«Սովորաբար յուրաքանչյուր տարի, մասնավորապես մեծերի «Եվրատեսիլում»՝ մենք փորձում ենք որեւէ նոր բան ներկայացնել, նոր ձեւաչափով հանդես գալ, եւ այս առումով կարծում եմ, որ «Լադանիվա» խումբը եւ մեր արտիստները լավագույն ընտրությունն էին»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:
«Այս տարի եւ նախորդ տարիներին եւս մրցույթի կարգախոսն է «Բոլորս միավորված ենք երաժշտությամբ», իսկ «Լադանիվայի» նախագիծը եւ առհասարակ խումբը շատ համահունչ են այս նախագծին: Ինչպես «Եվրատեսիլն» է տարբեր ազգերի մարդկանց միավորում եւ համախմբում, այդպես էլ «Լադանիվան» է իր երգերով երաժշտությամբ, ոչ միայն հայկական, այլեւ շատ այլ մշակույթների, միաձուլում:
«Լադանիվա» խմբի երգչուհի Ժակլին Բաղդասարյանը նախ պատմեց թե ինչպես է ընտրվել երգը, որը նա բնորոշեց ուրախ, պարային, լավ տրամադրությամբ ստեղծագործություն. «Այս երգը շատ լավ ուղերձ ունի, ինձ թվում է, երգը շատ լավ ընտրություն է»:
Ժակլինն ասաց, որ ինքը բառերի հեղինակն է, իսկ Լուին գրել է երաժշտությունը: «ՄԵր խումբը միախառնում է տարբեր երկրների մշակույթը, մենք ներկայացնում ենք եւ բալկանյան, եւ աֆրիկյան, եւ այլ ժողովուրդների երգեր, մենք միշտ այդպես խառնել ենք ամեն բան, եւ մարդիկ հենց այդպես էլ մեզ ճանաչել են: Եթե հիշում եք, մեր առաջին երգը «Վայ ամանն» էր: Մենք խառնում ենք տարբեր ժողովուրդների մշակույթները, որովհետեւ կարծում ենք, որ պետք չէ սահմաններ դնել արվեստում: Նաեւ միշտ անում ենք այն, ինչ սիրում ենք: Ու դրա համար էլ մեզ են սիրում»,-հավելեց Ժակլինը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ