Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ ձեռքերը կկտրեմ եւ Տավուշից ոչինչ չեմ տա, այս պահին Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս»․ ՔՊ-ական պատգամավոր

Ապրիլ 23,2024 21:01

«Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային վերջին շրջանների քարտեզների արձանագրմամբ շատ որոշակի է դառնում, որ այն տարածքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, այդտեղով պետք է սահմանագծումն արվի այնպես, որ այդ տարածքները մնան ՀՀ տիրապետության տակ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Հարցին, որ Տավուշում մարդիկ դեմ են այս գործընթացներին, ինչպե՞ս է իշխանությունը միակողմանի իրականացնում այս գործընթացը, Խանդանյանը պատասխանեց․ «2021 թվականին Հայաստանում տեղի են ունեցել արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ, ընտրությունների միջոցով ձեւավորվել է խորհրդարան, որը ձեւավորել է կառավարություն։ Եվ այդ կառավարությունն ունի լիազորություն խաղաղության օրակարգով ջանքեր գործադրել՝ խաղաղության հասնելու համար։ Եվ անում է հենց դա։ 2026 թվականին տեղի կունենան ընտրություններ, եւ քաղաքացիները կրկին կտան իրենց գնահատականը։ Եվ, այո, իսկապես ես էլ իմ ձեռքերը կկտրեմ եւ Տավուշից ոչինչ չեմ տա, որովհետեւ այս պահին Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս։ Հիմա տեղի է ունենում սահմանազատման գործընթաց՝ երկու կողմերի միջեւ բանակցված եւ համաձայնեցված»։

Ըստ նրա՝ այս փուլում սահմանազատման հանձնաժողովները որոշել են սահմանազատումն սկսել այն հատվածներից, որտեղ եղել են բնակավայրեր․ «Դրանք վերաբերում են Ադրբեջանի 4 գյուղերին, բայց հետագայում ամբողջ սահմանի երկայնքով պետք է իրականացվեն, ձեր նշած հարցերը եւս բարձրացվեն եւ լուծվեն»։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների, Խանդանյանը պատասխանեց․ «Ես համաձայն չեմ այդ մեկնաբանության հետ։ Նախ պարտավորվում է, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եւ խորհրդային վերջին քարտեզներով, նաեւ զուգահեռ զինված ուժերը հետ են քաշվելու, տեղակայվելու են սահմանապահ ուժեր»։

Սարգիս Խանդանյանն ասաց, որ հաջորդ փուլում «անկլավների եւ էքսկլավների» սահմանների սահմանազատումն է իրականացվելու։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930