Լրահոս
Օրվա լրահոսը

Հիպերպիգմենտացիայի՝ մաշկի գունային փոփոխությունների, բծերի առաջացման պատճառներն ու դրանց վերացման մեթոդները

Ապրիլ 23,2024 09:30

Հիպերպիգմենտացիան տարածված խնդիր է, որի դեպքում մաշկի որոշ հատվածները մգանում են։ Այն կարող է դրսևորվել տարբեր չափսերի սև, դարչնագույն, մոխրագույն, կարմիր կամ վարդագույն բծերի տեսքով։ Այդ բծերը, կախված առաջացման պատճառից, տարբեր կերպ են անվանում՝ տարիքային, արևային կամ լյարդային բծեր։

Հիպերպիգմենտացիա կարող է առաջանալ մարմնի որևէ հատվածում կամ տարածվել ողջ մարմնով։

Որո՞նք են հիպերպիգմենտացիայի առաջացման պատճառները

Մաշկն իր գույնը ստանում է մելանին կոչվող նյութի շնորհիվ, որն արտադրվում է մաշկի բջիջների կողմից։ Վնասված կամ անառողջ բջիջները կարող են չափից ավելի մելանին արտադրել, որը կուտակվելով՝ մաշկի որևէ հատվածին կարող է ավելի մուգ երանգ հաղորդել։

Հիպերպիգմենտացիայի զարգացման պատճառ կարող են դառնալ որոշ հիվանդություններն ու տարբեր գործոնները, օրինակ՝

  • Մակերիկամների հիվանդությունները, ինչպիսին Ադիսոնի հիվանդությունն է, որի դեպքում օրգանիզմը չի արտադրում բավարար քանակով կորտիզոլ հորմոն։

Ադիսոնի հիվանդությունը կարող է հիպերպիգմենտացիա առաջացնել մաշկի ծալքերում, շրթունքների, արմունկների ու ծնկների շրջանում, ձեռքերի ու ոտքերի մատներին, այտերին։

  • Հիպերպիգմենտացիա կարող է առաջացնել նաև հեմոքրոմատոզը․ ժառանգական հիվանդություն, որի դեպքում օրգանիզմում չափից ավելի երկաթ է կուտակվում։
  • Ժառանգականությունը, օրինակ՝ եթե ընտանիքում տարածված են պեպպենները։
  • Հորմոնալ փոփոխությունները, որոնք կարող են առաջանալ սեռական հասունացման կամ հղիության ընթացքում։
  • Մաշկի վնասվածքները, օրինակ՝ պզուկները, կտրվածքներն ու այրվածքները։ Դրանք երբեմն անվանում են հետբորբոքային հիպերպիգմենտացիա։
  • Որոշ դեղամիջոցներ՝ հակաբեղմնավորիչներն ու լույսի նկատմամբ զգայունություն առաջացնող դեղորայքը։
  • Մելազման․ հիպերպիգմենտացիայի այս տեսակը հաճախ է հանդիպում հղիության ընթացքում։
  • Որոշ վիտամինների, օրինակ՝ B12 -ի և ֆոլաթթվի անբավարարությունը,
  • Արևային վնասվածքները (այդ բծերը հաճախ անվանում են արևային լենտիգո),
  • Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները։

Ինչպե՞ս ազատվել հիպերպիգմենտացիայից

Նախ նշենք, որ հիպերպիգմենտացիան հիմնականում անվնաս է և առանձնապես բուժում չի պահանջում։ Հիպերպիգմենտացիայի դեմ պայքարելու համար կարող են կիրառվել մի շարք մեթոդներ․

Տեղային օգտագործման միջոցներ, որոնք պարունակում են հետևյալ բաղադրամասերը՝

  • ազելաինաթթու,
  • ցիստեամին,
  • վիտամին C,
  • հիդրոքինոն,
  • կորտիկոստերոիդներ,
  • կոջիկ թթու,
  • ռետինոիդներ, ինչպիսին տրետինոինն է,
  • արբուտին,
  • գլիկոլաթթվի պիլինգ,
  • մեքինոլ,
  • նիացինամիդ,
  • N-ացետիկ գլյուկոզամին,
  • սոյա։

Ստերոիդներ ու հիդրոքինոն պարունակող քսուկները կարող են ազդել մաշկի գույնի վրա օգտագործելուց
3–6 ամիս հետո։ Դրանք նաև կարող են կողմնակի ազդեցություններ առաջացնել, այդ թվում՝

  • մաշկային ցան ու գրգռվածություն,
  • այրոց,
  • բորբոքային երևույթներ,
  • մաշկի կարմրություն,
  • մաշկի ծայրահեղ չորություն,
  • ալերգիկ ռեակցիա կամ կոնտակտային դերմատիտ և այլն։

Հաշվի առնելով այս ազդեցությունները՝ հիշյալ բաղադրությամբ սպիտակեցնող քսուկներ օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել մաշկաբանի հետ։

Որոշ կոսմետիկ միջամտությունները ևս կարող են նվազեցնել հիպերպիգմենտացիան։ Դրանք են՝

Այս միջամտությունները ևս պետք է իրականացնել մաշկաբանի հետ խորհրդակցելուց հետո։

Տնային միջոցներ հիպերպիգմենտացիայի դեմ

Իհարկե, այս միջոցների արդյունավետությունն ապացուցող լայնածավալ հետազոտություններ չեն իրականացվել, սակայն դրանք ավանդաբար օգտագործվել են ու ցուցաբերել դրական ազդեցություն։ Իհարկե, այս դեպքում ևս արժե հիշեցնել, որ ցանկացած նոր միջոց օգտագործելիս ավելի ճիշտ կլինի այն նախ կիրառել մաշկի փոքրիկ հատվածում՝ համոզվելու համար, որ նյութը մաշկի գրգռվածություն չի առաջացնում։

2018 թ․-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ բնական այս միջոցներն արդյունավետություն են ցուցաբերել հիպերպիգմենտացիայի դեմ պայքարում։

Հալվե

Հալվեի կազմում առկա ալոէզին միացությունը կարող է սպիտակեցնել մուգ հատվածները, քանի որ ճնշում է մելանինի արտադրությունը։

Մատուտակ

Մատուտակի մզվածքը ևս կարող է թեթևացնել հիպերպիգմենտացիան, ինչպես նաև գործել հակաբորբոքային, հակաօքսիդանտային ազդեցություն։ Մատուտակի մզվածքը անվանում են գլաբրիդին․ այն կարող է ներառված լինել նաև որոշ քսուկների կազմում։

Կանաչ թեյ

Կանաչ թեյի մզվածքը ևս կարող է թեթևացնել հիպերպիգմենտացիան։ Այն նաև հայտնի է իր հակաօքսիդանտային ու հակաբորբոքային պոտենցիալ ազդեցությամբ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման ու բուժման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Cleveland clinic, Medical News Today

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930