Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն պարունակող հայցերով դատական տեղեկատվական համակարգում տեղեկությունների վաղաժամ հրապարակումը վնասում է հայցվորի իրավունքի պաշտպանության այդ գործիքի արդյունավետությանը»

Ապրիլ 22,2024 16:56

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի     5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են՝

«5) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«2.Հայցադիմումին չեն կցվում հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, եթե`

1) հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.

2) հայցվորը ներկայացրել է ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն:»:

Քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված հիշյալ կարգավորումներն ունեն կանխարգելիչ նպատակ: Այդ կերպ օրենսդիրը փորձել է ապահովել, որ նախքան դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելը պատասխանող կողմը իրազեկված չլինի իր դեմ ներկայացված պահանջի մասին և չձեռնարկի քայլեր, որոնք կարող են վերացնել հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման նպատակը:

Գործնականում, երբ հայցադիմում է ներկայացվում դատարան, այդ մասին համապատասխան տեղեկություններ են մուտքագրվում datalex.am կայքի համապատասխան բաժիններում: Այդ տեղեկությունները մուտքագրվում են նաև այն ժամանակ, երբ հայցվորը դատարան էր ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն:

Դատարան հայց ներկայացվելու դեպքում ի սկզբանե դատական տեղեկատվական համակարգ են մուտքագրվում հետևյալ նվազագույն տվյալները՝

1.Հայցվորի տվյալները,

2.Պատասխանողի տվյալները,

3.Հայցապահանջը,

4.Մուծված պետական տուրքի չափը,

5.Հայցադիմում ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը,

6.Դատարանի անվանումը և դատավորի անունը, ազգանունը,

7.Գործը դատավորին մակագրելու օրը, ամիսը, տարեթիվը,

8.Ներկայացուցիչների տվյալները:

Այսպիսով, հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն պարունակող քաղաքացիական հայցերի դեպքում, նախքան դատարանի կողմից նշված միջնորդությունների առնչությամբ որոշում ընդունելը և դրա բողոքարկման արդյունքները հրապարակվելը, datalex.am կայքում հրապարակվում են տեղեկությունների մի այնպիսի ծավալ, որոնք ողջամտորեն կարող են պատասխանող կողմին հնարավորություն տալ պատկերացնելու իր դեմ ներկայացված պահանջի բովանդակությունը և ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են անիմաստ դարձնել հայցի ապահովման միջոց կիրառելու կամ ապացույցի ապահովման՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավական այս գործիքը:

Վերոգրյալի առնչությամբ մեր կողմից գրավոր առաջարկ էր ներկայացվել ինչպես ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին, այնպես էլ բարձրագույն դատական խորհրդի նախագահին, սակայն գործընթացում փոփոխություն այդպես էլ չի նկատվել:

Մեկ անգամ ևս պատասխանատու անձանց ուշադրությունն ենք հրավիրում բարձրացված խնդրին՝ հույս ունենալով, որ այն լուծում կստանա: Ներկա պրակտիկ մոտեցումը կտրուկ նվազեցնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ հայցվորի իրավունքների պաշտպանության այդ գործիքի իրավական արժեքը, ինչն անթույլատրելի է և ինչպիսի մոտեցումը շտապ վերանայման կարիք ունի:

Գուրգեն ՆԵՐՍԻՍՅԱՆ

LSA փաստաբանական գրասենյակի փաստաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930