Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը». Ժաննա Անդրեասյան

Ապրիլ 23,2024 17:19

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և դրա շրջանակում կազմակերպված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները: Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվել են գիտական փորձեր, անցկացվել վիկտորինաներ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ուսանողներ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին ու գիտական փորձերին:

Ողջունի խոսքում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Գիտությունների ազգային ակադեմիային նմանօրինակ նախաձեռնության համար՝ առանձնակի ընդգծելով դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանն ուղղված ջանքերը: ԿԳՄՍ նախարարն այս համատեքստում կարևորել է նաև գիտության հանրամատչելիության ու հանրայնացման կարևորությունը՝ դեռահասների և երիտասարդների համար դեպի գիտություն տանող ճանապարհը գրավիչ և տեսանելի դարձնելու տեսանկյունից:

«Կարևոր է, որ այդ առումով մենք ակադեմիայի հետ գործում ենք մեկ միասնական դաշտում ու հարթակում, քանի որ այդ կապի ամրապնդմանն է ուղղված նաև ՀՀ կառավարության քաղաքականությունը: Մեր դպրոցականները, իսկապես, ունեն հրաշալի գաղափարներ, որոնց իրագործման համար պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները՝ վստահ լինելով, որ ապագա գիտնականների հրաշալի խումբ ունենք: Առանձնահատուկ պատասխանատվություն է, որ այսօր մեր գործող գիտնականները ճանապարհ հարթեն այն երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են գիտությամբ և արդեն իսկ իրենց առաջին քայլերն են կատարում երևույթները հետազոտելու, կապերը բացահայտելու և հանրության համար օգտակար աշխատանք անելու ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ կառավարության պետական քաղաքականությունը միտված է գիտության ոլորտի պետական ֆինանսավորման շարունակական աճին. իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ արձանագրվում է գիտնականների և հետազոտողների աճ, որտեղ մեծ է երիտասարդների թիվը:

«Սա նշանակում է, որ ընթանում ենք ճիշտ ճանապարհով: Այս տարի ևս մեկ կարևոր անելիք ունենք. մշակվելու է Գիտության զարգացման ռազմավարությունը: Հույս ունեմ, որ նաև այս աշխատանքի հիման վրա կկարողանանք ճիշտ սահմանել թիրախներն ու անելիքները, որոնք նպաստելու են գիտության ոլորտի զարգացմանը և ապահովելու են ավելի բարձր արդյունքներ»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու նմանօրինակ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև առաջարկել դիտարկել ՀՀ մարզերում ևս գիտության ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսը կրելու է շարունակական բնույթ և կազմակերպվելու է տարին առնվազն երկու անգամ:

«Գիտությունների ազգային ակադեմիան կարևորում է այս ձևաչափով գիտության ցուցահանդեսների անցկացումը, քանի որ դրանք յուրահատուկ հարթակ են դպրոցականների, ուսանողների և գիտաշխատողների միջև շփումների համար: Սա հատկապես կարևոր է այն տեսանկյունից, որ երեխաներն արդեն դպրոցից ծանոթանում են Գիտությունների ակադեմիային, պատկերացում են կազմում գիտության և գիտական գործունեության մասին, ինչպես նաև շփվում են տարբեր գիտնականների հետ, մասնակից դառնում տարբեր գիտական փորձերի: Այս ամենը, իսկապես, շատ կարևոր է նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից: Ցանկացած պետության և հասարակության համար դպրոց-բուհ-գիտություն կապի փոխկապակցված զարգացումն առանցքային նշանակություն ունի: Դպրոցականների, ուսանողների և գիտաշխատողների միջև շփումների սերտացումը և կապերի զարգացումը ԳԱԱ կարևոր ռազմավարական ուղղություններից են»,- նշել է Աշոտ Սաղյանը:

ԳԱԱ նախագահի խոսքով՝ առաջիկայում նմանօրինակ միջոցառում կազմակերպվելու է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների համար:

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացումից հետո Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մեկնարկել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930