարդը լրիվ հասակով մեկ կանգնել չէր կարող. կամ պիտի նստած դիրքով մնար, կամ` պառկեր:

Մեր ունեցած վերջին հագուստներից մեկական կտոր հանելով՝ մի խուրձ կապեցինք, եւ քարայրի դուռը փակեցինք, որպեսզի պաշտպանվենք դրսից խուժող սառն ու ցուրտ քամուց, եւ որ մեր մարմնի տաքությունը, շունչը ներսում մնա եւ տաքանանք մեր իսկ շնչով: Մեր գրպաններում կար մեկական լավաշ հաց, որ վերցրել էինք Ումրոյի տանից:

Այդ գիշեր անցկացրինք քարայրում: Ես տաքություն ունեի: Հիվանդացա, քանի որ, երբ քրդերը մեզ թալանեցին, եւ պարոն Կարապետի հագուստները թալանված էին, համարյա կիսամերկ էր, ես իմ ունեցած հագուստների մի մասը տվեցի դասատուիս ու մրսեցի: Պառկած էի քարայրի խորդուբորդ հատակին, սուր-սուր քարերը ծակում էին մեջքս ու կողքերս, վերմակ չկար վրաս, ներքնակ չկար տակիս: Այդ դրությամբ զառանցում էի եւ տաքության մեջ մորս կանչում, զանազան ճաշերի անուններ տալիս ու պահանջում… Ու աչքս բաց անելով` տեսա, որ վերեւս կախված էին քարայրի առաստաղի սուր-սուր քարերը: Միայն հայրս էր, որ գլխիս վերը նստած լաց էր լինում: Սա բառերի շարադրում չէ… Փախուստի մեջ, սոված ու մերկ, քարայրում հիվանդանալը սարսափելի էր: Կարող է ինձ թողնեին իմ բախտին հանձնված եւ հեռանային:

Այդ գիշեր սաստիկ ձյուն եկավ: Իմ բախտից խումբը չկարողացավ ոչ մի տեղ գնալ: Երկու օր մնացինք քարայրում, երրորդ օրը ձյունը հալվեց՝ հեղեղներ առաջացնելով: Ձորի գետը հորդացավ, այնպիսի սրընթաց հոսանքով էր սլանում դեպի ներքեւ, դեպի ծովը, որ իր հոսանքի հետ քշում-տանում էր մեծ-մեծ քարեր: Գոմեշ չէր կարող անցնել հոսանքով: Ես մի քիչ լավացա այդ երեք օրվա ընթացքում:

Խումբը նստեց խորհրդակցելու՝ ի՞նչ անել եւ ո՞ւր գնալ. Ախլաթի գավառում այլեւս պաշտպանվել չէինք կարող: Նորից վերադառնանք Արծկե-Ալջավազ եւ գուցե մի ճար գտնենք: Եթե սարերը ձյունից ազատ լինեին, մենք կարող էինք սարերով գնալ հասնել ռուսական բանակին, բայց դժբախտաբար ամեն կողմը ձյուն էր, եւ մեր ոտքերը, ձեռքերը ցուրտը կտաներ, մանավանդ` հագուստ չունեինք: Վերջապես եկանք այն եզրակացության, որ նորից պետք է վերադառնանք դեպի մեր ավերակ տները:

Իրիկուն էր, արեւը սկսել էր վերջին ճառագայթները ծածկել, եւ ցուրտ, ոսկոր ծակող սառնամանիքը պաշարեց առանց այն էլ մեր սառած մարմինները: Ջամալդին գետը, գոռում-գոչյունով, ահռելի ձայներ հանելով վիշապի նման, փրփրալով ու գալարվելով, սրընթաց հոսում էր: Խումբը մոտեցավ գետափին: Բոլորս հանեցինք մեր հագուստները եւ, իրարու ձեռքից բռնելով, մի շղթա կազմեցինք: Մեզ պատվիրեցին, որ պինդ բռնենք, որ շղթան չկտրվի: Աստված կանչելով՝ գետը մտանք: Իմ մի ձեռքը բռնել էր հայրս՝ Մկրտիչը, իսկ մյուսը՝ իմ դասընկեր Սերոբը: Ես գտնվում էի խմբի համարյա կենտրոնում, երբ գետ մտանք, ջուրը իմ ոտքերի տակից տանում էր քար ու ավազ, խռիչ, քարերը խփում էին ոտքերիս` սաստիկ ցավ պատճառելով: Աշխատում էի ցավ չզգալ եւ անընդհատ ինձ ջրից վեր պահել: Շարունակ գոռում էին.

– Պի՛նդ բռնե՜ք…

Երբ գետի կենտրոն հասանք, իմ մեկ ձեռքը հորս ձեռքից պոկվեց եւ ինձ թաղեց մի ոլորապտույտի մեջ, բայց Սերոբն իր երկաթե բազուկով այնպես ամուր բռնեց իմ ձեռքից, որ նորից ինձ դուրս քաշեց ոլորապտույտից, եւ շղթան նորից միացավ: Մենք գետի ուժեղ հոսանքից անցանք դեպի ծանծաղուտ եւ անվնաս դուրս եկանք մյուս ափը: Խմբի մեջ կազմվածքով ամենաթույլը ես էի՝ բարակ ու նիհար մի տղա: Եթե Սերոբը ձեռքս բաց թողներ, ես ոլորապտույտում երկու անգամ վար ու վեր կանեի, հոսանքի հետ կգնայի դեպի ծով, մի ծառի բախվելով, իսկ ավազները կդառնային իմ գերեզմանոցը: Երբ բոլորս գետից դուրս եկանք եւ մեր աղքատիկ հագուստները հագանք՝ բարձրացանք հանդիպակաց փոքրիկ սարի գագաթը: Հագուստները կպան մեր թրջված մարմիններին, տախտակի պես կարծրացան ու քայլելիս խանգարում էին:

Ես հիվանդ էի, չէի կարողանում խմբի հետ հավասար քայլել: Բոլորը, լեռան գագաթին գամվելով, մի կլոր շրջան կազմեցին եւ զանազան կարծիքներ հայտնեցին: Որոշեցին հետ գնալ Ալջավազ: Մկրտիչ հայրս ասաց.

– Բարեկամնե՛ր, տեսնում եք, իմ տղա Ալեքսանը հիվանդ է, չի կարող ճամփա գնալ: Այստեղ մի քրդի գյուղ կա՝ Կուշխանան, ես նրա հետ կերթամ այնտեղ: Մի ծանոթ ունեմ, կգնամ նրանց տուն, իսկ դուք, որ կերթաք Ալջավազ, խիստ զգույշ եղեք, ձեր տեղը չիմանան: Եթե մի 15 օր պաշտպանվեք, ձները կհալվեն ու կփախչենք դեպի ռուսաց բանակը:

Վերջացնելով` բոլորը ոտքի կանգնեցին եւ իրար հետ համբուրվեցին` այս խոսքերն ասելով. «Աստված գիտի՝ էլ իրար կտեսնե՞նք, թե՝ չէ…»: Ինձ առողջություն ցանկացան եւ իրար բարի ճանապարհ ասացինք, կարծես թե նախագուշակելով, որ դա մեր կյանքի վերջին տեսությունն էր:

Շատ դժվար էին բաժանման այդ րոպեները: Եվ իսկապես, դա մեր վերջին բաժանումն էր: Մենք այլեւս իրար չտեսանք: Սիրելի՛ ընթերցող, նրանք գնացին 30 հոգով ու սպանվեցին…

Սերոբը նորից հանդիպեց ինձ: Հայրս համբուրեց Սերոբի երեսները, իսկ ես համբուրեցի խմբի հասակավորների ձեռքերը, իսկ Սերոբը՝ հորս ձեռքերը: Դա մի օրենք էր` փոքրերի կողմից հարգանք դեպի ծերերը եւ հասակավորները:

Մի քանի րոպեից նրանց պատկերներն անհետացան մթության մեջ: 30 հոգի ուղեւորվեցին Ալջավազ, իսկ մենք Կուշխանա` Վերդակե Աջամի տուն: Այդպես էր հորս ծանոթի անունը: Նրան ես շատ էի տեսել մեր այգուց պտուղներ տանելիս եզների ու ձիան բեռներով, բայց նրանց գյուղ եւ տուն բնավ չէի գնացել: Հայրս ինձ քաջալերում էր, որ գյուղը շատ հեռու չէ: Մենք գնում էինք կիսահալ ու սառած սարերով: Իմ ոտքերը թաղվում էին մինչեւ սրունքներս սառած լճակների մեջ, մրմռում էին եւ վերջում թմրեցին ու դարձան անզգա: Թե ինչպես ցուրտը ոտքերս տարավ՝ չիմացա: Մոտ 20 կիլոմետր գիշերային ճամփա գնալուց հետո հասանք Կուշխանա: Հարց ու բարեւ անելուց հետո, հայրս ասաց.

– Աջա՛մ աղա, մենք մեզ գցում ենք քո թոռը: Կուզե՛ս` սպանի, կուզես` պաշտպանի:

Աջամ աղան հավաստիացրեց հորս, որ եթե մենք դիմել ենք իր վախին, ուրեմն նա մեզ կպաշտպանի իր արյան գնով: Հայրս գոհունակություն հայտնեց նրա ազնվության ու մարդասիրության համար: Մսով տաք ճաշ տվին մեզ: Այդ օրը կուշտ ու տաք ճաշ կերանք, եւ ոչխարի տաք գոմում՝ եղած տաք օդայում, մեզ քնելու տեղ տվին բրդե թաղիքների վրա: Երբ ոտքերս տաքացան, նոր զգացվեց ցրտահարությունը: Ոտքերս սկսեցին սաստիկ կսկծալ, ամբողջ գիշեր ծնկներիս վրա պտտվեցի` չթողնելով, որ խեղճ հայրս քնի: Առավոտյան Աջամի կինը՝ Ջավահիր խանումը, սկսեց մայրաբար բժշկել ոտքերս: Գոմեշի թրիքից ձեթով ինչ-որ սպեղանի պատրաստեց եւ ոտքերիս կապեց: Այսպիսով` մի 5-6 օրից հետո ոտքերս լավացան: Աջամ աղան այդ գյուղի ամենահարուստ եւ ազդեցիկ մարդն էր, մոտ 60 տարեկան, ուներ մոտ 400-ից ավելի ոչխար, կով, գոմեշ եւ անվանի արաբական նժույգներ: Ամեն ինչով հարուստ տնտեսատեր էր:

Աջամ աղան մի օր գործով Ալջավազ գնաց, քանի որ նրանց գյուղը մտնում էր Ալջավազի գավառի մեջ: Վերադարձավ եւ մեզ բերեց շատ վշտալի եւ տխուր լուրեր, այն է, մեր փախստական խմբի անդամները գնում են Ալջավազ, Բերդի թաղում թաքնվում մի մարագում: Հարեւան թուրքի աղջիկն, իմանալով այդ գաղտնիքը, հայտնում է ոստիկանությանը: Իսկույն շրջապատում են մարագը եւ սկսում խուզարկել բոլորին, դուրս են բերում խոտի միջից, բացի Սերոբից եւ իր հորեղբոր տղա Իսրոյից, որոնք նույն մարագում մի ուրիշ անկյունում թաքնված են լինում: Նորից խուզարկում են եւ դուրս բերում նաեւ նրանց: Բոլորին կապում են իրար երկաթե լարերով, նաեւ հարցնում են մեզ՝ հորս ու ինձ: Դիմելով Իսրոյին եւ Սերոբին` ասում են. «Եթե տեղն ասեք, ձեզ չենք սպանի»: Իսրոն, հավատալով այդ խաբեությանը, ցանկանում է ասել մեր թաքստոցի տեղը, սակայն Սերոբը զգուշացնում է նրան այս խոսքերով.

– Միեւնույն է, նրանց տեղն ասենք, թե ոչ՝ մեզ կսպանեն: Թո՛ղ նրանք մնան, գուցե ազատվեն եւ մի օր մեզ հիշեն…

Այս խոսքերն ինձ պատմեց Սերոբի մայր Անթառամը: Սերոբն այդ շղթայի շարքից մի շատ տխուր եւ սրտառուչ երգ է երգում, որ անգամ ոստիկաններից մի քանիսի աչքերին արտասուք է երեւում: Ներկա են լինում շղթայվածների բոլոր հարազատները` մայրեր, քույրեր, հարսներ… Չնայած այս բոլորի լացին, աղաղակին, գոռում-գոչյունին՝ սառնասրտությամբ կրակում են բոլորի վրա, եւ կարգադրում կանանց ու անչափահաս աղջիկներին՝ քարշ տալ այդ դիակները եւ թաղել, որպեսզի գարշահոտը տեղանքը չապականի:

Եթե Սերոբը մեր տեղը ասած լիներ, մեկ ձիավոր ոստիկան կուղարկեին եւ մեզ այնտեղ կսպանեին: Ես, որ հիմա ապրում եմ, դա իմ ազնիվ ընկեր Սերոբ Նալբանդյանի շնորհիվ է: Ինքը մեռավ, բայց իր ընկերոջը կյանք տվեց, որ նա ապրի… Ապրեցի, որ հիշեմ…

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Արծկեցի վերապրող

Ռեհան Խլոյան-Սաղաթելյանի ծոռնուհի

Լուսանկարում՝ Ալեքսան Խլոյանը՝ քրոջ՝ Ռեհանի հետ, Էջմիածին 1918թ.

«Առավոտ» օրաթերթ
23.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930