Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են վախեցնել, որ շարժում չլինի, որ քաղաքացիական բախումների կամ արյունահեղությունների իմիտացիա հաղորդեն»․ Բագրատ Սրբազանը՝ ԵԿՄ անդամների մասնակցությամբ Նոյեմբերյանի միջադեպի մասին

Ապրիլ 23,2024 17:53

«Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ»,-այսօր Կիրանցում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն՝ անդրադառնալով այսօր Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպին՝ ԵԿՄ անդամներից մեկը մեքենան վարել է բողոքի ցույցի մասնակիցների վրա։ Բնակիչներից մեկը լուրջ վնասվածք է ստացել՝ գլխի շրջանում, մեկ այլ քաղաքացու էլ ոտքն է կոտրվել։ Այդ ամենը եղել է ոստիկանների ներկայությամբ։

Բագրատ սրբազանի խոսքով՝ ԵԿՄ անդամները՝ իրենց ղեկավարի ղեկավարությամբ, Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, որոնք զգացմունքով, հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել․ «Եվ այս մարդիկ երկրապահ կամավորական են, Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք: Գոնե այդպես է եղել: Այն տեսարանը, որին ականատես ենք եղել երեկ, երբ հայոց ոստիկանները պաշտպանում են հայոց բանակում ներգրավված մարդկանց, որոնք ականազերծում են, այսինքն, բացում են թշնամու դիմաց դարպասները, եւ հայոց ոստիկանությունը պաշտպանում են նրանց անվտանգությունը իր իսկ սեփական ժողովրդից: Պատմության մեջ այսպիսի բան չկա: Ընդհանրապես, ժողովրդի փոքր հատվածներ դժվարության ժամին փորձում են ուրանալ եւ այլն, փորձում են դարպասներ բացել, զորքը եւ պահապանները, չեն թողնում, հիմա հակառակն է դարձել»։

Սրբազանն ասաց, որ այսօրվա տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջովին ԵԿՄ-ի վրա է․ «Դուք եք սադրել արդեն 2-րդ, 3-րդ անգամ: Սադրել եք, եւ պատասխանատվությունը ձեր վրա է եւ այս իշխանության եւ իշխանության ղեկավարի վրա Սադրել եք, որովհետեւ պատրաստվել եք դրան՝ իմանալով, թե ինչ հանցանք եք գործում, եւ այդ հանցանքի դիմաց ժողովուրդն ինչպես կարող է արձագանքել, փորձելով ամենասկզբից վախեցնել, որ որեւէ շարժում չլինի, այսպես կոչված՝ քաղաքացիական բախումների կամ արյունահեղությունների իմիտացիա հաղորդել: Սա կրկնակի հանցագործություն է։ Երկրապահ եք, գնացեք սահման, սահմանը պահեք: Ինչպես ուզում եք պահեք, ինչպես կարող եք պահեք, դա ձեր սրբազան եւ սուրբ առաքելությունն է, ոչ թե ժողովրդին ահաբեկեք, ծեծուջարդի ենթարկեք։ Դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել այսօր»։

Լրագրողի հարցին՝ դուք ՀՀ տարածքային ամբողջականությունն որքան եք համարում, սրբազանը պատասխանեց՝ հիմա դրա ժամանակը չէ, եւ ոչ էլ այդ հարցը տեղին է․ «Հայաստանի Հանրապետությունն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել։ Ինձ համար ՀՀ տարածքային ամբողջականությունը ո՛չ թվերով է, ո՛չ սահմաններով է։ Էս վերջին շրջանում են մարդիկ հիշել Ալմա Աթա, սովետական, ԽՍՀՄ, ես ինչ իմանամ՝ ինչ, ՄԱԿ, լիքը բաներ են հիշել վերջին 1-2 տարում։ 2018-2020 թվականներին ոչ մի հայ մարդ Ալմա-Աթայի մասին չի լսել, պայմանագրերի մասին չի լսել։ Ընդամենը 1 տարի առաջ ՀՀ-ն 29,800 քառակուսի մետր էր՝ ըստ ինչ-որ հանրագիտարանի, հիմա ՀՀ-ն 29,743 է՝ ըստ երեւի մեկ այլ հանրագիտարանի, վաղը ի՞նչ է լինելու․․․ երեւի 28 հազար․․․ ըստ մյուս հանրագիտարանի։ Ես այս երկրի վարչապետը չեմ, ես կարող եմ եւ սխալվել, եւ կաղապարներ հայտնել, եւ մեծ երազանքների հետեւից գնալու կոչ անել ու սխալվել կամ չսխալվել, բայց երկրի վարչապետը պատասխանատվություն ունի հատիկ-հատիկ իր ասած խոսքի համար»։

Մանրամասն՝ տեսանյութում

Ապրիլի 19-ից Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ցույցեր են անում, նրանք փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը։ Բողոքի ցույցի առիթը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ հայտարարությունն է, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին փոխանցվում են, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը:

Նշենք, որ երեկ Տավուշի մարզից սահմանամերձ համայնքների ղեկավարները հանդիպել են սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի, ապա Նիկոլ Փաշինյանի հետ, գյուղապետերն այսօր լրագրողների հետ զրույցում ասել են՝ միակողմանի զիջման գործընթաց է գնում։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930