Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կորցրինք Կիրանցը, Բաղանիսը, Ոսկեպարը, հաջորդ քայլը Վանաձորն է, Իջեւանն է, հետո Ալիեւն ասելու է՝ Երեւանն էլ է մերը, մենք էլ ասելու ենք՝ Երեւանը հանձնենք, գնանք Էջմիածնում մնանք. պահեստազորի գնդապետ

Ապրիլ 23,2024 11:14

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը Տավուշում մասնակցում է բողոքի ցույցերին՝ այսօր առավոտյան հրավիրվել է զինվորական քննչական վարչություն: Նա հարցաքննվելու է Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի զինվորական կացարանում՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով, որը դատարանում քննվում է: Մինչ հրդեհը Մախսուդյանը եղել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը։

«Ես Ազատ գյուղի հրդեհի գործով չեմ անցել։ Բայց հիմա որոշել են ինձ ներգրավել, և հասկանալի է, թե ինչու։ Ինձ մի վախեցրեք: Իմ պայքարն արդար է՝ հանուն հայրենիքի»,- ասաց նա։

Նախքան հարցաքննության մտնելը, պարոն Մախսուդյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Առաջին հարցը վերաբերում էր, թե երեկ ինչ տպավորություններով են Տավուշ վերադարձել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած մի շարք համայնքապետեր:

«Ինձ ասացին՝ ընդհանուր հայտարարի չեն եկել, ոնց որոշվել է՝ այդպես էլ գնում է: Կիրանց գյուղի մի քանի տներ, գերեզմաններ մտնում են ադրբեջանական տարածք: Այդ մարդիկ ինքնասիրություն ունեն՝ ի տարբերությունը մի քանիսի, որ ինքնասիրություն չունեն: Այդ մարդիկ ուզում են իրենց տներն ու գերեզմանները պահեն, որ թուրքին չանցնեն: Այդ նույնը ես եմ, պայքարում եմ իմ հողի համար, այդ հողի վրա դեռ մարդկանց արյունը չի սառել, այսօր ասում են՝ եկեք թուրքի հետ ապրեք: Եթե կա ՀՀ-ում մի մարդ, որ կարող է թուրքի հետ ապրել, Ոսկեպարի իմ տունը տալիս եմ, Կիրանցի ժողովուրդն էլ տալիս են, թող գան՝ այդ տան մեջ ապրեն իրենց ընտանիքներով, իրենց երեխեքին էլ տան Ոսկեպար կամ Կիրանցի դպրոց, ես պատրաստ չեմ նման քայլի գնալու»,- ասաց Մախսուդյանը:

Նա վստահեցրեց, որ չի վախենում քրեական վարույթներից, կալանքից. «Ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն կամ մահ: Եթե դրանով փորձում են ինձ լռեցնել, ես չեմ լռելու: Իմ խնդիրն իմ հողն է, իմ հողի պաշտպանությունը, որ միակողմանիորեն թուրքին չտանք»:

Փոխվարչապետի գրասենյակի պնդմանը, թե Ոսկեպարի եկեղեցին չի մտնում ադրբեջանցիներին հանձնվող տարածքի մեջ, պարոն Մախսուդյանն այսպես արձագանքեց. «Ստում են, սահմանը Ոսկեպարի եկեղեցուց մի քանի մետր է անցնում: Այսինքն, եթե հակառակորդը կարող է եկեղեցուց 3 կամ 5 մետր այն կողմ կանգնել, մենք էլ կարող ենք այդ եկեղեցին համարել մե՞րը, գնանք այնտեղ ապահով մոմ վառե՞լ: Վերջը էս ազգը պիտի գիտակցի՞ ու հասկանա՞, որ հակառակորդը, եթե 3 կամ 5 մետր հեռավորության վրա է կանգնելու, այդ եկեղեցին մերը չի լինելու: Ու մտածում են՝ թուրքն էլ էդպես կանգնելո՞ւ է: Թուրքը գալով՝ գալու է, կորցրինք Կիրանցը, Բաղանիսը, Ոսկեպարը, հաջորդ քայլը Վանաձորն է, Իջեւանն է, հետո Ալիեւն ասելու է՝ Երեւանն էլ է մերը, մենք էլ ասելու ենք՝ Երեւանը հանձնենք, գնանք Էջմիածնում մնանք»:

Գնդապետը հիշեցրեց, որ 90-ականներին այդ հողերի համար կռվում կորցրել է պապին, հորը, եղբորը ու հիմա չի պատկերացնում՝ ոնց կարող են թողնել, որ հանձնեն թշնամուն. «Եթե կա մեկը, որ իր սրբությունը՝ հոր, եղբոր գերեզմանը չի հարգում ու պատրաստ է հակառակորդին հանձնի, թող հանձնի, ես պատրաստ չեմ»:

Նա նկատեց նաեւ, որ ադրբեջանցիներին այդ հողերը տալով, սկսվելու են նաեւ հաշվեհարդարներ 90-ականներին չափահաս եղած բոլոր հայ տղամարդկանց նկատմամբ, որոնք, ըստ Ադրբեջանի, մեղադրվում են ադրբեջանցիներին իրենց տարածքներից վտարելու, սպանելու համար. «Դա լինելու է, բոլորին հերթով տանելու են, ադրբեջանցիները ոչ մի բանի վրա չեն կանգնելու; Սա տանք, որ պրծնե՞նք, Արցախն էլ տվինք, չպրծանք: Քիչ-քիչ տալու ենք, թուրքը պահանջատեր է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930