Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Նավթը չպետք է պատճառ դառնա, որ մարդիկ այլ կերպ նայեն նրա վայրագություններին». Կոնգրեսական Քրիս Սմիթ

Ապրիլ 22,2024 18:50

Մի շարք կոնգրեսականներ ոգեկոչում են Հայոց ցեղասպանությունը Կապիտոլիումի բարձունքում

Կոչ են անում հատկացնել ընդլայնված մարդասիրական օգնություն և պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի համար

 

Վաշինգտոն – Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը տեղի ունեցավ Կապիտոլիումի բարձունքում, ս.թ. ապրիլի 17-ին, Կապիտոլիումի այցելուների կենտրոնում, երկկուսակցական միջոցառման շրջանակներում՝ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հետ համագործակցությամբ՝ ներկայացնելով 2022թ.-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր և այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնի խորհրդական, հատուկ հյուր` մեծարգո Աստրիդ Փանոսյան-Բուվեին։

Ներկա կոնգրեսականներն ընդունելով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և անդրադառնալով ամերիկահայ պատմության վճռորոշ պահին, ընդգծեցին Արցախի հայ ժողովրդի համար ընդլայնված մարդասիրական օգնության և Հայաստանի ինքնիշխան սահմանների պաշտպանության անհրաժեշտությունը:

Սենատոր Էդվարդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս) հիշեց Ադրբեջանի «լայնածավալ հարձակումը» Արցախի դեմ, որը պատճառ դարձավ տարածաշրջանից ավելի քան 100,000 անձանց զանգվածային արտագաղթի՝ վախենալով էթնիկ զտումներից և հումանիտար ճգնաժամից՝ որպես հարձակման հետևանք:

«Զինադադարի և տարածք անվտանգ վերադարձի մասին Ադրբեջանի սուտ խոստումը իրականություն չդարձավ»,- ասաց նա։ «Փոխարենը, այն, ինչ մենք տեսնում ենք, այն է, որ Ադրբեջանն ապօրինաբար կալանավորել է ռազմագերիներին, հրաժարվել է հետ քաշել իր ուժերը Հայաստանի տարածքից, սպառնացել է նոր հարձակումներով և հայ ժողովրդին առաջադրել է առավել խիստ պահանջներ»։

Նա շարունակեց. «Ադրբեջանին ես ասում եմ «ոչ» ինքնիշխան հայկական հողերը հանձնելու հարցում, այդ իսկ պատճառով երեկ երեկոյան ես հպարտությամբ ներկայացրեցի Սենատի երկկուսակցական բանաձևը, որով Բայդենի վարչակազմից կպահանջվի զեկուցել Ադրբեջանի մարդու իրավունքներին հետևելու պրակտիկայի և մարդու իրավունքների խախտումների մասին, ինչպիսիք են՝ խոշտանգումներ, անօրինական սպանություններ, էթնիկ զտումներ և հայկական մշակութային ժառանգության ոչնչացում»։

Նա հայտարարեց, որ ԱՄՆ-ը չպետք է լռի Ադրբեջանի էթնիկ զտումների վերաբերյալ, և պետք է հրաժարվի Ադրբեջանի պահանջներից, որ Հայաստանը հանձնի իր հողերը։

Սենատոր Բոբ Մենենդեզը (դեմոկրատ, Նյու Ջերսի) հիշեց պատմական պահը, երբ նախագահ Բայդենը Հայոց ցեղասպանությունն իրոք «Ցեղասպանություն» անվանեց՝ նշելով, որ դա պայմանավորված էր ամերիկահայ համայնքի նվիրվածությամբ և հանձնառությամբ:

«Դա քաղաքացիական մասնակցության ուղերձ է, որ դուք կարող եք փոխել իրադարձությունների ընթացքը, և մենք միասին փոխեցինք իրադարձությունների ընթացքը»,– ասաց նա՝ ընդունելով իր սեփական ծագումը որպես Կուբայից փախստականների ընտանիքի ժառանգ: Չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման հաջողությանը, նա հայտարարեց, որ Ադրբեջանի հարձակումներն Արցախի վրա «ողբալի» էին։

Սենատոր Մենենդեզը կոչ արեց դադարեցնել 907 Բանաձևի կասեցումը` կանխելու «ադրբեջանական կառավարությանը զենքի տրամադրումը»: Նա նաև նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) օգնությունը Արցախի տեղահանված հայ ժողովրդին «չնչին» է եղել, և «պետք է ավելին անել»:

Սենատոր Գարի Փիթերսը (դեմոկրատ, Միչիգան), ով Հայաստանում էր 2023թ.-ի սեպտեմբերին Լաչինի միջանցքի վրա հարձակման և դրան հաջորդած Արցախի հայ ժողովրդի զանգվածային տեղահանման ժամանակ, ընդգծեց «անընդունելի էթնիկ զտումները» և իր հիասթափությունը, որ «համաշխարհային հանրությունը չբարձրաձայնեց այս մասին, այն ոճրի մասին, որ դա եղել էր և կա»:

Սենատոր Փիթերսը, ով գլխավորեց 2023թ.-ին Հայկական պաշտպանության ակտի միաձայն ընդունումը, շարունակեց. «Ադրբեջանը չպետք է ստանա ԱՄՆ աջակցությունը», և որ Ադրբեջանի գործողությունների համար պետք է հետևանքներ լինեն։

«ԱՄՆ-ը հանդես է գալիս հանուն անկախության, հանուն ազատության, և մենք հանդես ենք գալիս էթնիկ զտումների դեմ, և եթե մարդիկ խախտեն այդ դրույթները, մենք կապահովենք, որ այդ մարդիկ վճարեն դրա գինը»:

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) ասաց, որ միակ տարբերակը, թե ինչպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կարող է պաշտպանել Հայաստանին՝ «ուժեղ Հայաստան ունենալն է, ոչ միայն տնտեսական, այլև ռազմական առումով», և դրդել Պետքարտուղարությանը դադարեցնել 907 Բանաձևի կասեցումը:

«Իհարկե, մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց դա կարող է տեղի չունենալ այնքան ժամանակ, մինչ Ադրբեջանը չիմանա, որ Հայաստանն ուժեղ է և կարող է հետ մղել հարձակումը, և դաշնակիցներ ունի՝ հարձակում հետ մղելու համար»,– ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է ավելի շատ մարդասիրական աջակցություն լինի հայ ժողովրդի համար: «Մենք գիտենք, որ ուժեղ Հայաստանը հայ ժողովրդին պաշտպանելու միակ ճանապարհն է»:

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) անդրադարձավ Հայոց ցեղասպանության վայրագություններին և թե ինչպես էին «ամբողջական ընտանիքներ ոչնչացվել ամենադաժան և զարհուրելի ձևերով», և որ չնայած ճնշող ապացույցներին, «Թուրքիան ներգրավվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու երկար ու վտանգավոր արշավի մեջ», որը հաջողությամբ չի պսակվել, սակայն «դեռ շատ աշխատանք է մնում անելու»:

«Այս վերքերը դեռ բաց են»,– շարունակեց կոնգրեսական Շիֆը: «Նրանք դեռ չեն սպիացել, և ողբերգական ճանապարհով մեծացել են», մինչ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա 2020թ.-ին, 10 ամսով արգելափակեց Լաչինի միջանցքը 2023թ.-ին և էթնիկ զտման ենթարկեց Արցախի բնիկ հայ բնակչությանը։

«Վարչակազմի կողմից խիստ հայտարարությունների ժամանակը վաղուց անցել է»,– ասաց նա՝ իր աջակցությունը հայտնելով միշտ հայ համայնքի կողքին լինելու։ «Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ, իսկ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող անպատասխան մնալ»:

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Գաս Բիլիրաքիսը (հանրապետական, Ֆլորիդա), ընդգծեց, որ մարդու իրավունքների խախտումներն աններելի են, և որ յուրաքանչյուրն ունի «պարտականություն և պատասխանատվություն»՝ շարունակելու պայքարել հանուն հայ ժողովրդի:

Կոնգրեսական Աննա Էշուն (դեմոկրատ, Կալիֆոռնիա) ասաց, որ հայ ժողովրդի հավատքն այն է, ինչը «մեզ ուղղորդել է մութ օրերի և ավելի լավ օրերի միջով»: Նա հիշեց 2019թ.-ի այն կարևոր օրը, «երբ մենք վերջ դրեցինք Հայոց ցեղասպանության 100-ամյա լռությանը»։

«Կախված է մեզնից և միմյանց նկատմամբ ունեցած մեր հավատից, և արդարության ու պարկեշտության հանդեպ հավատից՝ հասկանալու, որ դրանք անաստված գործողություններ են, և մենք պետք է անդրադառնանք դրանց»:

Կոնգրեսական Ջուդի Չուն (դեմոկրատ, Կալիֆոռնիա), ով այցելել է Արցախ և Հայաստան, մատնանշեց, որ կան «նրանք, ովքեր ցանկանում են ջնջել պատմությունը և պնդել, որ այս ցեղասպանությունը երբևէ տեղի չի ունեցել, և մի կողմ թողնել դա, այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը վճռորոշ է»։

Նա անդրադարձավ իր ընտրողների շարքից վերապրածների պատմություններին, որոնք նրա հետ մնացին Կոնգրեսում աշխատելու ողջ ընթացքում, հատկապես Հայոց ցեղասպանության բանաձևերին աջակցելու ժամանակ:

«Մենք չենք կարող ինքնագոհ լինել (սակայն), քանի որ հայ ժողովրդի առջև ծառացած սպառնալիքները առավել բացահայտ են դարձել են»,– ասաց կոնգրեսական Չուն: «Երբ ես պատիվ ունեցա այցելել Արցախ, ես տեսա այդպիսի անհավանական մարդկանց ծաղկուն համայնքում, և ինձ ցավ է պատճառում մտածել, որ նրանք տեղահանվել են (իրենց տներից), այդ իսկ պատճառով ես շարունակում եմ աշխատել Հայկական հարցերով հանձնախմբի գործընկերների հետ՝ Ադրբեջանին այս աններելի ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու համար»:

Կոնգրեսական Ջիմ Կոստան (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կիսվեց, որ ինքը մեծացել է ամերիկահայերի հետ իր հայրենի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, և որ կարևոր է ջահը փոխանցել ամերիկահայերի նոր սերնդին:

«Ձեր եռանդը և համառ ու սրտանց ջանքերն արդյունք տվեցին»,– ասաց նա: «Ավելի շատ աշխատանք է պետք անել, քանի որ Արցախում շարունակվում են էթնիկ զտումները, և Ադրբեջանն ու  Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Նա եզրափակեց՝ հարգանքի տուրք մատուցելով և հարգելով Հայոց Ցեղասպանութեան արդյունքում իրենց կյանքերը կորցրած 1.5 միլիոն հայ նահատակներին։

Կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) հայտարարեց, որ թեև ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին քայլն է, ցեղասպանության ժխտումը նաև հաջորդ ցեղասպանության առաջին քայլն է, «որովհետև դա ոգեշնչում է բռնակալներին հավատալ, որ կարող են անպատիժ մնալ դրա համար»:

«Մեզ ասում են, որ Թուրքիան ռազմավարական դաշնակից է»,– ասաց նա։ «Ինչպիսի՞ հարաբերություններ կունենար (ԱՄՆ) ներկայիս Գերմանիայի հետ, եթե լիներ մի Գերմանիա, որը պահանջեր մոռանալ Հոլոքոստը»:

Կոնգրեսական Շերմանը շարունակեց. «Մենք կարող ենք հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, երբ այն իսկական ժողովրդավարական երկիր դառնա և երբ ընդունի իր օսմանյան անցյալը»:

Նա նշեց Հայոց ցեղասպանության կրկնության մասին, մինչ Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց Արցախում հայերի դեմ և ընդգծեց, որ 907 Բանաձևն այլևս չպետք է կասեցվի։

«Մենք պետք է ցույց տանք, որ տեղի ունեցածի համար կան հետևանքներ»,– եզրափակեց նա։ «Մենք պետք է համոզվենք, որ Հայաստանը անվտանգ է, և մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Ադրբեջանի դեմ»:

Կոնգրեսական Քրիս Սմիթը (հանրապետական, Նյու Ջերսի) կիսվեց Բաքվում նախկինում ունեցած իր փորձով, երբ հանդիպել էր Ալիևին և հանդիմանել, թե ինչ է նա անում իր ժողովրդի հետ:

«Նավթը չպետք է պատճառ դառնա, որ մարդիկ այլ կերպ նայեն նրա վայրագություններին»,– ասաց նա։ «Երբ (Ալիևը) սնունդը որպես զենք էր օգտագործում, ես հրատապ լսումներ հրավիրեցի»։

«Մենք պետք է բարձրաձայնենք այս խնդիրները, որպեսզի մամուլը չկարողանա անտեսել և չլուսաբանելով նվազեցնել կարևորությունը այն դեպքերի, որոնք տեղի են ունեցել անցյալում և ընթանում են ներկայում»,– ասաց կոնգրեսական Սմիթը: «Մենք աղոթում ենք Հայաստանի ժողովրդի համար, համերաշխ ենք նրա հետ, և մեզ պետք է քաղաքականություն, որը 1000 տոկոս կպաշտպանի նրանց»։

Կոնգրեսական Դինա Թայթուսը (դեմոկրատ, Նևադա) ասաց, որ ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը «պետք է քայլեր ձեռնարկեն և դատապարտեն» Ադրբեջանին:

«Մենք չենք կարող ոչ հստակ բառեր օգտագործել»,– ասաց նա՝ վկայակոչելով արցախցի տեղահանված հայերին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։ «Մենք պետք է դատապարտենք էթնիկ զտումները՝ ցեղասպանական միտումներով և մեր ունեցած բոլոր միջոցներով վերջ տանք դրանց»:

Կոնգրեսական Թայթուսը անդրադարձավ այն պայքարին, որը նա տարավ, որպեսզի Կոնգրեսի գրադարանը փոխի ձևակերպումը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, և անհամբեր սպասելով՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կարևորությանը:

Կոնգրեսական Սենֆորդ Բիշոփը (դեմոկրատ, Ջորջիա) ասաց, որ հայերը դեռ կանգնած են բնաջնջման վտանգի առջև և «շարունակում են զգալ Հայոց ցեղասպանության հետևանքները»:

«Այս հակամարտությունները պահանջում են մեր ներգրավվածությունը խաղաղ կարգավորման համար»,– ասաց նա։ «Մենք կարող ենք հույս քաղել վերապրածներից, այն հայերից, ովքեր եկել էին իմ գրասենյակ, որոնց ես լսեցի տարիների ընթացքում, և ես այստեղ եմ այդ արդար կոչերի պատճառով»:

Նա կարևորեց ամերիկահայերին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ԱՄՆ-ում և «մեր երկիրը դարձրել են ավելի հարուստ, ավելի լավ ու ավելի բազմազան մի վայր»: Նա շնորհակալություն հայտնեց ամերիկահայ համայնքին իրենց քարոզչության և քաղաքացիական ներգրավվածության համար, քանի որ դա «խիստ կարևոր է այս Կոնգրեսին պատասխանատվության ենթարկելու և մեր երկրին ոգեշնչելու՝ իր բարձր իդեալներին համապատասխան ապրելու համար»:

Կոնգրեսական Սեթ Մոլթոնը (դեմոկրատ, Մասաչուսեթս) հայտարարեց, որ «ճշմարտությունը միշտ կհաղթի», և որ այն «ծառայում է որպես հիշեցում աշխարհում բոլոր կեղեքիչներին, որ նրանք չեն կարող վերացնել ճշմարտությունը»:

Նա նշեց, որ հայ ժողովրդի տառապանքը չի ավարտվել, և որ «հայ ժողովուրդը ընկղմվեց արյունահեղության մեջ Ադրբեջանի հարձակումներից հետո»։

«Ճիշտ այնպես, ինչպես նրանք դա արեցին Հայոց ցեղասպանությունից հետո՝ հայ ժողովուրդը կվերականգնվի»,– եզրափակեց կոնգրեսական Մուլթոնը: «Նրանք կասեն ճշմարտությունը և կբարգավաճեն, և ԱՄՆ-ն և այս Կոնգրեսը կսատարեն նրանց»:

Կոնգրեսական Գեյբ Ամոն (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) հայտարարեց, որ մենք չենք կարող լռել Ադրբեջանի «դաժան էթնիկ զտումների արշավից» հետո։

«Մենք պետք է դատապարտենք ապակայունացնող սպառնալիքը, որն իրենից ներկայացնում է Ադրբեջանի կառավարությունը»,– ասաց նա։ «Ես ձեր դաշնակիցն եմ՝ Հայաստանը պահպանելու և պաշտպանելու մեր պայքարում»:

Կոնգրեսական Ամոն ասաց, որ ինքը կապահովի, որ ռազմական աջակցությունն «այդ ուղղությամբ չհոսի», և որ «մեր աջակցությունը Հայաստանին մեր արտաքին քաղաքականության էական մասն է»։

Կոնգրեսական Թոմ ՄաքՔլինթոքը (հանրապետական, Կալիֆոռնիա) ասաց, որ Հայոց ցեղասպանության վերքերը «երբեք չեն սպիանա», սակայն վերապրածների և նրանց ժառանգների շնորհիվ «նրանց պատմությունները երբեք չեն մոռացվի»: Նա նշեց, որ հայկական սփյուռքը ուժեղացրել է այն երկրները, որտեղ բնակվել է, և Հայոց ցեղասպանության վայրագությունները, և «դասերը, որոնք նրանք սովորեցնում են», շարունակվելու են։

Կոնգրեսական Ջամալ Բոումենը (դեմոկրատ, Նյու Յորք) ընդգծեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և խրախուսեց ամերիկահայ համայնքին կապի մեջ մնալ և կիսվել իր հետ զրույցներում, որպեսզի նա իմանա, թե որ հարցերն են առավել կարևոր առաջ մղելու համար:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ մեծարգո Աստրիդ Փանոսյան-Բուվեն մանրամասնեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև ամուր և դրական հարաբերությունների մասին և վերջինիս «համարձակ քայլը դեպի առավել ժողովրդավարացում, օրենքի գերակայություն, պայքար կոռուպցիայի դեմ և ինտեգրում Արևմուտքի չափանիշներին»:

Նա հայտարարեց, որ Ֆրանսիան առաջին ազդեցիկ երկիրն է, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 23 տարի առաջ, և որ Ֆրանսիան «մենակ չի թողնի Հայաստանին»։ Նա նշեց հայկական բանակի արդիականացումը և նրա պաշտպանունակության բարձրացումը՝ որպես Ֆրանսիայի կողմից ձեռնարկված քայլեր Հայաստանին աջակցելու համար։

Մեծարգո Փանոսյան-Բուվեն նաև ընդգծեց Հայաստանի խոցելի Սյունիքի մարզը և այնտեղ Ֆրանսիայի հյուպատոսության առաջիկա բացումը` պատկերացնելով «Ֆրանսիայի դրոշը հենց ադրբեջանական սահմանի դիմաց ծածանվելիս»:

Նա խնդրեց ԱՄՆ-ին այնպիսի ջանքեր գործադրել, ինչպիսիք Ֆրանսիան է արել Հայաստանում՝ «հանուն ամերիկահայերի ներդրման այս երկրում և հանուն ամերիկյան շահերի՝ ուղղված կայունությանը և տարածքային ամբողջականությանը»:

Մեծարգո Փանոսյան-Բուվեն նշեց, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև «ռազմավարական գործընկերությունն ամրապնդվում է» գործարար և մշակութային կապերով, որոնք դրսևորվում են կենտրոնական և գործադիր մակարդակներում և խորհրդարանում, ինչը հանգեցրել է «Հայկական հարցի» առաջխաղացմանը, «(որին) այժմ աջակցում են մարդիկ, ովքեր չունեն հայկական արմատներ»:

 

Ամերիկայի հայկական համագումարի նորընտիր համանախագահ և խորհրդի անդամ փաստաբան Թալին Յակուբյան շնորհակալություն հայտնեց բոլոր բանախոսներին և ներկաներին ու հորդորեց, որ անհրաժեշտ է «դադարեցնել Ադրբեջանի ձեռքը զենք դնել» և վերջ դնել 907 Բանաձևի կասեցմանը:

«Մենք դա չենք կարող միայնակ անել, և դրա համար մենք այսօր այստեղ ենք»,– ասաց նա: «Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ընկերներին, ովքեր օգնել են, և խնդրում ենք ձեզ ավելին անել, որպեսզի հայ բնակչությունը Հայաստանում անվտանգ ապրի, մինչ այդ անվտանգությունը ներխուժման շատ մեծ սպառնալիքի տակ է»:

Մերիլենդի նահանգային պատվիրակ Լորիկ Չարկուտյանը հանդես եկավ որպես արարողության հանդիսավար, ինչպես նաև ելույթներով հանդես եկան՝ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, Կոնգրեսական հայկական անձնակազմի ասոցիացիայի (CASA) խորհրդի անդամ Նատալի Մաթոսյանը և CASA-ի անդամ Փիթեր Չալաբյանը: Մյուս ներկաների թվում էին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին պատգամավոր Կարո Փայլանը, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կառույցում կոալիցիոն գործընկեր Ուիլյամ Ռոբերթսը: Բեթեսդայի Սուրբ Խաչ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ, բ.գ.թ. գերաշնորհ տեր Սարգիս Աքթավուկյանը աղոթք կարդաց։

 

Ոգեկոչման արարողությանը ներկա ընտրված պաշտոնյաների թվում էին. սենատորներ՝ Բոբ Մենենդեզը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Էդվարդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս), Գարի Փիթերսը (դեմոկրատ, Միչիգան) և կոնգրեսականներ՝ Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Աննա Էշուն (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դինա Թայթուսը (դեմոկրատ, Նևադա), Ջիմ Կոստան (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Յանգ Քիմը (հանրապետական, Կալիֆոռնիա), Ջուդի Չուն (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գաս Բիլիրաքիսը (հանրապետական, Ֆլորիդա), Քրիս Սմիթը (հանրապետական, Նյու Ջերսի), Ջեն Շաքաուսքին (Դեմոկրատ, Իլինոյս), Թոմ ՄաքՔլինթոքը (հանրապետական, Կալիֆոռնիա), Թոմ Սուոզին (դեմոկրատ, Նյու Յորք), Ջամաալ Բոումենը (դեմոկրատ, Նյու Յորք), Սենֆորդ Բիշոփը (դեմոկրատ, Ջորջիա), Սեթ Մոլթոնը (դեմոկրատ, Մասաչուսեթս) և Գեյբ Ամոն (դեմոկրատ, Ռոդ Այլենդ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930