Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու են միայն լուսանկարիչների. կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄ

Ապրիլ 23,2024 17:10

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային» (այն բաց կապուղիով ուղիղ եթերում հեռարձակելու է Հանրային հեռուստաընկերությունը)։ Նույն հաղորդագրությամբ նշվում է, որ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների, իսկ ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների մուտքը հուշահամալիր բաց կլինի 09։30-ից։

Սա Հայաստանի գործող իշխանությունների կողմից տեղեկատվություն ստանալու սահմանափակման, մասնագիտական աշխատանքի լիարժեք կատարման հերթական աղմկոտ, ամոթալի արտահայտությունն է: Ավելին, նման նախադեպ երբևէ չի եղել:

 Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը, և, ամենակարևորը՝ լրատվամիջոցների, լրագրողի աշխատանքի նկատմամբ իրենց վերաբերմունքը:

Պաշտոնյաների մասնակցությունը նման միջոցառումներին բոլոր դեպքերում լինում է արարողակարգային, և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ հայտարարության մեջ նշված հիմնավորումը պարզունակ դատարկաբանություն է։ Նման միջոցառումների արարողակարգային բնույթը որևէ կերպ չի սահմանափակում այլ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից լուսաբանելու հնարավորությունը, անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Ընդ որում, այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ։

Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն։

Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակող երկրի իշխանության կողմից նման քայլերը, հատկապես՝ դրանց հետևողական բնույթը, վկայում են իրականում ժողովրդավարական արժեքների ոտնահարման, այդ թվում ու առաջին հերթին՝ մամուլի, խոսքի ազատության դեմ սանձարձակ քայլերի մասին։

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Կառավարության  հակաժողովրդավարական այս գործելաոճը և պահանջում է անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված այս որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները՝ առանց ժամային սահմանափակումների։ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930