Լրահոս
Օրվա լրահոսը

Իր տանը գիշերած ծանոթին առավոտյան գտել է մահացած և վախենալով, որ մահը վրա է հասել իր հասցրած հարվածներից, որոշել է մարմինը թաքցնել

Ապրիլ 22,2024 15:35

 ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվում են Կապանի Բաղաբուրջ բնակավայրի 63-ամյա բնակչի առերևույթ սպանության հանգամանքները։

2024 թվականի ապրիլի 18-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ հայրը ապրիլի 13-ին գնացել է քաղաք Կապան ու չի վերադարձել։

Ստացված հաղորդման հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապրիլի 18-ին հայտնաբերվել է որոնվող տղամարդու կիսաայրված մարմինը՝  թաղված Կապանի բնակիչներից մեկի տան բակում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 63-ամյա տղամարդը ապրիլի 13-ին՝ ժամը 17-ից 18-ի սահմաններում, Կապանում հանդիպել է իր ծանոթին ու առաջարկել նրա տան բակում միասին օղի խմել։

Տանտիրոջ համաձայնությունը ստանալուց և միասին խմելուց հետո, 63-ամյա տղամարդը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, խոսակցության ընթացքում անպարկեշտ արտահատություններ է հնչեցել Կապանի բնակչի հասցեին, ինչից հետո վերջինս 3 անգամ հարվածել է նրա դեմքին։ Սակայն, վիճաբանությունը, կարճ ժամանակ անց հարթվել է։ 63-ամյա տղամարդը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, գիշերել է Կապանի բնակչի տանը։

Քննությամբ դեռևս ստուգման ենթակա տվյալներով՝  ապրիլի 14-ի առավոտյան տանտերը նրան գտել է մահացած վիճակում և վախենալով, որ վերջինս մահացել է իր հասցրած հարվածներից, որոշել է մարմինը թաքցնել։

Այդ նպատակով՝  այն տեղափոխել է իր տան հետնամաս, դիակը թողել մինչ այդ այգում իր կողմից վառած թփերի կիսաայրված զանգվածի վրա։ Ապա նկատելով, որ տղամարդու մարմինն այրվում է,  փոս է փորել ու դիակը թաղել այնտեղ՝ հողի հետ դրա վրա լցնելով նաև այրված թփերի կիսամփոխրացած զանգվածը։

Սպանություն կատարած լինելու կասկածանքով, 2024թ. ապրիլի 18-ին Կապանի բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նրան մեղադրանք  է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930