Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունը պետք է տեր կանգնի այս մարդկանց ճակատագրին։ Ադրբեջանում զգում են, որ չկա այդ արձագանքը, պարզ է՝ գնալու են ավելի ծանր քայլերի»․ Աշոտ Ղուլյանը՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գործիչների մասին

Ապրիլ 22,2024 21:12

«Այս իշխանություններն ամեն ինչ արել են, որ 1988-ի ուժը կորցնենք, որ այն եռամիասնությունը, կամքը, երազանքը, որ ունեինք, չկարողանանք մինչև վերջ տանել»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիրների ասուլիսի ժամանակ Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է այլընտրանքային ճանապարհով գնալ այս իշխանության օրոք, այսպես պատասխանեց ԱՀ ԱԺ նախկին նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ըստ նրա՝ իրենց հաշվարկներով հինգ-վեց տասնյակ ամենալավ տարիքում ու ուժերում գտնվող դիվանագետներ կան, որ այսօր ներգրավված չեն արտաքին քաղաքականության մեջ, հակառակը, փորձում են նրանց դուրս մղել համակարգից․ «Այս քաղաքական գիծը շարունակվում է։ Ցեղասպանության ճանաչման այս ճանապարհին քայլեր են կատարվում, որ կամ պետք է շրջադարձ լինի, կամ գոնե ստուգվում է հանային կարծիքը։ Արցախն այն թեստն է եղել, թե ինչ կարող ենք անել ՀՀ-ի ուժեղ արտաքին քաղաքականության պարագայում։ Այն, ինչ մեզ հաջողվել է անել նախորդ տարիներին, 2018-ից հետո կորցրել ենք։ Արցախը հայտնվել է մեն-մենակ իր հակառակորդների դեմ։ Ադրբեջանի վախը եղել է համահայկական ներուժը։ Երբ մենք ցույց ենք տվել, որ Արցախը կարող է լինել մենակ, ունեցել ենք մեծ խնդիրներ Արցախի հետ կապված։ Դա միայն Արցախի հայաթափմամբ չի ավարտվել․ այն, ինչ կատարվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Բաքվի բանտերում՝ այդ նույն երևույթի ծայրահեղ ու անցանկալի դրսևորումն է։

Ռուբեն Վարդանյանի հացադուլը, երկու շաբաթ անց դրա մասին իմանալը։ Սա մի բացատրություն ունի, որ ՀՀ-ն՝ որպես պետություն, իշխանություն, տեր չի կանգնում իր հայրենակիցներին, գործընկերներին։ Ես կարող եմ ենթադրել՝ բացատրություններ կլինեն, թե փակ դռների հետևում է խոսվում և այլն։ Սա մարդկային ճակատագրերին է վերաբերում, կոնկրետ մարդկանց մասին է, որոնք միջազգային հանրության հետ տարիներով բանակցություններ են վարել Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու։ Հիմա Ադրբեջանն այդ մարդկանց ներկայացնում է՝ որպես ահաբեկիչներ, անջատողականներ։ Արդյոք այս վիճակում այսպե՞ս պիտի պահենք մեզ։ ՀՀ-ի իշխանությունը պետք է տեր կանգնի այս մարդկանց ճակատագրին, երբ Ադրբեջանում զգում են, որ չկա այդ արձագանքը, պարզ է, որ գնալու են ավելի ծանր քայլերի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930