Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«7 ամիս առաջ Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել 120 հազար արցախցու, ասում է՝ պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջան է»․ Լեւոն Քոչարյան

Ապրիլ 23,2024 19:15

«Բանակցություններում պետք է կարողանանք մեր շահն առաջ տանել, եւ դրա համար է հմուտ դիվանագիտությունը»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։

«Այնպիսի տպավորություն է, որ մենք կարծես մոռացել ենք, թե ում հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք մի երկրի հետ, որն ընդամենը 7 ամիս առաջ էթնիկ զտման է ենթարկել 120 հազար արցախցու։ Եվ մինչեւ այդ 9 ամիս շրջափակման մեջ է պահել Արցախը։ Մենք չենք խոսում 100 տարվա դեպքերից, ասել է՝ պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջան է։  Շատ վաղ է այս ամենից խոսելը, այս ամենն այդքան արագ չի կարող լինել։ Ադրբեջանից մենք չենք լսում մեր «խանդավառությանը» համարժեք պատասխան։ Փորձ է արվում ներկայացնել, որ սա լավ բան է Հայաստանի համար, չէ, սա լավ բան չէ, մենք զիջում ենք մեր դիրքերը։ Այստեղ ասացիք, որ դրանով մեր դիրքերը մարտավարական առումով չեն թուլացնում։ Արդյոք չեք տեսնո՞ւմ այն վտանգը, որ Ադրբեջանն այս պահին ստանալու է իր ուզածը եւ ավելի ուժեղ դիրքերից է մեզ հետ խոսելու։ Եվ երբ հերթը հասնի Սյունիքին, չի փոխելու իր դիրքորոշումը, փորձելու է ուժով միջանցքը բացել՝ օգտագործելով արդեն մեր տված ուժեղ դիրքերը Տավուշում։ Սրանք ռեալ մտավախություններ են, չէ՞»,- ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է ուժի սպառնալիքով հասնել իրենց ուզածին, սա ոչ մի կերպ ընդունելի չէ։ «Այս պրոցեսը չի կարելի այսպես հապճեպ անել, այնպիսի տպավորություն էր, որ կառքը ձիուց առաջ եք բերել։ Այս ամենը պետք է լինի վերջում, երբ ամբողջ սահմանի գծով կլինի այդ ընդհանուր փոխըմբռնումը, որ եթե մեր զինվորը հետ է գնում, իր զինվորը երբ է հետ գնալու։ Ինչո՞ւ ենք մենք այսպես հապճեպ փորձում զիջել մեր ուժեղ դիրքերը։ Այս հարցի պատասխանը ես չունեմ, եւ սա տարբեր մտքերի տեղիք կարող է տալ, խոսում են դավաճանության, անկարողության, հմտությունների պակասի մասին։ Բայց էությունը չի փոխվում՝ սա անթույլատրելի ու շատ սխալ քայլ է»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930