Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղ մնացեք, տղերք ջան: Դուք մի անելիք ունեք. դա էլ Երեւանում 1 համարով ինչ-որ մի շենք է. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Ապրիլ 22,2024 17:09

Երեկվանից Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում եւ այդ տարածքների ճանապարհներին չափազանց սրված իրավիճակի պայմաններում, երբ տավուշցիներն ի նշան միակողմանի զիջումներով սկսված սահմանազատման, ականազերծման եւ այլ չափագրումների, փակել են միջպետական ճանապարհները, Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իրադարձությունների կիզակետում է: Նա փորձում է կանխել գյուղացիների եւ ոստիկանական ուժերի միջեւ ամեն ակնթարթ հնարավոր բախումները: Նաեւ կոչ է անում, որ ընդհանրապես ամեն գործողություն ընթանա սահմանադրության, Հայաստանի օրենքների եւ միջազգային պայմանագրերի հիման վրա:

Ոսկեպար-Աճարկուտ-Բաղանիս ճանապարհի խաչմերուկում, երբ ճանապարհը ուժի կիրառումով բացելու հավանականության մեծացման հետեւանքով իրավիճակը ավելի լարվեց, Բագրատ սրբազանը կողմերին հորդորեց պահպանել հանգստություն եւ գործել օրենքի սահմաններում: Դիմելով ոստիկաններին՝ Բագրատ սրբազանը 30 վայրկյան ժամանակ խնդրեց իր ասելիքը տեղ հասցնելու համար: «Հարցը իր ընդհանուր համատեքստի մեջ ոստիկանության հետ կապ չունի: Դեռ հակառակը, ոստիկանությունը պետք է ապահովի այս մարդկանց անվտանգությունը: Երրորդ, թե սահմանը որ կողմից է անցնում, ոնց է անցնում, այստեղ խնդիր կա, ստախոսության խնդիր: Կա Հայաստանի Հանրապետության օրենք, կա միջազգային պայմանագիր: Դրանցից ոչ մեկը հարգված չէ: Հիմա սա ոստիկանության խնդի՞րն է: Պետք է ձերբակալել նրանց, ովքեր խախտում են օրենքը: Ես աջակցում եմ ճշմարտությանը: Իսկ դո՞ւք ում եք աջակցում»,- հարցրեց հոգեւորականը իր առջեւ կանգնած ոստիկանության բարձրաստիճան սպային:

Հետո ժողովրդի հետ միասին «Հայր մերը» կարդալուց հետո սրբազանը կոչ արեց հանդարտության: «Ով անհատապես ինչ-որ բան փորձեց դրսեւորել, նշանակում է՝ նա այստեղ ներդրված մարդ է, սադրիչ: Մեր շատ հարգարժան, շատ սիրված ոստիկանությանն էլ խնդրում եմ. մինչեւ հիմա շատ խաղաղ միասին քայլել. խոսել ենք, ճշմարտության մասին քննարկումներ ենք արել, ստի մասին եւս: Դուք էլ գիտեք՝ որն է ճշմարտությունը, որն է սուտը: Դուք էլ մեր տղաներն եք, հատկապես, այս հող ու ջրի մարդիկ եք: Խնդրում եմ, դուք էլ հանդարտ, խաղաղ եղեք: Ձեր ծառայությունը մենք չենք խոչընդոտում: Ձեր ծառայությունը խոչընդոտողը գտնվում է Երեւանում, երեւի հրապարակում: Այնպես որ, եթե բողոք, դժգոհություն ունեք, դիմեք հասցեատերին»,-ասաց Բագրատ սրբազանը:

Օգտվելով հնարավորությունից, որ մարդիկ հավաքվել են, Բագրատ սրբազանը մի քանի մեկնաբանություն արեց: «Ես սովորաբար, չեմ ասում, բայց հասցրել են եւ ինձ խախտելով ուզում եմ ասել: Փիլիսոփայության մեջ շնականներ կան, որոնց ասում են կինիկներ: Մատչելի ասած՝ ցինիկներ: Այս մի քանի օրը այդ սիրուն տղերքը մեր վրա են հարձակվել: Էլ գործակալ, էլ հազար ու մի տեսակի վիրավորանքներ, իբր մենք բոլորս այստեղ ռուսներին ենք ծառայում: Մեզ ասում են գործակալ ու էլի չգիտեմ ինչ: Բայց քանի որ մեր անելիքը ճշմարտության մասին է, եւ իրենք ստի, սատանայի, փողի, ծառայողներ են, այդ մարդիկ, որ սրանից-նրանից փող են վերցնում, աջից-ձախից ծառայում են թե մարմնով, թե հոգով, թե մտքով, թե իրենց ընտանիքներով ու կենսագրությամբ, կարծում են, որ բոլոր մնացածը իրենց նման են: Ավելի ճիշտ, գիտեն, որ դա այդպես չէ, բայց պետք է ասեն, որ նույնանան:

Ժողովուրդ ջան, ոչ մի բանից տատամսեք, չնեղվեք: Ձեզ ծաղրում են, փող, կաշառք են առաջարկում, կարծում են, թե այս մարդիկ ծախված են, հայրենիք չունեցող մարդիկ են: Ով գիտի, կյանքում մի անգամ այս գծերով չեն անցել, կամ անցել, եկել են մեր անտառներում ու դաշտերում կերել-խմել, քեֆ են արել: Ընդ որում, այն մարդիկ, ովքեր այսօր ուզում են հանձնել այս հողերը՝ ասելով, թե դրանք մերը չեն: Բա որ դրանք մերը չեն, դուք ի՞նչ գործ ունեիք այդտեղ քեֆ անելու:

Այն օրը մարզպետին էլ եմ ասել: Եթե դա Հայաստանի Հանրապետություն չէր, բա դուք ինչի՞ եք հանցագործություն արել, ինչի՞ եք խախտելով՝ այս ճանապարհներով անցել, ինչի՞ եք գնացել Վերին Ոսկեպար, Կիրանցի այս անտառներ՝ քեֆ, ուրախություն, խմել, հարբել, եք:

Հանցագործությո՞ւն եք գործել ու հիմա այս ամբողջ ժողովրդին հանցագո՞րծ եք դարձրել: Կեղծիքը՝ կեղծիք, սուտը՝ սուտ:

Միտք չունեի խոսելու: Պարզապես, տեսա, որ բորբոքում կա մի քիչ եւ ուզեցի, որ բոլոր կրքերը հանդարտվեն: Ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում. բոլոր հուզական բաները թողեք: Մենք այստեղ, այս տարածքում, ընդհանրապես ոչ մի թշնամի չունենք: Մեր ոստիկանությանն էլ խնդրում եւ պահանջում եմ, որ հանդարտ մնան: Խաղաղ մնացեք, տղերք ջան: Դուք մի անելիք ունեք. դա էլ Երեւան՝ հասցեն չգիտեմ, 1 համարով ինչ-որ մի շենք է»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930