ԱԺ առջեւ քաղաքացի Էլեոնորա Մանանդյանի նախագահությամբ եւ նրան միացած մի խումբ գաղափարակիցիների մասնակցությամբ կայացավ Նիկոլ Փաշինյանի հանրային դատի առաջին նիստը։
Միջոցառումից առաջ տիկին Մանանդյանը լրատվամիջոցներին ասաց. «Մենք այսօր մի քանի իրական հայ մարդկանցով հավաքվել ենք, որպեսզի կազմակերպենք եւ իրականացնենք Նիկոլի հանրային դատը, որովհետեւ 3,5 տարի շարունակ մենք հայտարարում ենք, որ Նիկոլը հանցագործ է։ Առաջին հերթին ինքը դավաճան է հենց քրեական օրենսգրքով, այլ ոչ թե մեր հայտարարությամբ։ Ինքը հանցագործ է եւ պիտի դատվի։ Հակառակ դեպքում մենք արդեն իսկ հայտնվել ենք կործանման եզրին։
Մենք անընդմեջ բոլորին կանչում ենք, որպեսզի վկայակոչենք, որ այս ամենը խիստ վտանգավոր է, սակայն իրական քայլեր ոչ ոք չի նախաձեռնում։ Եվ 3,5 տարի շարունակ մենք սպասում ենք, որ իրական ընդդիմադիր ուժը քայլեր ձեռնարկի, որպեսզի ի վերջո տապալի դավաճանի իշխանությունը։ Սակայն ոչ մի բան, ցավոք սրտի, չի փոխվում։
Կարդացեք նաև
Հիմա արդեն մենք կորցրել ենք Արցախը, կորցրել ենք մի շարք տարածքներ Սյունիքում, Վայոց Ձորում։ Իսկ հիմա Նիկոլը ձեռնամուխ է հանձնելու արդեն Տավուշի մարզի մի շարք հողերը։ Ընդ որում, այդ ամբողջը անում է բացարձակ ապօրինի’ ոչ մի ձեւով չառաջնորդվելով ոչ միայն Հայաստանի սահմանադրությամբ, այլ նաեւ հայոց ոգով»։
Տիկին Մանանդյանը դժվարացավ ցույց տալ, թե կոնկրետ ինչ հանցանքի մեջ է մեղադրվում Նիկոլ Փաշինյանը։ «Նրա հանցագործություններն այնքան շատ են, որ մենք չկարողացանք դրանք նույնիսկ համախմբել։ Եվ առանձնացրինք միայն 29-ը։ Բայց իրականում դա անհամեմատ շատ է։ Ամենահնչեղ հանցանքը, իհարկե, մեր սրբազան հողերը հանձնելն է։ Հողի համար մարդիկ դարեր շարունակ թափում են արյուն, դարեր շարունակ վաստակում են հողին տիրանալու իրավունքը։ Մենք երբեք թշնամական չենք եղել ոչ մեկի հանդեպ։ Բայց մենք ուզում ենք մեր հողի վրա սեփական կամքով ապրել ։
Ես միշտ ընդդիմադիր եմ եղել, պայքարել եմ նաեւ նախկին իշխանության դեմ։ Այն ժամանակ մենք մտածում էինք’ ավելի վատը չի կարող լինել։ Բայց երբ Նիկոլը եկավ իշխանության, բոլորս հասկացանք, որ սա սարսափելի է։ Առաջ խոսում էինք սոցիալական անարդարության, հիմա’ ազգի դավաճանության մասին։ Դա այնքան սարսափելի է, որ ես վստահ էի, որ 2020-ի նոյեմբերի 10-ին տեղի կունենա իրական հեղափոխությունը»,-ասաց Էլեոնորա Մանանդյանը’ պատասխանատվությունը դնելով արմատական ընդդիմության վրա։
Բայց նա հույս ունի, որ վաղը ինչ-որ բան կփոխվի։ «Ես հույս ունեմ, որ վաղը ինչ-որ բան կփոխվի։ Դրա համար մեր կոչերից մեկն է, որ վաղվա ջահերով երթը այլեւս չլինի ուղղված զուտ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաեւ հենց առաջին հերթին նպատակաուղղված լինի Հայաստանում թուրքի հիմնական ներկայացուցիչ անձի եւ հիմնական հանցագործի նստավայր»,- ասաց հանրային մեղադրողի դերն ստանձնած Էլեոնորա Մանանդյանը։
Արդյոք մեղմացուցիչ հանգամանքներ չկան եւ ի վերջո ինչ դատավճիռ է հրապարակվելու, տիկին Մանանդյանը մատնանշեց միջազգայնորեն մանրամասն ինքնախոստովանական ցուցմունքները։ Իսկ դատավճռի մասին ասաց. «Մահապատիժ Հայաստանում չկա։ Նրա մեղադրանքներն այնքան շատ են, որ եթե քրեական օրենսգրքով գումարենք, մի 500 տարի կնստի այս եւ մյուս կյանքերում»։
Վերջում տիկին Մանանդյանը Aravot.am-ին փոխանցեց, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց, իսկ հաջորդ նիստի օրվա ու ժամի մասին կտեղեկացնի լրացուցիչ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Էն ո՞վ էր ասում, թե վեթինգն ու դատական ռեֆորմը կիսատ են մնացել։
Նման կատարյալ դատավարության մեկ էլ հոգեբուժարաններում կարելի է ականատես լինել։