Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հելեք՝ իրար կողք կանգնեք»․ քաղաքացիները մեկ ժամով փակել էին Երեւան-Սեւան մայրուղին` ի աջակցություն տավուշցիների

Ապրիլ 23,2024 15:06

Մի խումբ քաղաքացիներ այսօր մեկ ժամով փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ ի աջակցություն տավուշցիների։ Քաղաքացիները թույլ չտվեցին նաեւ ոստիկանական եւ փրկարար ծառայության աշխատակիցներին հատել ճանապարհը։ Ոստիկաններն ասացին, որ մեկնում են Տավուշ՝ «մեր քաղաքացիներին պաշտպանելու», մի փոքր լեզվակռվից հետո, ճանապարհը փակած քաղաքացիները ոստիկաններին եւ փրկարարներին հորդորեցին՝ գյուղամիջյան ճանապարհով երթեւեկել։

Հիշեցնենք՝ երեկ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ են հանդիպել Տավուշի մարզի վարչական շրջանների ղեկավարները։ Վարչական շրջանների ղեկավարներին ասվել է, որ հանձնումն անկասելի է։ Հիշեցնենք նաեւ, որ Ոսկեպար-Կիրանց մայրուղին շարունակում է փակ մնալ, մարդիկ գիշերը կրկին անցկացրել են ճանապարհին։

Ճանապարհը փակած քաղաքացիների կարծիքով, այս իրավիճակից դուրս գալու ելքը պատերազմն է, ինչքան էլ փորձում են պատերազմով վախեցնել մեր ժողովրդին, սակայն չի ստացվում բոլորին վախեցնել։

«Ժողովուրդը քնած են, տեղներից չեն շարժվում։ Սա բոլորի խնդիրն է, բոլորն էլ պետք է ոտքի կանգնեն․ վախեցած՝ նստած են, չի կարելի էդպես։ Իջեւանից պրծան, վաղը Գեղարքունիք են գալու։ Ղարաբաղցի-տավուշցի-լենինականցի արեցիք՝ դրա համար էլ այսպես եղավ։ Մենք հայրենիք ունենք, մենք հայրենիք սիրող ենք։ Որ ասում են՝ հելնենք ո՞ւմ կողքը կանգնենք․ հելեք՝ իրա կողք կանգնեք»,- լրագրողների հետ զրույցում ասացին փողոց փակած մարդիկ։

Ոստիկանները հինգ րոպե ժամանակ տվեցին ցուցարարներին, վերջիններս հայտարարեցին, որ իրենց ցույցը նախատեսված է մեկ ժամ եւ հորդորեցին չխոչընդոտել, թույլ տալ, որ քաղաքացիներն իրենց արդարացի բողոքը բարձրաձայնեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ճանապարհը փակածները հորդոր ունեն նաեւ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին՝ մի կողմ դնել բոլոր հավակնությունները, կանգնել իրար կողքի, այս արհավիրքից պետությունը փրկել։

Ցուցարարների հայտարարած ժամանակը լրանալուց հետո, ճանապարհը բացվեց, որպեսզի մարդիկ կարողանան հասնել Երեւան՝ մասնակցելու երեկոյան նախատեսված ջահերով երթին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930