Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ այսօր կայացավ Սուրիկ Խաչատրյանի եւ մնացած պատասխանողների գործով հերթական դատական նիստը։ Հայցվորը պահանջում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք եւ դրամական միջոցներ։
Պաշտպանական կողմը դատավարության այս փուլում ներկայացրեց իր առարկությունները հայցի հիմքի եւ առարկայի վերաբերյալ։ Մասնավորապես, իրավասու մարմնի վերլուծությունների, կիրառված մեթոդաբանության’ հաշվարկներ, ծախսեր, որոնք վերագրվում են Սուրիկ Խաչատրյանին, դրանք Սուրիկ Խաչատրյանի կողմից կատարված լինելու վերաբերյալ ապացույցների բացակայություն եւ այլն։
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա մայիսի 13-ին, ժամը 14:00-ին։
Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարգարիտա Ղազարյանը Aravot.am-ին ասաց. «Դատարանը չթույլատրեց ամբողջությամբ ներկայացնել գրավոր առարկությունները։ Մոտավորապես, այսպես ասած, 30 էջ առարկություն, որ շատ կարևոր էին եւ վերաբերում էին կոնկրետ յուրաքանչյուր գույքի վերաբերյալ ներկայացված պահանջներին, այդ առարկությունները դատարանը թույլ չտվեց, որպեսզի հրապարակենք’ նշելով, որ դրանք արդեն իսկ գրավոր ներկայացվել են, գործում առկա են։
Կարդացեք նաև
Սակայն մեր կարծիքով առարկությունները պետք է ներկայացվեն, դատական նիստի ընթացքում պետք է հրապարակվեն։ Եվ այն, որ դրանք գրավոր կերպով ներկայացվել են գործի նյութերում, բավարար չէ, որպեսզի համարենք, որ առարկությունները ներկայացված կամ հրապարակված են պատշաճ կերպով»,-ասաց փաստաբանը։
Մարգարիտա Ղազարյանը նաեւ տեղեկացրեց, որ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ունեն, որը կներկայացնեն հաջորդ դատական նիստով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ