Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանոնավոր, բանակի նման պետք է գործենք»․ Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանի համայնքապետարանի հայտարարությունը համարում է կառավարությանն անվստահության գործընթաց

Ապրիլ 23,2024 13:12

«Երեկ գիշեր խոսել ենք, որոշակի ծրագիր ենք մտորել-մտածել, այսօր պետք է հանդիպեինք այլ տեղում։ Դժբախտաբար հասել ենք այստեղ»,-Նոյեմբերյան քաղաքում ցուցարարներին դիմեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր լացով-ճիչով գալիս եւ ինչ-որ բաներ են ասում՝ «գործընթացին խանգարող մարդիկ են, կապ չունեն շարժման, այս իրադարձությունների հետ, ներդրված մարդիկ են․ ով շատ գոռաց-ճչաց՝ ներդրված են, որովհետեւ մինչեւ այսօր այդ մարդկանց ձայնը ոչ լսել ենք, ոչ տեսել» ու հորդորեց մարդկանց՝ չտրվել զգացմունքներին ու սադրանքներին։

«Կանոնավոր, բանակի նման պետք է գործենք։ Եթե մենք ունենք անելիք ու ասելիք, դա միայն հաղթանակի մասին է։ Այս պայքարն ու կռիվը ստի ու ճշմարտության մասին է։ Այդ սուտը հրամցնողը պետք է գնա։ Մեր սիրտը ցավում է, բայց մեր միտքը պետք է աշխատի»,- ասաց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ Արցախի մասին խոսելով, անընդհատ գլուխներս թաքցրել ենք՝ ասելով, թե դա մեր կյանքը չէ, բայց դարձավ մեր կյանքը։

Սրբազանը ցուցարարներին հորդորեց՝ Նոյեմբերյանում ցույցը դադարեցնել, վերադառնալ սբ․ Սարգիս եկեղեցու բակ, քննարկել ու կազմակերպել հետագա անելիքները, իսկ ովքեր իր հորդորներին չեն ենթարկվի, իրենք գործ չունեն նրանց հետ։

Նրա խոսքին զուգահեռ, ոստիկանները հայտարարում էին, որ ցույցն անօրինական է, զգուշացնում էին՝ ցրվել, այլապես իրենք կցրեն ցույցը։

«Մեկ մզկիթում են ձայնագրությամբ հայտարարում, մեկ էլ՝ այստեղ»,- նետեց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ մարդիկ իրենց երկրում են կանգնած ու ոստիկանները չպետք է թելադրեն՝ ե՞րբ գնան։ Ոստիկանները հինգ րոպե ժամանակ էին տվել, սրբազանը հայտարարեց՝ 7-8-10 րոպեից կգնան։

Բագրատ Սրբազանը նաեւ հորդորեց Նոյեմբերյանի համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին՝ տեր կանգնել իրենց հայտարարությանը՝ միանալով ցուցարարներին։ Նոյեմբերյանի համայնքային իշխանությունը հայտարարություն էր տարածել, որ չեն սատարում ՀՀ իշխանության իրականացրած սահմանազատման-սահմանագծման գործընթացին։

Հարթակ բարձրացավ Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը եւ հայտարարեց, որ երեկ փոխվարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո հասկացել են՝ սահմանազատման-սահմանագծման գործընթացը սպառնում է Նոյեմբերյան քաղաքի անվտանգությանը, դա միակողմանի զիջում է, ուստի իրենք չեն մասնակցելու այդ բանակցություններին ու գործընթացին։ Նա մանրամասներ չցանկացավ բարձրաձայնել՝ զերծ մնալով պետական գաղտնիքներ հանրայնացնելուց։

Փոխքաղաքապետի հայտարարությունից հետո Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ սա այսօրվա կառավարությանը, իշխող վարչախմբին անվստահություն է եւ հետագա գործողություններն արդեն մնում են մարդկանց՝ տեղացիների որոշումների տիրույթում, քանի որ այլ ճանապարհ չի մնացել։

Հիշեցնենք, երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մետ են եղել Տավուշի մարզի վարչական շրջանների ղեկավարները։ Վարչական շրջանների ղեկավարներին ասվել է նաեւ, որ հանձնումն անկասելի է։

Հիշեցնենք նաեւ, որ Ոսկեպար-Կիրանց մայրուղին շարունակում է փակ մնալ, մարդիկ գիշերը կրկին անցկացրել են փողոցում։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    “Վարչական շրջանների ղեկավարներին ասվել է նաև, որ հանձնումն անկասելի է” – բա սա հայ բարձրագույն ղեկավարներին սազական բառեր են?: Միգուցե Արցախը հայերից դատարկելուց առաջ էլ? էս դավաճանները զանգել են Արցախի ղեկավարներին ու հրամանատարներին և նույն կերպ հուսահատեցրել, որ հանձնումն անկասելի է։ Ձեզ չի թվում?, որ այդ բառերը ալիևի խոսքերն են, իսկ կրկնողն ու կատարողը – նիկոլը ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930