Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է այդ իրավունքը տվել՝ միանձնյա գնալ ու կամայականորեն սյուն տնկել ինչ-որ տեղ»․ ԱԺ հանձնաժողովը մերժեց ընդդիմության նախագիծը

Ապրիլ 23,2024 18:40

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը բացասական եզրակացության արժանացավ։ ՔՊ խմբակցության անդամները դեմ քվեարկեցին նախագծին։

Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որ սահմանային հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Այսինքն՝ ամսի 19-ին հայտարարվում է, որ կոորդինատների հստակեցումը պետք է վերջանա 2024 թվականի մայիսի 15-ին, այսինքն՝ սրանից 20 օր հետ, բայց արդեն ոչ թե սահմանազատումն իրականացվեց, այլ սահմանագծումն իրականացվեց։ Ոչ թե քարտեզի վրա իրականացվեց սահմանազատումը, այլ սյունը տնկեցին։ Ո՞վ է այդ իրավունքը տվել միանձնյա գնալ ու կամայականորեն սյուն տնկել ինչ-որ տեղ»։

Արթուր Խաչատրյանը հավելեց․ «Մեր ասածն ի՞նչ է, որ այս իշխանությունները սահմանազատում գեղեցիկ անվան տակ հերթական կապիտուլյացիայի են տանում մեր ժողովրդին։ Սահմանազատման հանձնաժողովների նիստից հետո Շահին Մուստաֆաեւը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասում են՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք վերցրել։ Դե տարեք, մի հատ սյուն էլ տնկեք Ջերմուկում, բա ասում եք, մերն է։ Հայաստանի նախկին որեւէ իշխանության օրոք թուրքը Հայաստանի տարածքից 200 քկմ չի օկուպացրել, դա եղել է ձեր իշխանության օրոք։ Էլ չեմ խոսում Արցախի Հանրապետության 12 հազար քկմ-ի մասին։ Եվ հիմա ասում եք՝ մենք երկրի ինքնիշխանության մասին ենք մտածում։ Մի մտածեք, Աստծու սիրուն, եթե շատ մտածեք, կարող է էլի 200 քկմ զիջեք։ Սա կապիտուլյացիայի սահմանումն է՝ մենք չենք գնում սրման, որովհետեւ ավելի վատ կլինի։ Վերցրեք կարդացեք, թե կապիտուլյացիա ինչ է նշանակում՝ հանձնվում ենք,ո ր ավելի վատ չլինի։ Սա սահմանազատում գեղեցիկ բառի անվան տակ միակողմանի կապիտուլյացիա է»։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ իրենց մոտեցումը հետեւյալն է՝ ՀՀ տարածքից ամեն միլիմետրի փոփոխությունը պետք է կատարվի հանրաքվեի միջոցով։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930