Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատումը պետք է իրականացվի ոչ թե լեգիտիմությունից զուրկ Ալմա Աթայի հռչակագրի, այլ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա, որտեղ առաջնայինը մարդու իրավունքներն են. «Բարձունք»

Ապրիլ 23,2024 15:32

«Բարձունք»-ը, հանդիսանալով կրթական շարժում, այնուամենայնիվ՝ չի կարող և չի ուզում զերծ մնալ մեր հայրենիքին ու հայրենակիցներին առնչվող կարևոր իրողությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելուց։ Միևնույն ժամանակ «Բարձունք» համայնքի անդամները իրավունք ունեն ազատորեն արտահայտել իրենց կարծիքն ու մասնակցել այն գործընթացներին, որոնք կհամարեն նպատակային։

2020 թվականի պատերազմից հետո, և, հատկապես, 2023 թվականի Արցախի կորստից հետո, Ադրբեջանը, բնականաբար, վարում է մաքսիմալիստական քաղաքականություն՝ գործելով միակողմանի զիջումներ պարտադրելու տրամաբանությամբ։ Ներկայումս երկար չարչրկված սահմանազատման և սահմանագծման թեման մտել է գործնական փուլ։

«Բարձունք»-ը դեմ չէ սահմանագծման և սահմանազատման ԻՐԱԿԱՆ գործընթացին, սակայն, այս պահին գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ։ Մենք՝ «Բարձունք» համայնքի անդամներս, դեմ ենք միակողմանի զիջումներին։ Կառավարության պնդումների ու հայտարարությունների համաձայն՝ Հայաստանը այդ զիջումներին ի պատասխան ստանում է ինչ-որ ռիսկերի նվազեցում, որոնք, վստահաբար, անհիմն հավաստիացումներ են և որևէ արժեք չունեն, քանի որ հիմնված չեն երկկողմանի փոխվստահության, փոխզիջումների և սահմանազատման փաթեթային գործընթացի վրա։ Միակողմանի զիջումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հակված չէ կառուցողական քաղաքականություն վարել և հանդես է գալիս միայն պահանջատիրական դիրքից, ինչը ոչ մի պարագայում չի հանգեցնելու փոխվստահության ձևավորմանը։ Հակառակը, միակողմանի զիջումներն ավելի են սրելու իրավիճակը՝ այդ թվում պատերազմական իրավիճակների սրման տեսանկյունից։

Հարկ ենք համարում նշել նաև, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացում առաջ են գալիս տվյալ տարածքների բնակիչների իրավունքների (կյանքի, ազատ տեղաշարժի, սեփականության և այլ) և անվտանգության լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն միջազգային իրավունքի և փոխզիջումների շրջանակում և ոչ միակողմանի զիջումների տրամաբանությամբ։

Սահմանազատման գործընթացում շատ կարևոր իրողություն են Հայաստանի կենսական նշանակության հարցերը (լոգիստիկ ուղիներ, ջրեր, էներգետիկ և այլ ենթակառուցվածքներ և այլն)։ Ճանապարհային խնդիրներին զուգահեռ առաջ է գալիս նաև Հայաստան մտնող հիմնական գազատարի անվտանգության խնդիրը, ինչը կարող է հավելյալ լծակ դառնալ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու առանց այդ էլ մեծ գործիքակազմի ցանկում։

Հաշվի առնելով Սյունիքի փորձը՝ պաշտպանական գծի բացակայության պարագայում Ադրբեջանական զորքերի քայլելով առաջ գալը և իրենց հարմար դիրքերը զբաղեցնելը, Տավուշի պաշտպանական գիծը քանդելն ու ականազերծումն ու առկա դիրքերի հետբերումը համարում ենք արկածախնդրություն։

Անհրաժեշտ ենք համարում, որ Կառավարությունը դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը և բոլոր միջոցները ներդնի երկկողմանի փոխվստահության մթնոլորտի ձևավորման կազմակերպման քաղաքական մեխանիզմների մշակման գործում։ Սահմանազատումը պետք է իրականացվի ոչ թե լեգիտիմությունից զուրկ Ալմա Աթայի հռչակագրի, այլ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա, որտեղ առաջնայինը մարդու իրավունքներն են։

Հայտնում ենք, որ մենք նաև այն շարժումների կողքին ենք, ովքեր դուրս են եկել փողոց՝ քաղաքական պայքարի («Տավուշը հանուն հայրենիքի», «Մարտական եղբայրություն», «Բռունցքդ բե՛ր»)։ Իրավապահ մարմինների ընթացիկ գործողությունները արդեն իսկ վերածվում են քաղաքական ճնշումների, ինչը անթույլատրելի է։ Հույս ունենք, որ իրավապահ համակարգը չի հատի իր լիազորությունների սահմանը և կարգուկանոնի պահպանման գործը կիրականացնի հավուր պատշաճի։

Կոչ ենք անում մտահոգ քաղաքական շարժումներին մեկտեղել իրենց ներուժը և ձևավորել ընդհանրական քաղաքական օրակարգ և առավել մեծ ներուժ ունեցող քաղաքական շարժում։

«Բարձունք» կրթական շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Չկա Ալմա Աթա, չկա հռչակագիր: Լենինն ասել է. ‘Չկա մարդ, չկա խնդիր:’ Դիտեք ‘Խիստ ռեժիմի կատագերգությունը’, Համ էլ կճանաչեք նիկոլի համարժեքին ու ավելի լավ կհասկանաք իր տեսակը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930