«Մեր ազգային անվտանգության, մեր պետության անվտանգության հետ կապված խնդիր կա, դրա համար էլ այսօր Կիրանցում եմ: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ առիթն օգտագործեմ եւ մեր հայրենակիցներին կոչ անեմ, որ դուրս գան իրենց սոցիալական, կենցաղային վիճակներից եւ մտածեն մի քիչ հայրենիքի մասին: Այսօր Կիրանցը, Տավուշը վտանգի տակ են, բոլորիս կարիքը կա այստեղ գտնվելու եւ թույլ չտալու, որ այս հակապետական ծրագիրն իրականացվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:
Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն արդեն երրորդ անգամ է Տավուշ գալիս: Դերասանն ասում է, որ Տավուշում մարդկանց ու աջակցության կարիք կա:
«Այստեղ մարդիկ են հավաքվել, ճանապարհը փակել: Պահի տակ միտք ծնվեց լայվ մտնել, որ մարդիկ, որոնք Երեւանում են ու ոչ այստեղ, տեղեկություն ունենան, թե ինչ է կատարվում այստեղ»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Տավուշի թեմի առաջնորդը՝ Բագրատ սրբազանն էլ հավելեց, որ առավոտյան խոսել է մշակույթի գործիչների մասին, ու կարծում է, որ ամեն մարդ իր կեցվածքը պետք է հայտնի, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, այստեղ ոչ թաքնվելու տեղ է, ոչ խխունջանալու, ոչ էլ վերմակը վրան քաշելու:
«Ես ուրախ եմ, որ այստեղ եք գտնվում, որոշակի իմաստով մարդկանց մտքերն ու սրտերը կշարժեք, թե ինչ կարեւորություն ունի Տավուշում գտնելը… Այստեղ Կիրանցի, Ոսկեպարի ժողովուրդն է կանգնած, տարբեր բնակավայրերից են եկել, նաեւ Երեւանից, մարդիկ փորձում են խոչընդոտել ականազերծման գործընթացը: Ամբողջ գործընթացն ապօրինի է՝ ստի վրա հիմնված, հայրենիք հանձնելու գործընթաց է»,-ասաց սրբազանը Հայկ Պետրոսյանին:
Ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, գործիքավորող եւ կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցը եւս միացել է տավուշցիներին: Նրա ձեւակերպմամբ, հերթական ազգադավ գործողությունն է իրականացվում, այդ շղթան շարունակվում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ