Տավուշցիները որոշել են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Այս պահին Այրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկաններ են հավաքված։
«Զգուշացնում եմ, չենք թողնելու այստեղ ճանապարհ փակեք, եթե բախման եք տանելու․․․»,-ոստիկանության ծառայողը դիմեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
Սրբազանը փորձեց հստակեցնել, թե ինչ հիմքերով թույլ չեն տալու ճանապարհը փակել, ոստիկանն ասաց՝ ես զգուշացնում եմ, ես ասացի, ճանապարհ, ես թույլ չեմ տալու մայրուղի փակվի։
Կարդացեք նաև
Ապա հրաման տրվեց, որ ոստիկանությունը փողոցը բացի:
Բագրատ սրբազանը հայտարարեց՝ կկանգնենք այնքան, որքան անհրաժեշտ է, մեր ասելիքը կասենք․ «Ոչ մի բախում, ոչ մի լարվածություն չլինի»։
Հիշեցնենք, որ Տավուշում տեւական ժամանակ է բողոքի ցույցեր են, քաղաքացիները փակ են պահում միջպետական ճանապարհը Կիրանցի հատվածում, բողոքի ցույցեր են պարբերաբար լինում նաեւ հանրապետության այլ տարածքներում։ Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ