«Երբ խոսում ենք «էթնիկ զտումներ» եզրույթի մասին, պետք է հասկանալ, որ էթնիկ զտումն իր բովանդակությամբ իրավաբանական կոնցեպտ չէ, այն նախ եւ առաջ քաղաքական կոնցեպտ է, այն երեւույթը, որի նպատակն է նկարագրել որոշակի իրավական կամ փաստական հանգամանքների պրոցեսը… Էթնիկ զտումը նախ եւ առաջ պետության, քաղաքական որոշակի խմբի կուրսն է եւ նպատակը »,-Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի կազմակերպած «Ցեղասպանություններ եւ էթնիկ զտումներ 21-րդ դարում» գիտահանրամատչելի կոնֆերանսի ժամանակ ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Գեւորգյանը:
Նա մանրամասնեց, որ փաստացի էթնիկ զտումը կարող է իրականացվել թե ցեղասպանությամբ, թե մարդկության դեմ ուղղված հանցագործությունների տեսքով: Միջազգային իրավունքի մասնագետը հավելեց, որ շատ կարեւոր է հասկանալու ցեղասպանության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների տարբերությունները, ապա սահմանեց դրանք:
Դառնալով Արցախում տեղի ունեցածին՝ Լեւոն Գեւորգյանը նշեց. «Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, միանշանակ էթնիկ զտում է, քանի որ առկա էր պետության քաղաքականությունը՝ տարածաշրջանը ազատելու հայկական բնակչությունից, որը միգուցե չի իրականացվել անմիջականորեն հենց դուրս գալու պահին ոչնչացման ճանապարհով, բայց իրականացվել է ակնհայտորեն հայատյացության՝ տարիներ շարունակ տարածվող քաղաքականությամբ, որի կոնտեքստում այնքան ակնհայտ էր դարձել բնակչության համար, որ իր մնալը այդ տարածաշրջանում, որը հանձնվում է ադրբեջանական իշխանություններին, հավասարազոր է մահվան: Նման միջավայրի ստեղծումը, որի պարագայում բնակչությանը հարկադրված է լինում լքել տարածաշրջանը, ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտում:
Կոնկրետ իրավական գնահատականների տեսանկյունից՝ այս էթնիկ զտումը միանշանակորեն ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերաբերյալ կոնվենցիայի խախտում է: Մենք այստեղ գործ ունենք նաեւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, եւ բնականաբար, ռազմական հանցագործությունների հետ, որոնք տեղի էին ունեցել մինչ այդ ռազմական գործողությունների ընթացքում:
Կարդացեք նաև
Որքանո՞վ է վերաբերելի ցեղասպանություն եզրույթը այստեղ. երեւի թե այստեղ պետք է ունենալ որոշակի զգուշավորություն… Մենք շատ հաճախ փորձում ենք ցեղասպանություն եզրույթը գերկարեւորել՝ դրան կցելով հավելյալ քաղաքական իմաստ եւ բովանդակություն… Ես հենց սկիզբից ուզում եմ արձանագրել, որ այն, ինչ իրականացվել է Ադրբեջանի կողմից, պետական քաղաքականություն է, իրականում ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանական քաղաքականության շարունակականություն: Տեխնիկական առումով Թուրքիան քաղաքական տեսանկյունից իրականացրել է խելամիտ մի բան՝ իր հայատյացության քաղաքականությունը «աութսորս» է արել մեկ այլ պետության՝ ազատելով իրեն պատասխանատվությունից, որովհետեւ փաստացի, այն ինչ տեղի է ունեցել այսօր՝ լինելով այդ քաղաքականության անմիջական շարունակականությունը, առաջին հայացքից որեւիցե կապ, իրավական ֆորմալ տեսանկյունից, չունի Թուրքիա պետության հետ, եթե չհաշվենք Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի անմիջական եւ ռազմական ներգրավվածության փաստը»:
Լեւոն Գեւորգյանն անդրադարձավ մի հարցի, որի մասին, նրա ձեւակերպմամբ քաղաքական կամ այլ դրդապատճառներով չի խոսվում. «Արցախյան երկրորդ հակամարտությանը հաջորդիվ՝ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական դատարան հայց է ներկայացրել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի դեմ, որը դեռեւս առկախված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Առաջին հայացքից տպավորություն է, որ դատարանն անգամ վախենում է անդրադառնալ այդ գործին, եւ այն դեռեւս մնում դատարանի դարակներում՝ փոշու մեջ: Բայց դատարանը ակնհայտորեն չի կարող դրանից խուսափել, եւ մոտակա տարիներին պետք է դրան անդրադարձ կատարվի»:
Միջազգային իրավունքի մասնագետը ընդգծեց, որ առաջին հայացքից ադրբեջանական որոշ գործողություններ կարելի է որակել Ցեղասպանության կոնվենցիայի խախտում, մասնավորապես, երբ խոսքը գնում է Արցախի շրջափակման ժամանակահատվածի մասին, երբ Արցախի բնակչությունը կտրված էր արտաքին աշխարհի հետ կապից եւ կյանքի տարրական եւ կենսական նշանակություն ունեցող միջոցների պակաս էր զգացվում, սակայն, նրա խոսքով, իրավական տեխնիկայի տեսանկյունից առավել քան ակնհայտ է, որ Ցեղասպանության կանխարգելման եւ հանցագործության պատժի վերաբերյալ կոնվենցիան լավագույն գործիքակազմը չէ միջազգային ատյաններում բարձրացնելու Ադրբեջանի վարած քաղաքականության հարցը՝ հաշվի առնելով ցեղասպանության հանցակազմի ապացուցելիության դժվարությունները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ