Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Երկիրը փրկելու շանս կա՝ սրանց հեռացնելով. Իշխան Սաղաթելյան

Ապրիլ 23,2024 20:55

Նիկոլ Փաշինյանն իր քայլերով, իր գործողություններով  շարունակում է հանձնել Հայաստանի տարածքները և ոչ թե գնում է խաղաղության, այլ նոր ականներ է դնում մեր պետականության տակ։ Այս մասին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա ջահերթով երթից  առաջ  լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման գործընթացի եւ  տարածքային զիջումներին։

Սաղաթելյանի խոսքով.  «Հայաստանի ինքնիշխան իրավասության ներքո գտնվող տարածքների հանձնումը թշնամուն պետական հանցագործություն ու դավաճանություն է: Առանց հանրաքվեի եւ  ժողովրդի կամքի արտահայտման, նոր տարածքներ թշնամուն հանձնելը պետական դավաճանություն է»:

Ըստ Սաղաթելյանի՝ այս իշխանությունների սկսած գործընթացին հակազդեցություն կա, բայց դեռ չեն կարողացել ստանալ հակազդեցության բավարար մակարդակը, որ կարողանան կանխել այս շղթան. «Հույս ունենք՝ այն, ինչը տեղի է ունենում Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համաժողովրդական։ Այս ամենը կանխելու տարբերակը մեկն է՝ համահայաստանյան և համահայկական դիմադրություն լինի միակողմանի զիջումներին և վերածվի դավաճան ու հակահայ իշխանություններից ազատվելու վերջնական գործընթացի…Երկու տարի  առաջ այս նույն օրը հենց այս հարթակից  բոլոր վտանգների մասին ասել ենք, դուրս ենք եկել պայքարի, ցավոք, այո, չենք կարողացել դարձնել համաժողովրդական, բայց դեռ ուշ չէ՝ Նիկոլի հանձնումների շղթան պետք է հասկանանք, սրանով չի սկսվել և սրանով չի ավարտվելու։ Երկիրը փրկելու շանս կա՝ սրանց հեռացնելով»։

Դիտարկմանը, թե Փաշինյանը վճռել է, որ չի հանձնվելու, պարոն Սաղաթելյանն այսպես արձագանքեց. «Որ ասում է՝ չի հանձնվելու, հանձնվել է  վաղուց, բայց  հանձնվել է Թուրքիային եւ Ադրբեջանին»:

Ըստ Սաղաթելյանի՝ եկել է գործելու ժամանակը ու ով, ինչ կարող է, պետք է անի ի նպաստ պայքարի.  «Մենք մեր ուժերով ու հնարավորություններով կանգնելու ենք այդ պայքարի կողքին: Այս փուլում գործընթացը պետք է տեղի ունենա ապակենտրոն՝ ով ուզում է իրավիճակը փոխի, պետք է իր քայլն անի, տասը մա՞րդու կարող է  հանել փողոց, թող հանի, մենք հազա՞րը կկարողանանք՝ հազարը կհանենք։ Մեկը մյուսին անուն դնելու, ավելորդ խոսակցությունների ժամանակ չկա, գործ անելու ժամանակն է: Ուշ չի, սրանով դեռ գործընթացը չի ավարտվում»:

Նրա համոզմամբ՝ տարածքային ներկա զիջումներից հետո գալու է «անկլավների» հերթը. «Ուշադրություն դարձրեք Էրդողանի այսօրվա հայտարարությանը: Համեմատեք Էրդողանի տեքստերը Փաշինյանի, Անդրանիկ Քոչարյանի տեքստերի հետ: Էրդողանն այսօր  ասաց՝ Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկեն պատմաբանները։ Դրանից առաջ ո՞վ էր ասել՝ Անդրանիկ Քոչարյանը, դրանից առաջ ո՞վ էր ասել՝ Նիկոլ Փաշինյանը: Համեմատեք եւ  կտեսնեք, որ դրանք նույն տեղում են գրվում։ Էլ ի՞նչ է պետք հասկանալու համար, որ սրանք Թուրքիայի խամաճիկ, դավաճան կառավարություն են:  Վերջին 100 տարվա մեջ մեր ժողովուրդը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ենթարկվել է ցեղասպանության և էթնիկ զտման։ Այս ամենը ուրանալու համար պետք է լինել անհայրենիք, անսուրբ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930