Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանի նյարդերը տեղի են տվել սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հանդիպումից հետո։
Նա այդ հանդիպումից հետո Տավուշ է վերադարձել այսօր լուսադեմին։
Aravot․am-ը Կիրանցի գյուղապետարանում փորձեց Կամո Շահինյանից որոշ մանրամասներ պարզել երեկվա հանդիպումից։ Նա բավականին վրդովված էր, հրաժարվեց խոսել, մեզ դուրս արեց գյուղապետարանից ու դուռը փակել տվեց լրագրողների վրա:
«Վատ վիճակում եմ, եկել եմ երկու րոպե հանգստանամ, խնդրում եմ, դուրս եկեք»,-լրագրողներին ասաց Շահինյանը։ Նա, մեր հարցը դեռ չլսած ՝ զայրացած ասաց՝ փակիր այդ դուռը, վերցրու էդ կամերան ու գնա․«Վայ Աստված ջան, գլուխս որ քարովը տամ» ։
Կարդացեք նաև
Շահինյանն ավելի ուշ բացատրեց, որ նյարդերը տեղի են տվել ստեղծված իրավիճակից։
Մանրամասները՝ ձայնագրությունում
Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում այդ հանդիպումից որոշ մանրամասներ է հայտնել Ոսկեպարի համայնքապետը, Կամո Շահինյանն ընդամենն ասել է՝ սահմանազատումը լինելու է ըստ իրենց ծրագրած սահմանազատման՝ լիարժեք սահմանազատում է լինելու։
Ապրիլի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները համատեղ հայտարարություն տարածեցին, հետո, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին են փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը:
Այս հայտարարությունից հետո բողոքի ցույցեր սկսվեցին, բնակիչները մինչ օրս փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցով անցնող հատվածը։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ