Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության հաստատման պատրանքի ներքո գրեթե ամեն օր հայրենիքի մի հատված է նվիրաբերվում ոսոխին, այս ճանապարհը դեպի մահ է տանում. պատմաբան

Ապրիլ 23,2024 22:44

«Հավաքվել  ենք, որ երթով եւս մեկ անգամ մեր ուխտը վերանորոգենք ու ու ցույց տանք համայն աշխարհին, որ ոչինչ չի մոռացվել ու չի մոռացվելու, որ պայքարը սկսվել ու չի ավարտվել, շարունակվում է ի հեճուկս մեր տարատեսակ թշնամիների, ինչպես Ավետարանում է ասված՝ երեւելի ու աներեւույթ թշնամիների»,- այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված  ամենամյա ջահերթով երթից առաջ Հանրապետության մարդաշատ հրապարակում հայտարարեց իրավագետ, պատմաբան Սարգիս Մկրտչյանը:

Ըստ նրա՝ գորշ է այսօր հայոց իրականությունը , տխուր է, որովհետեւ 2024 թվականի ապրիլի 23-ին հավաքվել ենք ոգեկոչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը այն պայմաններում , երբ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում հայ ազգը եւս մեկ անգամ ցեղասպանության ենթարկվեց. «Հայության մեկ հատվածը իր հազարավոր տարիների հայրենիքից տեղահանվեց, այսօր անհայաբնակ է հայոց Արցախը, այսօր Արցախի մեր սրբազան հողերի վրա վխտում են կովկասցի թաթարները, ում համար 1918 թվականին արհեստականորեն  ստեղծեցին պետություն, այն կովկասցիները, որոնք մինչեւ հիմա ինքնության փնտրտուքի մեջ են: Հայրենազրկվեցին  արցախցիները, այսպես ասած, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն հորջորջող ուժերի աչքի առաջ»:

Պատմաբանի խոսքով, մենք վաղուց, երբ հասկացանք մարդկային արդարության էությունը, պիտի հասկանայինք, որ մեզ ոչ մի օգուտ չկա ո՛չ Հյուսիսից, ո՛չ Հարավից, ոչ Արեւմուտքից, ո՛չ Արեւելքից. «Հայի հույսը, հայի թիկունքը միայն հայն է: Պիտի հասկանայինք, որ թշնամին  տարբերություն չի դնում հայի ու հայի միջեւ, օտարի համար մենք խաղաքարտ ենք, մանրադրամ: Պիտի հզորացնեինք  մեր պետությունը, պիտի համախմբեինք սփյուռքը մեր զարգացող պետության շուրջ:

Ցավոք, բավարար  չաշխատեցինք, սխալներ ու բացթողումներ թույլ տվեցինք, թերագնահատեցինք մեր երկրի ու պետության գլխին կախված վտանգը, միամտորեն հավատացինք ու դեռ շարունակում ենք հավատալ օտարներին, դրանից օգտվեցին հայոց երեւելի ու աներեւույթ թշնամիները, որոնք իշխանության բերեցին մի խմբակի, որը պատուհաս է դարձել մեր պետության ու մեր ազգի գլխին: Խաղաղության հաստատման պատրանքի  ներքո գրեթե ամեն օր հայրենիքի մի  հատված է  նվիրաբերվում ոսոխին, այս ճանապարհը դեպի մահ է տանում, սա ինքնասպանություն է, այսպես չի կարող շարունակվել»:

Ըստ պատմաբանի՝ ստեղծված իրավիճակի միակ լուծումը արժանապատիվ խաղաղության հաստատումն է: Նրա խոսքով, դա է մեզ հուշում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերը, արցախյան ազատամարտում ընկածները:

Պարոն Մկրտչյանի խոսքով, Հայաստանը շատ բարդ իրավիճակում է, այս իրավիճակից դուրս գալու համար պետք է հասկանանք, որ թշնամու ցանկությունն է, որ հիասթափվենք, կոտրվենք, բայց մենք պետք է պատրաստվենք երկարատեւ պայքարի հանուն ազատագրական պայքարում ընկածների, Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի. «Շարունակելու ենք պայքարը մեր արդար իրավունքների ձեռք բերման համար, հզոր ու զարգացած պետություն ունենալու համար, արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930