Լրահոս
Օրվա լրահոսը

Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց հափշտակություն կատարելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է

Ապրիլ 22,2024 17:59

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ օդաճնշիչ ատրճանակով ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ վարույթով հետախուզվող անձը։

2024 թվականի մարտի 21-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։

Դեպքի առթիվ իրականացված նախաքննությամբ  դեպքի վայրից հայտնաբերվել և վերցվել էր «Stalker S17» տեսակի օդաճնշիչ ատրճանակ։

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել Էր, որ ԱՄՆ քաղաքացուց առերևույթ հափշտակությունը կատարել է 25-ամյա երիտասարդ։

Վերջինս, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, 2024թ․ մարտի 21-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Սիրահարների այգում» ետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով թիկունքից հարվածել նրա գլխին, հափշտակել վերջինիս ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։ Այդ ընթացքում պայուսակից հանել է ԱՄՆ քաղաքացու դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ, հափշտակել դրանք, իսկ պայուսակը նետել մի կողմ։ Փախուստի ընթացքում նրա գոտկատեղին ամրացված ատրճանակն ընկել է գետնին:

Երիտասարդի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և հայտարարվել էր հետախուզում։

2024 թվականի ապրիլի 15-ին վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Բացի այդ, հիշյալ քրեական վարույթի շրջանակներում իրականացվող քննությամբ տվյալներ են ստացվել նույն երիտասարդի կողմից Երևանում գործող 2 տարբեր խանութ-սրահներից ալկոհոլային խմիչքներ գողանալու մասին։

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով և 254-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք հետագայում միացվել են զենքի գործադրմամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ վարույթին, հանգամանքները պարզվում են։

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ նշված հանցավոր արարքների բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930