Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրա նպատակն է ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղապետերի կամ բնակիչների վրա»․ Սուրեն Պետրոսյանը՝ փոխվարչապետի եւ Տավուշի համայնքապետերի հանդիպման մասին

Ապրիլ 22,2024 20:02

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այս պահին հանդիպման են Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր բնակավայրերի վարչական ղեկավարներն ու Նոյեմբերյան, Իջեւան համայնքների ղեկավարները, որոնք ընդգրկված են Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբում։

Այս պահին, նշենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը Կիրանցում շարունակում է փակ մնալ։ Այստեղ բողոքի ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:  Այսինքն, Ադրբեջանին փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղեր։

Տեղացիների բողոքի ցույցներին են միացել նաեւ հասարակական, քաղաքական գործիչներ եւ ուժեր։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, որը բողոքի ցույցի առաջին իսկ օրերից է Տավուշում է,  մասնակցում է ցույցին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ որեւիցե մեկը չի կարող համակերպվել, համաձայնվել այնպիսի որոշման հետ, որ գան ասեն՝ միակողմանի հանձնվում է․«Ես վստահ եմ, որ գյուղի բնակիչները, համենայնդեպս, ճանապարհը փակածներից որեւէ մեկը չի համաձայնվելու»։

Մհեր Գրիգորյանի եւ համայնքապետերի հանդիպմանն անդրադառնալով՝ Պետրոսյանն ասաց․«Նախ՝ այդ գործընացը խորքային առումով շատ անհեթեթ է, ստացվում է, որ ամեն գյուղ պետք է իր սահմանները որոշի, այսինքն, ստացվում է գյուղացիները կարող են որոշել սահմանները, եւ ըստ դրա՝ փոխել պետության սահմանները։ Այս գործընթացն ընդհանրապես չպետք է արվի վարչական ղեկավարների կամ գյուղապետերի միջոցով։ Սա անհեթեթ է։ Դրա հիմնական նպատակն է ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղապետերի կամ բնակիչների վրա, որ հետո գան, ասեն՝ մենք ձեզ հետ համաձայնեցրել ենք՝ պետական սահման է, թուրքը որտեղ պետք է կանգնի, ինչը պետք է զիջենք, դուք ասել եք՝ այո, մենք էլ արել ենք, ինչ եք ուզում մեզանից»։

Պետրոսյանն ասաց, որպեսզի գործընթացը կանգնեցվի, պետք  է հանրապետությունում միջպետական ճանապարհները պարալիզացնել, ընդվզման օջախներ ձեւավորել։

«Գիշերելու ենք այստեղ, ու այստեղից գործընթացը թափ է առնելու»,-ասաց Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Բավրա համայնքում քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի, փակել էին միջպետական ճանապարհը, նույնպիսի ցույց էր նաեւ Լոռիում, Ալավերդու հատվածում եւս փակել էին ճանապարհը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930