«Ասել են, որ ոչ մի բան չի փոխվելու, դեռ մի բան էլ ավելի վատ է լինելու։ Այսինքն, ամբողջական հանձնում է տեղի ունենալու․ փուլային, բայց շատ արագ։ Չի նշանակում ամիսներ տարիներ, շատ արագ՝ օրերի, շաբաթների ընթացքում․ մեկ շաբաթ-երկու շաբաթ։ Շատ կոնկրետ ասել են, որ որեւիցե բան չի փոխվում, դեռ ավելի վատ է ամեն ինչ»,- քիչ առաջ, Ոսկեպարում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ երեկ կայացած Տավուշի մարզի վարչական շրջանների ղեկավարների հանդիպմանը։
Սուրեն Պետրոսյանի փոխանցմամբ, վարչական շրջանների ղեկավարներին ասվել է նաեւ, որ հանձնումն անկասելի է։ «Անկասելի է, թե՝ ոչ, կապրենք՝ կտեսնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ մարդկանց ասել են՝ եկեք քննարկենք, բայց պարզվում է անակնկալի են բերել՝ ասելով, որ գործողություններ են իրականացվում արդեն։
Նա չցանկացավ ընդդեմ իշխանության գործողությունների ճանապարհային քարտեզը մանրամասնել, ասաց, որ քայլերը կան, հնարավոր բոլոր տարբերակները նկատի առնված են եւ իշխանության մտորումները՝ բոլորին անակնկալի բերելու, ժամանակային խուճապ ստեղծելու, չի հաջողվելու․ «Մի քանի օր սպասեք՝ կտեսնենք՝ ո՞վ է ո՞ւմ անակնկալի բերում»։
Բանախոսի դիտարկմամբ, բոլոր վարչական շրջանների ղեկավարները նորմալ, հայրենասեր մարդիկ են, որոնք չեն պատկերացնում, որ կարող են նայել իրենց աչքերին ու ստել՝ հանձնելով հող, հայրենիք, մի ողջ պետություն․ «Այդ մարդկանց մեղադրել չի կարելի։ Ոստիկանությունն ու ուժայիններն էլ պահում էին մարդկանց, որ կարողանան հողը հանձնել։ Էս դիսոնանսը բարդ է, մարդիկ չեն կարողանում համակերպվել։ Այնպես որ, ողջ պատասխանատվությունը պետք է դնել առաջնորդների վրա»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ Ոսկեպար-Կիրանց մայրուղին շարունակում է փակ մնալ, մարդիկ գիշերը կրկին անցկացրել են ճանապարհին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ