Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Էռնեկյան մեծ ընտանիքի մի մասնիկն ենք». այս դպրոցում հրաշքներ են գործում՝ քիմիական լուծույթով եւ առանց դրա

Ապրիլ 23,2024 13:33

«Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում «Տերունական» աղոթքով են սկսում դասերը: Հետո երեխաները, մեկը մյուսին հերթ չտալով, ողջունում են դպրոցի հոգեւոր տեսուչ տեր Արսենին՝ «օրհնեցե՛ք, տեր հայր», «օրհնեցե՛ք, տեր հայր»:

Օրվա այսպիսի սկիզբը միակ տարբերությունը չէ հանրակրթական մյուս դպրոցներից:

Այստեղ ստեղծված են բացառիկ պայմաններ՝ կրթությունը դարձնելու հաճույք:

Այդպիսի պայմաններում ուսանելով՝ բարձր առաջադիմություն չունենալը, ինչպես ասում են, մեղք է:

«Մի քիչ կարող է ամպագոռգոռ թվալ, բայց մեր երեխաները արդյունք են Վեհափառ Հայրապետի լույս տեսիլքի, որ ժամանակին ունեցել էր, մինչեւ այս դպրոցի հիմնելը: Եվ այդ տեսիլքը փորձում ենք ամեն կերպ արդարացնել, որովհետեւ մեզ համար էլ մեծ պատիվ է, որ Վեհափառ Հայրապետը մեզ նման առաքելության է կոչել, իսկ այդ առաքելության իրականացումը կայանում է նրանում, որ «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցը ավարտած աշակերտը պետք է լինի լավ հայ քրիստոնյա քաղաքացի: Սա իր մեջ ներառում է ոչ միայն բարոյական կերպար, այլ նաեւ հասարակական կերպար տվյալ մարդու, որ վաղը, մյուս օրը պիտի մտնի հասարակություն»,- ասաց ՄԱՍԷ «Էօրնեկեան» դպրոցի տեսուչ տեր Արսեն քահանա Միրզոյանը:

Այս դպրոցը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիմնադրել է 2009-ին՝ Ազգային հերոս, արգենտինահայ գործարար եւ բարերար Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ:

«Էօրնեկեան» դպրոցի փոխտնօրեն Շողիկ Հարությունյանի խոսքով՝ դպրոցն ունի հրաշալի ավանդույթներ, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին կրթությունը եւ դաստիարակությունը զուգահեռելու. «Մեր սովորողները ավարտում են՝ արդեն իսկ ուսանողներ են: Անցյալ ուսումնական տարում 43 շրջանավարտներից 42-ը ընդունվել են: Իհարկե, մեկը ոչ թե չի ընդունվել, այլ չի դիմել: Այնպես որ այսօրվա մեր շրջանավարտների թվում կան այնպիսիները, որոնք արդեն իսկ ընդունվել են, արդեն իսկ ուսանողներ են: Իսկ նրանք, որոնք արդեն սովորում են բուհերում, իրենցից միշտ մենք ստանում ենք շնորհակալագրեր, որ մենք իրենց ենք վստահել այդպիսի աշակերտներ»:

Քիմիայի դասին «փորձության» են ենթարկում Տեր Արսենին: Ձեռքերը թաթախում են «կինոների» արյան մեջ ու հետո օ՜, հրաշք, «մեղքերը» մաքրվում են քիմիական լուծույթով:

Այս դպրոցն ունի յուրահատուկ կանոն՝ կարեւոր է ոչ թե գիտելիքը, այլ ՍԵՐԸ գիտելիքի նկատմամբ:

Տեր Արսենը մեջբերեց հայտնի աստվածաշնչյան խոսքը՝ «Աստված սեր է», ինչպես ասում էր Հովհաննես Աստվածաբանը. «Որտեղ որ սեր կա, այնտեղ Աստված կա, իսկ դրա բացակայությունը բնականաբար կվերածի քաոսի: Գիտելիքն էլ առանց սիրո կարող է տանել մարդուն կործանման, առհասարակ մարդկության կործանման: Առանց սիրո էս կյանքում ոչինչ է հնարավոր: Այս իմաստով մենք փորձում ենք երեխաներին ներշնչել այդ սերը գիտելիքի նկատմամբ: Մենք փորձում ենք երեխաներին սիրել տալ գիրքը, որ դառնա իր ուղեցույցը, իր կյանքի ուղեցույցը, որովհետեւ սիրով քո տեսադաշտը, քո մտահորիզոնը է՛լ ավելի է լայնանում»:

Այս ընտանիքում խորապես հասկանում են՝ շատ մեղքերի պատճառը տգիտությունն է: Կրթությունն է այն զենքը, որով կարող ենք հաղթահարել խնդիրները:

«Կրթված հասարակությունն է, որ հնարավորինս զերծ է մնում մեղքից, հնարավորինս զերծ է մնում սխալ ընտրություն կատարելուց: Գիտելիքը այս առումով այն լույսն է, որ մեր հոգին պիտի առաջնորդի առ Աստված: Գիտելիքը այն փարոսն է, որ յուրաքանչյուր հասարակության, յուրաքանչյուր պետության եւ յուրաքանչյուր անհատի պիտի այդ խավար, խավարչտին ճանապարհներից հասցնի դեպի այն փրկությունը, այն խաղաղ նավահանգիստը, որը որ կլինի թե՛ այս երկրի վրա, թե՛ այն երկնքում՝ երկնային կյանքում»,- ասաց տեր Արսենը:

«Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում երեխաները երազում են իրենց նորարարությամբ, իրենց ձեռքբերումով մի քար դնել այն մեծ շենքի պատերի մեջ, որը կոչվում է հայրենիք, հայոց եկեղեցի, ազգ ու պետություն:

Առաջարկում ենք դիտել մեր պատրաստած տեսանյութը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930