Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ անում է Հայաստանի կառավարությունը, նորմալ երկրներում դատախազը կալանքի որոշում կտար երկրի անվտանգությունը վտանգող ղեկավարությանը»

Ապրիլ 23,2024 17:14

«Ես պնդում եմ, որ դիրքերից հետքաշում է տեղի ունեցել, կոնկրետ դիրք եմ ասում՝ Ոսկեպարի եկեղեցու դիմացի դիրքի շրջակայքում տեղի է ունեցել ականազերծում»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ միջդիրքային հատվածի ականապատ տարածքը համարվում է այդ դիրքի պահպանության գոտի։ Երբ ականները հանվում են, նշանակում է այդ դիրքի հետքաշում է տեղի ունենում։

«Քրեական անցյալով հայտնի երկրապահ կազմակերպության ղեկավարի սադրանքով այսօր հերթական անգամ ոստիկանների թողտվությամբ Նոյեմբերյանում երկրապահների «Ուազ»-ը քշել են ժողովրդի վրա, եւ այնտեղ լարված իրավիճակ է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ ո՞ր տոպոգրաֆիկ քարտեզներն են հիմք ընդունվել։ «Երկու երկրները չեն համաձայնում, թե ինչ քարտեզի հիման վրա է տեղի ունենում սահմանազատում-սահմանագծում։ Ի՞նչ տոպոգրաֆիկ քարտեզների հիման վրա է Մհեր Գրիգորյանի հանձնաժողովը, ձեր քաղաքական թիմը, ձեր կառավարությունը համաձայնել Տավուշի մարզում մի քանի հատվածներում սահմանազատում-սահմանագծում անել։ Կարո՞ղ եք աշխարհում ցույց տալ որեւէ երկու երկիր, որոնցից մեկը գրավել է մեկ այլ երկրի հսկայական հատվածներ, իրար դեմ դիմաց կանգնած են մինչեւ ատամները զինված մարտական ստորաբաժանումներ, ամեն րոպե թիրախավորվում են գյուղերը, մարտական հենակետերը, եւ մեկ էլ այդ երկու երկիրը շատ արագ համաձայնում են կրճոն-կրճոն մի քանի հատվածներում շատ արագ սահմանազատում-սահմանագծում անել ու հայտարարել, որ այնտեղ կանգնած է սահմանապահը։ Կարո՞ղ եք նկարագրել ՀՀ սահմանապահ զորքերի սպառազինության ցանկում ի՞նչ կա, դիմացը կանգնած են Ադրբեջանի մարտական զինված սահմանապահ զորքերը, իսկ մեր սահմանապահները զինված են թեթեւ զենքերով»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Մարիա Կարապետյանն ասաց․ «Ի՞նչ քարտեզներին հղում կատարելով է տեղի ունենում գործընթացը, այս հարցի պատասխանը փակ նիստում հնչել է։ Փակ նիստում հնչեց քարտեզների երկու ինտերվալ։ Ինձ հարցրեցիք՝ արդյոք կարո՞ղ եմ անվանել մեկ այլ երկիր, որն այսպիսի հարաբերության մեջ է իր հարեւանի հետ։ Ես չեմ կարող անվանել այդպիսի երկիր, եթե դուք կարող եք, ապա ես այդ երկրների կառավարություններին խորհուրդ կտամ անել այն, ինչ անում է հիմա Հայաստանը»։

Մարիա Կարապետյանը հավելեց․ «Ասացիք՝ ես կարո՞ղ եմ նկարագրել ՀՀ սահմանապահ ուժերի սպառազինության արսենալը, ոչ, չեմ պատրաստվում դա անել»։

Գեղամ Մանուկյանն արձանագրեց․ «Այն, ինչ անում է Հայաստանի կառավարությունը, նորմալ երկրներում առաջին պահից դատախազը կալանքի որոշում կտար երկրի անվտանգությունը վտանգող ղեկավարությանը։ Չկա որեւէ երկիր, որ խելագարության աստիճանի ղեկավարություն ունենա, որ երբ մի դիրքում մարտական հերթապահություն է, կողքի դիրքը հանձնի դիմացի երկրին, այնտեղ էլ կանգնեցնի թեթեւ զենքերով զինված սահմանապահի։ Չկա որեւէ այլ խելագար կառավարություն, որը Ջերմուկում, Վարդենիսում, Ներքին Հանդում օկուպացված տարածքներ ունենա, եւ այդ երկրի իշխող խմբակցությունը առավոտից գիշեր փորձի սեփական երկրին վախեցնել պատերազմով ու վախեցնել, որ դրանք մեր տարածքները չեն»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930