Թերևս ներքին վախերից դրդված՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են պառակտում մտցնել հասարակության շրջանում, թիրախավորում են եկեղեցին, այս պարագայում՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին: Իշխանությունը կորցնելու վա՞խ կա: «Չեմ կարծում, թե իշխանության բոլոր էլեմենտներն են այս իրավիճակում ինքնամոռաց պաշտպանում այս մարդկանց: Շատերն են հասկանում, թե ինչ է կատարվել, ինչ է արել այս իշխանությունը, ինչ հետևանքներ է սա ունենալու նաև իրենց համար հետագայում: Ոչ մի իշխանություն հավերժ չէ: Կան գործիչներ, որոնք, տարբեր պատճառներից ելնելով, ամբողջությամբ մեղսակից են այս հակասահմանադրական, հակապետական, հակաանկախական գործողություններին, երկրի թրքացման գործընթացին:
Կորցնելու բան չունեն և «առաջ են ընկնում»՝ շատ լավ հասկանալով, որ հետագայում իրենց ճակատագիրը մեղմացնելը դժվար է լինելու: Մատների վրա կարելի է հաշվել գործիչների, որոնք այս գործընթացներում մեծ ակտիվություն են ցուցաբերում: Կան մարդիկ, որոնք դեպքերի բերումով են հայտնվել սրա մեջ, ուղեղ են ունեցել և ինչ-որ փուլում հետ են քաշվել: Շատերը բավականին զուսպ են և հասկանում են, որ առհասարակ պետք չէ կամուրջներն այրել ապագայի հետ»,-ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Անդրադառնալով եկեղեցու և հոգևորականների դեմ արշավին՝ նախ ընդգծում է՝ Հայ առաքելական եկեղեցին մեր մնայուն ինստիտուտն է: «Այլ համապատասխան ինստիտուտներ չունենք, որոնք կարողանում են բոլոր տիպի արհավիրքների ժամանակ մնալ իրենց դիրքերում: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կորցնում է իր պետականությունը, եկեղեցին միակ ինստիտուտն է, որը հայապահպան և պետականապահպան գործով է զբաղվում: 2020 թ.-ից հետո Հայաստանում պետականության, սուվերենության մակարդակը պատմական ամենացածր կետում է, երկիրն աշխարհաքաղաքական մի քանի կենտրոնների կառավարման տակ է, իշխանությունն էլ այս կամ այն աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ կենտրոնի օպերատորն է, Հայ առաքելական եկեղեցին, կրկին մնալով միակ հայապահպան, ազգային ինստիտուտը, իր վրա վերցնում է պետությունը պահպանելու գործառույթը: Որպես այդպիսին՝ պետություն չունենք:
Դասական քաղաքագիտական առումով մեր պետությունը կոչվում է «failed state»՝ չկայացած պետություն: Սահմանվում է, որ եթե պետությունը չի կարողանում պահպանել իր երկրի սահմանները, տնտեսական շահը, անվտանգությունը, պետություն չի համարվում, տապալված պետություն է: Հայ առաքելական եկեղեցին պատմության մեջ հերթական անգամ ստանձնել է բոլոր առումներով հայապահպանության առաքելությունը: Պարզ է, որ այն ուժերը, որոնք կործանեցին պետությունը, սկզբում՝ Արցախի Հանրապետությունը, հիմա էլ կործանում են Հայաստանի Հանրապետությունը, եկեղեցու ինստիտուտի դեմ կատաղի պայքար են մղում, առավել ևս, որ նրանք կատարում են դրսի պատվերը: Սա ակնհայտ եղավ այն պահին, երբ փորձեցին Սահմանադրություն փոխել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով: Բոլորը հասկանում են, որ այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է»:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում