Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը. «Փաստինֆո»

Ապրիլ 22,2024 20:55

Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել և սահմանազատում իրականացնել միայն այն տարածքներում, որոնք Ադրբեջանը պահանջում է և որոնք առաջնային են Ադրբեջանի համար՝ չնայած չունի որևէ երաշխիք, որ Ադրբեջանը կարող է զորքերը հետ քաշել օկուպացրած տարածքներից։ Այս մասին է վկայում ՀՀ կառավարության ուղղված «Փաստինֆոյի» հարցման գրավոր պատասխանները։

Նկատենք, որ ներքոնշյալ հարցերին պատասխանելու համար Փաշինյանի աշխատակազմին պահանջվել է 1 ամիս. լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն էին տեսել։

 Հարց- ՀՀ այն մակետը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր վերջին ասուլիսում, ինչ քարտեզների հիման վրա է կազմվել:

Պատասխան – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, համաձայն որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանները՝ համաձայն իրավական հենք ունեցող տոպոգրաֆիկ քարտեզների:

Հարց – Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը քանի՞ քառակուսի կիլոմետր է: Որն է այդ մակետի իրավական հիմքը, ում կողմից է պատրաստվել:

Պատասխան – Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է և դրա իրավական հիմքն Ալմա-Աթայի հռչակագիրն է և իրավական հենք ունեցող տոպոգրաֆիկ քարտեզների վերլուծության արդյունքները:

Հարց – Արդյո՞ք Ադրբեջանը համաձայնել է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունն այդ ընդգրկմամբ, որը ներկայացված է այդ մակետում:

Պատասխան – Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը վերահաստատվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, և դա արձանագրվել է գրավոր: Հետագայում այդ պայմանավորվածությունը Ադրբեջանի և Հայաստանի կողմից վերահաստատվել է Սոչիում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին և Բրյուսելում 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին: Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2024թ. ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը կրկին վերահաստատել է Ադրբեջանի հավատարմությունը Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին:

Հարց – Ինչու՞ սահմանազատման գործընթացը չի շարունակվում նախ և առաջ Սյունիքի մարզից, որտեղ դեռ 2020 թ.-ի պատերազմից հետո ադրբեջանական կողմը սկսել էր սահմանագծում իրականացնել՝ ներկայացնելով GPS քարտեզները:

Պատասխան – Այս հարցը քննարկելիս հիմք է ընդունվում այն հանգամանքը, որ դա սահմանի ամենաբարդ հատվածներից մեկն է, նաև այն պատճառով, որ Ադրբեջանը բարձրացնում է և Հայաստանի դեմ միջազգային ատյաններում օգտագործում է ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ Ադրբեջանական ԽՍՀ 4 գյուղերի հարցը, որոնք չեն եղել Հայկական ԽՍՀ տարածքում:

Հարց – Արդյո՞ք հայկական կողմը պատրաստակամ է միակողմանի դուրս գալ Ադրբեջանի կողմից պահանջված տարածքներից, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, որոնք օկուպացրել է 2020 թ.-ից հետո:

Պատասխան – Որոշ կարևոր սկզբունքների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու պարագայում, հայկական կողմը պատրաստ է այդ հատվածում սահմանազատման և սահմանազատման արդյունքների իրագործման, եթե ապահովված լինեն անվտանգային, իրավական և սոցիալական անհրաժեշտ երաշխիքները:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930