Ձայների 12 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ՄԱԿ անվտանգության խորհուրդը մերժել է ՄԱԿ-ին՝ Պաղեստինի Պետության անդամակցության դիմումը Գլխավոր ասամբլեա ուղարկելու մասին ալժիրական բանաձևը։ Դեմ քվեարկող երկիրը ԱԽ մշտական՝ վետոյի իրավունք ունեցող անդամ ԱՄՆ-ն էր։
«Մեր քվեարկությունը պաղեստինյան պետականության հանդեպ ընդդիմության դրսևորում չէ, այլ ընդգծում, որ պետականության հարցը կլուծվի միայն կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով», – մանրամասնել է ԱՄՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ Գազայում իշխանության է ոչ թե Պաղեստինյան ինքնավարությունը, այլ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը։
Հետաքրքրական է, որ 12 կողմ քվեարկողներից 4-ը, այդ թվում՝ Ֆրանսիան, պաշտոնական մակարդակում չեն ճանաչում Պաղեստինի անկախությունը, բայց, այնուամենայնիվ, կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը։
Կարդացեք նաև
«Ինքնորոշման իրավունք» vs. «նվեր ահաբեկչությանը»
«Մեր հայրենիքում՝ Պաղեստինում, որպես անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ապրելը մեր բնատուր, պատմական և իրավահեն իրավունքն է», – իր ժողովրդի ինքնորոշման իրավունքն է վերահաստատել ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդը։ Դիվանագետի խոսքով՝ ԱԽ-ն «պատմական պատասխանատվություն» է կրում տարածաշրջանում «արդարացի և համապարփակ» խաղաղության հիմքեր ստեղծելու համար»։
«Չնայած նրան, որ պաղեստինցիները չեն համապատասխանում ՄԱԿ անդամակցության համար չափանիշներին, ձեր մեծամասնությունը, ցավոք, որոշեց պաղեստինյան ահաբեկչությանը պարգևատրել պաղեստինյան պետությամբ», – սա էլ Իսրայելի մշտական ներկայացուցչի համոզմունքն է։ Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ Պաղեստինյան ինքնավարությունը «ֆինանսավորում է ահաբեկիչներին հրեաներին սպանելու համար և չի ճանաչում Իսրայելը որպես հրեական պետություն»։
Պաղեստինը ՄԱԿ անդամակցության համար դիմել էր 2011-ին, բայց բանը չէր հասել ԱԽ՝ անխուսափելի ձախողման պատճառով։ 2012-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեան Պաղեստինի Պետությանը շնորհեց ՄԱԿ դիտորդ-անդամի կարգավիճակ, որը գործում է ցայսօր։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ