Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ Քիմիայի և երկրի մասին գիտությունների ու Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքները ևս ամփոփել են 2023թ. գործունեության արդյունքները

Ապրիլ 22,2024 17:53

ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2023թ. գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը ներկայացրեց 2023թ․ գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.

  1. «Քիմիական ֆիզիկայի առեղծվածները» (զեկ.՝ ՌԴ ԳԱ ակադեմիկոս Ա.Ա.Բեռլին)
  2. «Սևանի ավազանի հոլոցենի նստվածքները։ Պալեո­միջա­վայրի էվոլյուցիայիպահոցներ» (զեկ.՝ ե.գ.թ.Լ.Հ.Սահակյան)
  3. «Եռավալենտ տարրերի օքսիֆտորիդային հավելումներ պարունակող բարձրալյումինային ցեմենտի ստացման առանձնահատկությունները» (զեկ.` Բ.Վ.Մովսիսյան)
  4. «Եռաչափ տպագրություն.տիեզերքից մինչև բժշկություն» (զեկ.` տեխ.գ.թ.Մ.Ա.Աղայան)
  5. «Արևելյան պտղակերի ֆերոմոնի (Grapholita molesta) սինթեզ, պատրաստուկային ձևերի մշակում և արդյունավետության մշտադիտարկում դաշտային պայմաններում» (զեկ.` ք.գ.դ.Ն.Գ.Հոբոսյան)

ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Արմենակ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման ինստիտուտներ),Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտութ­յունների, Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտները:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 5 ակադեմիկոս, 5 թղթակից անդամ և 18 արտասահմանյան անդամ:

2023թ․ բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 221 հոդված (119-ը՝ միջազգային ամսագրերում), 7 մենագրություն (4-ն՝ արտասահմանում) և 1 ուսումնական ձեռնարկ, 5 ՀՀ արտոնագիր: 

Կարևորագույն արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

  • Հետերոցիկլիկ և ալիցիկլիկ կետոնների հիման վրա մշակվել են պիրանո[3,4-c]պիրի­դինի, իզոքինոլինի և 2,7-նաֆթիրիդինի օղակ պարունակող համակցված թիենո[3,2-d]­պիրիմիդինների ստացման մեթոդներ: Մշակվել են ավելցուկային և պակասորդային հետերոցիկլեր պարունակող նոր համակարգերի՝ ֆուրո[2’,3’:4,5]թիենո[2,3-b]պիրիդինի և պիրիդո[3’’,2’’:4’,5’]թիենո-[2’,3’:4,5]ֆուրո[3,2-d]պիրիմիդինի ածանցյալների սինթեզի եղանակներ: Ուսումնասիրվել են համակցված պիրիդինի օղակում հիդրօքսիլ խումբ պարունակող ածանցյալների ալկիլացման ռեակցիաները (ղեկ.ք.գ.դ.Ե.Պարոնիկյան)
  • ՄՄՌ սպեկտրոսկոպիայի միջոցով ուսումնասիրվել է ացետիլենի վարքը գերհիմ­նային միջավայրերում, մասնավորապես դիմեթիլսուլֆօքսիդում՝ KOH և NaOH հիմքերի առկայությամբ։ Պարզվել է, որ ացետիլենի 13С ածխածնային ՄՄՌ սպեկտորում առկա 1JCH սպին-սպինային փոխազդեցության հաստատունը (ՍՍՓՀ) կախված է փորձարարական պայմաններից (ջերմաստիճան, ջրի առկայություն, լուծված հիմքի կոնցենտրացիա) (ղեկ.՝ ք.գ.թ.Ա.Շահխաթունի)։

ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

  • Ֆուրյե ձևափոխման ինֆրակարմիր և մագնիսա-ռեզոնանսային սպեկտրաչափական եղանակներով ուսումնասիրվող սելեն-օրգանական միացություններն օժտված են հակահիդրոպերօքսիդային/հակաօքսիդիչային հատկությամբ: Առաջարկվել է մոդելային լիպիդային հիդրոպերօքսիդի հետ փոխազդեցության ռեակցիայի մեխանիզմը (ղեկ.` ակադ.Լ.Թավադյան)
  • Միկրոալիքային եղանակով սինթեզված բարձր արդյունավետությամբ և ընտրողականությամբ, երկաթով ներմուծված վոլֆրամի կարբիդ կատալիզատորը ցուցաբերել է 100% փոխարկում նավթի օքսիդացումային ծծմբազրկման պրոցեսում (ղեկ.՝ ք.գ.թ.Դ.Դավթյան)։

ՀՀ ԳԱԱ Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

  • Մշակվել է սերպենտին (Mg(Fe))6[Si4O10](OH)8 պարունակող հանքաքարի թթվային մշակման նոր եղանակ և որոշվել են մշակման օպտիմալ պարամետրերը սերպենտինային միներալներից մագնեզիումի միացությունների բարձր ելքեր ստանալու նպատակով: Պարզվել է, որ քրիզոտիլը և լիզարդիտն ապահովում են մագնեզիումի ավելի բարձր ելքեր, քան անտիգորիտը (ղեկ.՝ ք.գ.դ.Ն.Զուլումյան)
  • Ուսումնասիրվել են Al2O3.MeO/MeF2-B2O3–SiO2 (Me-Mg,Ca,Sr,Ba), BaV2O5-MeB2O4-MgF2(Me-Zn,Cd) համակարգերում ապակեգոյացումը և ֆազային դիագրամները, ուղղորդված բյուրեղացմամբ ապակեբյուրեղների սինթեզի փուլերը: Մշակվել են ԻԿ տիրույթում թափանցիկ ապակիներ, ջերմակայուն ապակեբյուրեղներ և կիսահաղորդիչ ապակիներ (ղեկ.` տ.գ.դ.Ն.Կնյազյան)
  • Մշակվել է ճշգրիտ ձուլման, բարձրջերմաստիճանային ֆոսֆորական կաղապարանյութ, օգտագործելով β-կրիստոբալիտ, որը սինթեզվել է β-քվարցից, 11000С ջերմաստիճանում, օգտագործելով հավելանյութեր (ղեկ.` տ.գ.թ.Կ.Գրիգորյան):

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

  • Հարավ Հայկական բլոկի (ՀՀԲ) մագմատիկ և մետամորֆային ապարների երկրաքիմիական, պալեոմագնիսական և երկրաժամանակագրական ուսումնասիրությունններով պարզաբանվել է, Գոնդվանա մայրցամաքի հյուսիս-արևելյան հատվածի ռիֆթինգը սկսվել է վաղ տրիասում, բացելով Նեոթետիս օվկիանոսը։ Ստեղծվել է ՀՀԲ-ի զարգացման Մեզոզոյան ժամանակահատվածի գեոդինամիկական մոդել (ղեկ.՝ ե.գ.դ.Խ.Մելիքսեթյան)
  • 2019-2023թթ․ SNECCA ծրագրի (Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում, Seismic network expansion in Caucasus and Central Asia) շրջանակում Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծվել է արդիական սեյսմիկ ցանց և հաշվողական կենտրոն։ Նշված ցանցում ներառված արդեն 8 սեյսմիկ կայաններից գրանցումներն ուղիղ միացմամբ (Real_Time) ուղարկվում են IRIS (Incorporated Research Institutions for Seismology) միջազգային սեյսմոլոգիական կենտրոն (ղեկ.՝ ե.գ.թ.Մ.Գևորգյան)։

ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

  • Սեյսմիկ 2D տոմոգրաֆիայի միջոցով նկարագրվել է Եվրասիական ու Արաբական սալերի բախման կոլիզիոն գոտում տեկտոնական ակտիվությունը և բացահայտվել են գեոթերմալ աղբյուրների հնարավոր տարածքները (ղեկ.` ե.գ.թ.Ջ.Կարապետյան)
  • Բացահայտվել են Հայաստանի և հարակից տարածքներում տեղի ունեցած երկրաշարժերի էպիկենտրոնների (Ms≥3.5) բաշխվածությունը տարածության ու ժամանակի մեջ, որոնք համադրվել են տարածքի սեյսմատեկտոնական պայմանների հետ, արդյունքում բացահայտվել է, որ երկրաշարժերի էպիկենտրոնները բավականին մեծ ճշտությամբ համադրվում են հիմնական խորքային բեկվածքների հետ (ղեկ.՝ ե.գ.թ.Ա.Գևորգյան)
  • Բացահայտվել են, որ տարածաշրջանում տեղի ունեցած ուժեղագույն (Վան 23.10.2011թ.Mw=7.2, Ահար 11.08.2012թ.Mw=6.4, Դիարբեքիր 24.01.2020թ.Mw=6.8, Թուրքիայի 06.02.2023 թ., Mw=7.8) երկրաշարժերին նախորդել և ուղեկցել են սեյսմիկության անոմալ դրսևորման տարատեսակներ: Բացահայտվել են, որ ռեգիոնալ սեյսմադեֆորմացիոն պրոցեսները տարածաժամանակային տեսանկյունից ունեն արևելք-արևմուտք ուղղության միգրացիոն բնույթ և ուրվագծում են Արաբական սալի արևելյան Զագրոսյան, ճակատային Ուրմիա-Բիթլիս-Երզնկա, արևմտյան Արևելաանատոլական կարային գոտիները (ղեկ.` ֆիզ.-մաթ.գ.թ.Է.Գյոդակյան)
  • Սեյսմաբանական տվյալների համակողմանի վերլուծության արդյունքում կառուցվել է Թուրքիայի 06.02.2023 թվականի ուժեղ երկրաշարժերի երկրադինամիկական մոդելը, որի հիման վրա որոշվել է երկրաշարժի առաջացման հիմնական բնույթը (ղեկ.՝ ֆիզ.-մաթ.գ.թ.Է.Գյոդակյան):

Կիրառական արդյունքներ 

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

  • Իրականացվել է Արևելյան պտղակերի ֆերոմոնի (Grapholita molesta) պատրաստուկային ձևերի մշակում։ Դաշտային փորձարկումների արդյունքում առավել արդյունավետ ազդեցություն են ցուցաբերել պոլիմերապատ դիսպենսերները, որոնցում սեռական գրավչանյութի (ֆերոմոն) կոնցենտրացիան կազմել է 20 մգ/մլ
  • Իրականացվել է լոլիկի ցեցի (Tuta absoluta) ֆերոմոնի հանգուցային բաղադրիչի քիմիական սինթեզ (ղեկ.` ք.գ.թ.Հ.Սարգսյան)։

ՀՀ ԳԱԱ Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

  • Սերպենտինիտներից մշակվել է դանդաղ գործող կոմպլեքսային պարարտանյութերի ստացման նոր տեխնոլոգիա: Ստացված դանդաղ գործող պարարտանյութի կիրառման արդյունքում, որը պարունակում է ֆոսֆատի սուլֆատ, ակտիվ սիլիցիում, նկատվել է հողի և բերքի ագրոքիմիական ցուցանիշների նշանակալի բարելավում (ղեկ.` տ.գ.թ.Կ.Գրիգորյան)
  • Մշակվել է ֆտորսիլիկատային համակարգի հիմքով ԻԿ տիրույթում բարձր թափանցելիությամբ ապակի կիրառելի գիշերային տեսողության սարքերում (ղեկ.` տ.գ.դ.Ն.Կնյազյան)
  • Ուղղորդված բյուրեղացմամբ սինթեզվել են նանոբյուրեղային կառուցվածքով և ցածր ընդարձակման գործակցով (15-30)·10-7Կ-1, թափանցիկ սիտալներ, ինչպես նաև երկվալենտ մետաղների բորվանադատների հիմքով կիսահաղորդիչ դյուրահալ ապակի կիրառելի միկրոէլեկտրոնիկայում (ղեկ.` տ.գ.դ.Ն.Կնյազյան)
  • Մշակվել են CaO-Al2O3-SiO2-Fe2O3-MeFn(Me-Mg,Ca,Al) համակարգի հիմքով բարձր արագությամբ ամրացող կապակցողներ շինությունների վերականգնման համար (ղեկ.` տ.գ.դ.Ն.Կնյազյան):

 ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

  • Շրջակա միջավայրի նախարարության պատվերով իրականացվել են «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանի երկրաբանա-հրաբխագիտական առանձնահատկությունների նկարագրության, քարտեզագրման և անապատացման գործընթացի տվյալների վերլուծության աշխատանքները: Ներկայացվել է «Հատիս հրաբուխ» հուշարձանի գիտական և զբոսաշրջային արժեքի գնահատումը (ղեկ.` ե.գ.դ.Խ.Մելիքսեթյան):

ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ (ԵԻՍԻ)

  • Հայաստանի հյուսիսային մասում կառուցվել է առաջին դասի երկրադինամիկական կայան (ղեկ.` ե.գ.թ.Ջ.Կարապետյան)
  • Հայ-չինական համագործակցության շրջանակում հիմնավորվել է կայանների տեղադիրքերը, հաշվարկվել են հնարավոր երկրաշարժերի օջախի հիմնական պարամետրերի որոշման հնարավորությունները (ղեկ.`ե.գ.թ.Ջ.Կարապետյան)
  • Նախագծվել են հայրենական արտադրության սեյսմիկ կայաններ, որոնք տեղադրվել են Վլադիկովկասի և Մախաչկալայի սեյսմիկ կայաններում (ղեկ.` ե.գ.թ.Ջ.Կարապետյան)
  • Նախագծվել է սեյսմիկ տվյալների ստացման, պահպանման բազմաֆունկցիոնալ թվային լոգգեր (գրանցիչ) (ղեկ.` Հ.Շահպարոնյան):

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2023թ. գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2023թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները և ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնը։

Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 4 ակադեմիկոս, 10 թղթակից և 24 արտասահմանյան անդամ:

Տպագրվել է 7 մենագրություն (3-ն՝ արտասահմանում), 207 հոդված (127-ն՝ արտասահմանում), 151 թեզիս (56-ն՝ արտասահմանում): Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 2 արտոնագիր: 1 աշխատակից պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

Ժողովին ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

«MoS2 երկչափ ատոմական շերտերի և դրանց հիման վրա իմպուլսալազերային փոշեցրման եղանակով ստացված լուսազգայուն կառուցվածքների հետազոտություն»

(զեկ.` ՀՀ ԳԱԱ թղթ. անդ. Ս.Գ.Պետրոսյան)

«Բլազարների բազմաալիքային և բազմամեսենջերային ճառագայթման սպեկտրի մոդելավորում» (զեկ.` ֆ.-մ.գ.դ. Ն.Վ.Սահակյան)

«Դիէլեկտրիկ ալիքատարի առանցքով շարժվող էլեկտրոնների թանձրուկի գեներացրած կոհերենտ ճառագայթման առանձնահատկությունները» (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ.Ռ.Քոչարյան)

«Աստղաքիմիա, աստղակենսաբանություն և արտարեգակնային մոլորակներ» (զեկ.` ֆ.-մ.գ.դ. Ա.Գ.Եղիկյան)

           «Քվանտային ֆիզիկայի գաղափարների և հիմունքների կիրառությունը փորձարարական օպտիկայում» (զեկ.` ֆ.-մ.գ.թ. Մ.Ա.Խանբեկյան):

 Բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն արդյունքներ

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

Ռուսաստանի Դաշնության 6մ դիտակով ուսումնասիրվել է RNO 54 օբյեկտը և ապացուցվել, որ նրա մեջ գտնվող աստղն իրենից ներկայացնում է շատ ծեր Ֆուօր, որի բռնկման տարիքը գերազանցում է 1000 տարին։ Այն առայսօր հայտնի ամենածեր Ֆուօրն է

Պարզվել են 236 M թզուկների ֆիզիկական բնութագրերը։ FBS 0250+167 աստղի մոտ հայտնաբերվել է երկու մոլորակ մոտ 1.1 արեգակնային զանգվածով: TESS-ի փոփոխականության կորերը հետազոտելիս հայտնաբերվել են մեծ թվով նոր խավարուն փոփոխականներ SDSS-ի և FBS M թզուկների մեջ

Սահմանվել և հաշվարկվել է փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար, ինչը 1915թ. մինչ օրս չլուծված կարևորագույն խնդիր էր «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ

Նեյտրոնային աստղերի կեղևների էլեկտրական հաղորդունակությունը հաշվարկվել է նյութի հեղուկ փուլում ուժեղ մագնիսական դաշտերի առկայության դեպքում: Ուսումնասիրված ջերմաստիճան-խտության միջակայքն ընդգրկում է անցումը ոչ այլասերվածից դեպի խիստ այլասերված էլեկտրոնային գազ և ենթադրում է, որ միջուկները ձևավորում են հեղուկ, այսինքն՝ ջերմաստիճանը բարձր է միջուկների ցանցի հալման ջերմաստիճանից

RAFGL 7009S աստղառաջացման տիրույթում հայտնաբերվել է լուսատվության մեծ ամպլիտուդով երկու փոփոխական երիտասարդ աստղային օբյեկտ՝ J183421.85-055951.0 և J183421.39-055937.7: Առաջին օբյեկտի հատկությունները բնորոշ են FU Orionis (FUors) տիպի պայթյունային փոփոխականներին, երկրորդ օբյեկտի գունային ցուցիչները մինչև բռնկումը համապատասխանում են վաղ էվոլյուցիոն փուլում գտնվող երիտասարդ աստղային օբյեկտների։

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

Նանոբջիջների կիրառմամբ ցույց է տրվել, որ բացի ատոմ-մակերևույթ վանդերվալսյան (ՎԴՎ) փոխազդեցությունից, ատոմային ռեզոնանսների հաճախության «կարմիր» շեղում է առաջացնում նաև ատոմ-ատոմ դիպոլ-դիպոլային (ԴԴ) փոխազդեցությունը։ Առաջին անգամ «կարմիր» շեղման փորձարարական չափումներով ցույց է տրվել C3 գործակցի արժեքի նվազումն ատոմական նանոբջջի հաստության 130նմ-ից մինչև 30-50նմ նվազեցման դեպքում՝ հավաստելով տեսականորեն կանխատեսված ՎԴՎ երևույթի «թուլացումը»

Մշակվել է Հոնգ-Օու-Մանդելի (ՀՕՄ) ինտերֆերենցի իրականացման նոր մեխանիզմ տարբեր ալիքի երկարության երկու անկախ ֆոտոնների համար՝ հիմնված պարամետրիկ փոխազդեցության վրա, որը թույլ է տալիս վերահսկելի կերպով տեղափոխել կոդավորված քվանտային տեղեկույթը հիբրիդային ցանցով, ինչպիսին է քվանտային ինտերնետը

Օպտիկական հոլոգրաֆիայի ու չդիֆրակտվող բեսելյան փնջերի եղանակների հիման վրա մշակվել է միկրոմասնիկների գերման սարքերի (թվիզերների) նոր մեթոդ՝ ֆոտոռեֆրակտիվ բյուրեղի մակերևույթին լազերային փնջով մակածված, ամիսներ պահպանվող ֆոտովոլտային դաշտերի միջոցով միկրո- և նանոմասնիկների ղեկավարվող տեղաշարժման ու գերման համար: Իրականացվել է ԴՆԹ-ի մոլեկուլների միկրոտեղաշարժում ու գերում: Բյուրեղի փոքր չափը (10x10x2 մմ) թույլ է տալիս ստեղծել ինքնավար գործող «lab-on-a-chip» համակարգ:

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

Փորձնականորեն հետազոտվել է ամորֆ կվարցից պատրաստված, սնամեջ գլանաձև ալիքատարի առանցքով 3.7ՄէՎ էներգիայով էլեկտրոնների թանձրուկի շարժման արդյունքում գեներացված կոհերենտ ճառագայթման անկյունային բաշխումը հաճախությունների 10-100ԳՀց տիրույթում։ Ցույց է տրվել, որ արագացուցիչներում օգտագործելով որոշակի չափերով գլանային ալիքատարներ` կարելի է հաճախությունների ԳՀց-ՏՀց տիրույթում գեներացնել հզոր ճառագայթում

Ցույց է տրվել, որ խնդրի պարամետրերի որոշակի ընտրության դեպքում դիէլեկտրիկ գնդի շուրջը պտտվող ռելյատիվիստիկ էլեկտրոնների շղթան կարող է մակածել հզոր, քվազիկոհերենտ ու «ռեզոնանսային» ճառագայթում

Վալինի խառնուկով աճեցրած α-LiIO3–ի միաբյուրեղների ռենտգեն-կառուցվածքային հետազոտությունները ցույց են տվել, որ ստացվել է նոր նյութ՝ Li23IO3H3O

Ուսումնասիրվել և ցույց է տրվել, որ կալիումի ու ռուբիդիումի բիֆտալատի պիեզոբյուրեղներում, ակուստիկ տատանումների գրգռման միջոցով, հնարավոր է իրականացնել ռենտգենյան ճառագայթման ինտենսիվության մոդուլացիա։ Հետազոտվել են կվարցի միաբյուրեղում ջերմային գրադիենտի առկայության պայմաններում, ռենտգենյան ճառագայթման ֆոկուսացման, կլանման փոքրացման ու ինտերֆերենցիոն երևույթների որոշ առանձնահատկություններ

Ցույց է տրվել, որ հարվածային ալիքը տարածվելով, առաջացնում է ակուստիկ ալիք, որի հաճախականությունը փոխվում է ժամանակի հետ։

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

Ուսումնասիրվել է պատահական մակերևութային անհարթությունների ազդեցությունը լույսի կլանման վրա ոչ թափանցիկ միջավայրում, մակերևույթի հանդեպ թեքությամբ ընկնելու դեպքում: Բացահայտվել են ինտերֆերենցիոն անդամներ, որոնք զգալիորեն փոխում են կլանման կախվածությունը տարբեր գործոններից

Ուսումնասիրվել է բևեռացված լույսի տարածումը իզոտրոպ բեկման ցուցիչով միջավայրում երբ բևեռացումը խախտում է միջավայրի համաչափությունները։ Առաջարկվել է սկզբնական պրոֆիլի վերականգնող սխեմա

Կատարվել է նանոկառուցվածքներում բազմաֆոտոն պրոցեսների ուսումնասիրությունը ինտենսիվ լազերային դաշտերի հետ, դիտարկվել է անկարգավորվածությունների դերը գրաֆենում և գրաֆենանման նանոկառուցվածքներում

Կատարվել է նանոլարային բիո-սենսորի անալիտիկ մոդելավորում օգտագործելով անցումային նանոլարային դաշտային տրանզիստորի մոդելը, որը հնարավորություն է տալիս կանխատեսել սենսորի զգայնությունը՝ կախված համակարգի պարամետրերից:

ԻԿՐԱՆԵՏ ՄԿ

Առաջարկվել է նոր մեթոդ, որն օգտագործում է մեքենայական ուսուցման ալգորիթմներ գամմա տիրույթում ճառագայթող բլազարների դասակարգման համար։ Ուսուցանելով տարբեր ալգորիթմներ, ինչպիսիք են արհեստական նեյրոնային ցանցերը, XGBoost-ն և LightGBM-ը, հայտնի բլազարների դասերի սպեկտրալ ու ժամանակային հատկությունների վրա՝ ստացված մոդելները կարող են հաջողությամբ դասակարգել անորոշ դասի բլազարները։ Դասակարգման այս առաջընթացը նոր հնարավորություններ է ընձեռում տարբեր դասերի բլազարների բաշխումների վիճակագրական հետազոտությունների համար, օգնում է բլազարների նոր դիտումների պլանավորմանը:

 Կիրառական արդյունքներ

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

Հայ-ռուսական համատեղ կայանում 240 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 537.000 չափում, վերականգնվել է արհեստական արբանյակների 570 ուղեծիր:

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

Մշակվել է մետաղական իրերի դետեկտման համակարգ՝ հիմնված ատոմական գոլորշու բջջում լազերային ճառագայթման ու ատոմների ռեզոնանսային փոխազդեցության մագնիսաօպտիկական երևույթի վրա, որում ազդանշանն ակտիվ հետադարձ կապով ղեկավարում է Հելմհոլցի 3D կոճերի համակարգը՝ մշտապես կոմպենսացնելով արտաքին մագնիսական դաշտը

Մշակվել է օպտիկապես թափանցիկ դաշտային տրանզիստորի (ԴՏ) ստացման եղանակ։ Ստացված թափանցիկ ԴՏ-ն ունի բարձր ելքային հզորություն, ըստ հոսանքի ուժեղացման մեծ գործակից, բարձր ՕԳԳ ու փոքր չափեր։ Մեթոդի հիման վրա ստացվել է ՀՀ արտոնագիր

Հետազոտվել է երկաթի ֆտալոցիանինի ու ֆերոցենի պինդֆազային պիրոլիզի եղանակով սինթեզված Fe-Fe3C և Fe-Fe3O4 «միջուկ-թաղանթ» կառուցվածքով ֆեռոմագնիսական նանոմասնիկների ջրային լուծույթի տաքացման վարքը 350 կՀց հաճախությամբ ու 200 Է լայնույթով փոփոխական մագնիսական դաշտում։ Ցույց է տրվել այդ նանոնյութերի կիրառելիությունը մագնիսական գերտաքացման համար։

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

Մշակվել և ստեղծվել է ռենտգենյան միկրոտոմոգրաֆի նոր ծրագրային փաթեթ, որը հնարավորություն է տալիս նմուշների եռաչափ պատկերների ներքին կառուցվածքների վիզուալիզացիայի համար առանձնացնել տարբեր խտությամբ տիրույթներ, միաժամանակ դիտել տարբեր կտրվածքներ ու կամայական հատույթներ

Մշակվել է բյուրեղների աճեցման նոր մեթոդ և պատրաստվել է համապատասխան բյուրեղարարներ, որոնցում աճեցվել են կիրառության համար հեռանկարային, օպտիկական որակի ու մեծ չափերի միաբյուրեղներ։ Մշակված նոր տեխնոլոգիան արտոնագրվել է

Գերարագ սառեցման եղանակով ստացվել են ապակիներ և բյուրեղացվել են BaO(CaO,SrO)–TiO2B2O3 համակարգում։ Արդյունքում ստացվել է նոր սեգնետոէլեկտրիկ նյութ՝ Sr3Ti3B2O12

ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտի աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են հետազոտություններ սեյմիկական-ակուստիկական ալիքների նոր դասի փոխակերպիչ գրանցիչ համակարգի ստեղծման նպատակով

Ինֆրաձայնային տիրույթի ալիքների գրանցիչների տվյալների ճշգրտման նպատակով մշակվել ու ստեղծվել են մինչև 120դԲ կարգավորվող ելքային հզորությամբ մինչև 20Հց, մինչև 100Հց ու մինչև 1կՀց հաճախությունների տիրույթների համար ակուստիկական ալիքների աղբյուրներ։

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

Առաջարկվել է կոմպլեքս դիէլեկտրական թափանցելիությամբ ջրային խառնուրդի միկրոալիքային տաքացման մեթոդ՝ էլեկտրամագնիսական դաշտի էլեկտրական բաղադրիչի հետ փոխազդեցության շնորհիվ՝ օգտագործելով օղակային ճեղքով ռեզոնատորներ

Ուսումնասիրվել են 2D-MoS2 թաղանթների ռենտգենյան և օպտիկական կլանման սպեկտրները, ինչպես նաև կառուցվածքների էլեկտրական և ֆոտոէլեկտրական հատկությունները։ Ցույց է տրվել նրանց հեռանկարայնությունը բարձր զգայնությամբ և արագագործությամբ oժտված ճկուն ֆոտոզգայուն սարքերի ստեղծման մեջ

p-InSb-n-CdTe հետերոանցումային ֆոտոընդունիչի վրա ստեղծվել է CO2 գազի օպտիկական սենսորի մակետ, որը օժտված է CO2 մոլեկուլների նկատմամբ խիստ արտահայտված սելեկտիվ և բարձր գազազգայնությամբ

Մշակվել է հատուկ նշանակության տեխնիկայի հանգույցների վերականգման և բարելավման, ինչպես նաև դրանց պարամետրերի չափման մեթոդիկա: Այն կիրառվել է զենիթահրթիռային համակարգի հանգույցի վերականգման համար

Մշակվել և պատրաստվել է արդյունարար ռադիոլոկացիոն անդրադարձնող մակերեսի չափման համար անհրաժեշտ շարժական ստենդ: Հետազոտվել է զանազան մարմիններից ազդանշանի ինտենսիվության կախվածությունը թիրախի շարժման արագությունից և ուղղությունից:

 ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930