Ապրիլի 21-ին Արեւմտեան թեմի Առաջնորդանիստ Ս. Ղեւոնդեանց Մայր Տաճարի Ս. Պատարագին հիւրաբար ներկայ էր Թուրքիայի Հանրապետութեան խորհրդարանի նախկին պատգամաւոր Կարո Փայլանը։ Յընթացս ս. պատարագի յարգելի հիւրին բարի գալուստի խօսքեր յղեց Արեւմտեան թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը, ի մասնաւորի նշելով Տիար Փայլանի երկարամեայ ջանքերը Թուրքիայում Հայոց ցեղասպանութեան ճանչման առաքելութեան, հայ-թուրքական հարաբերութիւնների կարգաւորման, հայոց հարցի արդարացի լուծման ուղղութեամբ։ Սրբազան հօր խօսքը արժանացաւ ներկայ հաւատացեալների բուռն ծափողջոյններին։
Ս. Պատարագի աւարտից յետոյ Կարո Փայլանը հոգեւոր հայրերի ուղեկցութեամբ, ժողովուրդի միջով Մայր տաճարից ուղեկցուեց Առաջնորդարան, եւ այդ ընթացքում եկեղեցու յարակից հրապարակում ջերմ զրոյցներ եւ մտքերի փոխանակութիւններ ունեցաւ ներկայ հայորդիների հետ, արժանացաւ բարեմաղթանքների, շատերը նկարահանուեցին իր հետ։
Այնուհետեւ Կարո Փայլանը Արեւմտեան թեմի Առաջնորդարանում առանձին հանդիպում ունեցաւ Առաջնորդ Սրբազանի՝ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի հետ, զրոյցի ընթացքում շօշափուեցին հայապահպանութեան հետ առընչուող տարբեր թեմաներ։ Տիար Փայլանը մասնակցեց նաեւ Առաջնորդարանում կազմակերպուած հանդիսութեանը։
Կարդացեք նաև
Կարո Փայլանի այցելութեան կապակցութեամբ հարկ ենք համարում նշել, որ մամուլում ի յայտ եկած որոշ խեղաթիւրումներ տեղին չեն եւ չեն համապատասխանում իրականութեանը։
Դիւան Առաջնորդարանի