Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական քաղաքականությունը տրանսֆորմացվել է, բայց չի փոխվել». Հայկ Դեմոյան

Ապրիլ 23,2024 14:03

«Այսօր ոչ միայն չենք տեսնում ցեղասպանության կանխարգելման գործողություններ, այլ մեկ այլ սարսափելի իրողության ենք ականատես լինում, երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որի ժողովուրդը ցեղասպանության զոհի իրավահաջորդ է եւ այդ հիշողության կրողը, կրավորական եւ մարգինալ դիրքորոշում է ունենում նման հանցագործությանն անդրադառնալիս, հանցագործության մասին բարձրաձայնելիս եւ կանխարգելիչ գործողություներ իրականացնելիս»,-Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից կազմակերպած «Ցեղասպանություններ եւ էթնիկ զտումներ 21-րդ դարում» գիտահանրամատչելի կոնֆերանսի ժամանակ ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Դեմոյանը:

«Ցավոք սրտի, սա տեսնում ենք նաեւ մեր պարագայում, եւ այստեղ ոչ թե մտածելու կարիք կա, այլ մենք մտածելու ժամանակ չունենք, որովհետեւ պետք հասկանանք, թե աշխարհն այս պահին ինչ ռեժիմի է անցնում… Իսկ աշխարհը սարսափելի արագությամբ անցնում է զանգվածային ոչնչացման ռեժիմի, որին պատրաստ լինելը հնացած ձեւակերպում է, պետք է կարողանալ մի քանի քայլ առաջ արդյունավետ դիմակայման մեխանիզմներ ստեղծել: Առաջին ցուցիչը, որ հետ ենք դրանից, հասարակության ներկայից վիճակն է, որտեղ չկա միասնական գիտակցում նման վտանգի, տեղի է ունենում այդ գիտակցման ջլատում, այդ գիտակցումը մեկ ընդհանուր մարմին դարձնելու քայքայիչ գործողություններ: Այսօր մենք չենք կարողանում մեղադրանքներ հղել: Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք մեղադրանքների մեր բաժինը, ու այստեղ ժամանակը կատաստրոֆիկ կերպով չի աշխատում հօգուտ մեզ»,-ասաց պատմաբանը:

Արդյոք Թուրքիայի քաղաքականությունը վերջին հարյուր տարվա ընթացքում փոխվե՞լ է՝ այս հարցին ի պատասխան՝ Հայկ Դեմոյանն ասաց. «Այն, ինչ Թուրքիան անում էր ուղղակի, այսինքն՝ Հայաստանի, հայության դեմ ուղղված գործողություններ, այսօր նույնը իրականացվում է թաքուն, սակայն այդ գործողությունների բացահայտ մասը տեսնում ենք Ադրբեջանի գործողություններում: Թուրքիան այս պահին կարիք չի զգում ուղղակի բաց տեքստով ասել, ի հայտ գալ իր գործողություններով եւ հայտարարություններով, Թուրքիան իր այդ աշխատանքը բաշխել է Ադրբեջանին:

Ադրբեջանի նախագահի խոսույթով է դա երեւում, ադրբեջանական բանակի գործողություններով է երեւում… սա նոր երեւույթ է: Մենք պետք է հասկանանք, որ ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, եւ այն ուժերը, որոնք մեզ համար դեռեւս պատկերացնելի եւ հայտնի չեն: Եվ Թուրքիան, իհարկե, առաջին ջութակի դերն է կատարում: Այսօր թուրքական քաղաքականությունը տրանսֆորմացվել է, բայց չի փոխվել…Մենք ցավոք, հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ եւ Թուրքիան, եւ Ադրբեջանը ավելի շատ զիջումներ են ակնկալում» :

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930