Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին․ շատ այլայլված էր»․ Բագրատ Սրբազան

Ապրիլ 23,2024 12:13

«Գիշերն ուշ ժամի, 2-3-ի կողմերը հավանաբար, հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին․ շատ այլայլված էր, արդեն տեսքից հասկանալի էր՝ ինչ է տեղի ունեցել։ Հարցրեցի, ասաց՝ ինչ-որ կար, մնաց նույնը՝ դեռ մի բան էլ ավելի վատ»,- Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածում, լրագրողների հետ զրույցում պատմեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն՝ անդրադառնալով երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ապա Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզի համայնքապետերի հանդիպմանը։

Սրբազանը տեղեկացրեց, որ պայմանավորվել են, որ եւ Կիրանցի, Բաղանիսի եւ Ոսկեպարի համայնքապետերն առավոտյան կգան Կիրանց-Ոսկեպար ճանապարհի այն հատվածը, որտեղ մարդիկ փակել են ճանապարհը եւ բոլորի ներկայությամբ կպատմեն, թե ի՞նչ են խոսել։

Սրբազանի հավաստմամբ, երեկ արտառոց ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, պարզապես եղել է վերջին արարն այն ամենի, ինչի մասին երեք տարի է խոսվում եւ նախազգուշացվում է, բայց մարդիկ հավատում էին, որ իշխանությունը, որին քվե են տվել՝ իրենց շահերն է հետապնդելու։

Տավուշի համայնքների վարչական շրջանների ղեկավարները կառավարությունում նախօրեին տեղի ունեցած հանդիպումները անարդյունավետ են համարել։ Բաղանիսի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է, որ առաջինն է դուրս եկել հանդիպումից։ «Մեր տղաներն արդեն գծել են մեր սահմաններն իրենց արյունով, ուզում եմ, բոլորդ հասկանաք, փշալարը, որ ուզում են կապել, դեռ սահման չէ։ Մենք արդեն ունենք սահման ու թույլ չենք տալու, որ դրանք փոխեն»։

Հարցին, թե հնարավոր է , որ հրաժարական տա՝ նա պատասխանել է. «Ես ցանկացած պահի էլ կարող եմ հրաժարական տալ, բայց վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն»։

Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը հրաժարվել է որևէ մանրամասն հայտնել, բայց ասաց, որ հանդիպումից բավարարված չէ։ «Իրենց դիրքորոշումներում բան չի փոխվել, ավել ասելիք չունեմ։ Հաղորդագրություն են տարածելու, կիմանաք ինչ են ասում։ Ես ժողովրդի կողքին եմ»։

Կիրանցի վարչական ղեկավարն էլ հայտնել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի։ «Ես հրաժարական չեմ տալիս, դրա կարիքը չկա, ես իմ գյուղի ժողովրդի կողքին եմ մինչև վերջ։ Փաշինյանն ասում էր՝ ինչ անում է, ժողովրդի համար է անում, որ երկրում խաղաղություն լինի։ Վարչական ղեկավարներով ասել ենք՝ չենք ուզում հանձնեք այդ գյուղերը, Փաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930