Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայերը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլ 22,2024 22:33

Իրանի հայկական համայնքներում անցյալ տարիների նման, օրեր առաջ կյանքի են կոչվել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հանձնախմբեր։ Հրապարակվել են միջոցառումների ծրագիր․ Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի հայոց թեմի լրատու կայքից տեղեկանում ենք, որ 18 ապրիլին Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության սրահում բացվել է Հայաստանաբնակ նկարիչ Արթուր Մանուկյանի ցուցահանդեսը։

Սկսած 21 ապրիլից հայոց դպրոցների, միությունների և հաստատությունների ներկայացուցիչները Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գտնվող Հայոց Ցեղասպանության հուշարձանի մոտ, մասնակցել են ծաղիկների մատուցման արարողության։ Այսօրվանից մինչև մայիսի 3-ը Թեհրանի հայկական բոլոր միություններում՝ այդ թվում «Փերիո Կրթասիրաց», «ՀՈՒՍԿ», «Սիփան», «Նայիրի», «Հայ Կին», «Անի», «Անահիտ», «Հայկական Բարեգործական Ընդհանուր», «Իրանահայ Ազգային Մշակութային», «Սարդարապատ», «Չհարմահալ», «Րաֆֆի», Ուսուցիչների, Գրողների և Բժիշկների միություններում տեղի են ունենալու բանախոսական և գրական-գեղարվեստական երեկոներ, ռադիո-բեմադրություն, ֆիլմի ցուցադրում։ Վաղը՝ Ապրիլի 23-ին,  նույն հուշարձանի շրջափակում տեղի կունենա հիշատակի և մոմավառության երիտասարդական ձեռնարկ։ Հատուկ երեկո է նախատեսված նաև իրանցի ոչ-հայ մտավորականների համար։ Ցեղասպանության 109-ամյակի ոգեկոչման հանձնախմբի հրավիրած կենտրոնական միջոցառումը տեղի կունենա ապրիլի 24-ի առավոտյան՝ Սուրբ Սարգիս եկեղեցու շրջափակում, իսկ երեկոյան «Արարատ» մարզավանի սրահում։ Կենտրոնական միջոցառման բանախոսն է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

***Սպահանի թեմի կողմից կյանքի կոչված հանձնախումբը ևս հայտարարել է, որ ապրիլի 23-26 ի համար նախատեսել է եկեղեցական, գեղարվեստական, բանախոսական և մարզական միջոցառումներ, նաև մոմերով երթ Սբ Ստեփանոս եկեղեցուց դեպի «Արարատ» միություն։

***Ելնելով Իրանում տիրող յուրահատուկ վիճակից այս տարի ևս Թեհրանում և Սպահանում մեծ երթ կամ պարսկերեն լեզվով քարոզչական թերթիկների տարածում նախատեսված չէ։ Նման երթերը քարոզչական լայն արձագանք են ստանում և մամուլի ուշադրությունն են գրավում։

 

Տիգրան Դավուդյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930