Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկադրանքի տակ ստորագրված ցանկացած փաստաթուղթ առոչինչ կարելի է համարել»․ Գագիկ Ղալաչյան

Ապրիլ 22,2024 14:48

«Այո, իհարկե, հնարավոր է, քանի որ հարկադրանքի տակ ստորագրված ցանկացած փաստաթուղթ առոչինչ կարելի է համարել։ Սա ևս միջազգային իրավունքի հիմքերին համապատասխան դրույթ է»,- հարցին՝ հնարավո՞ր է Տավուշի շուրջ պայմանավորվածությունը, համաձայնեցված փաստաթուղթը չեղարկել, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիրների ասուլիսի ժամանակ պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Գագիկ Ղալաչյանը։

Հստակեցմանը՝ չեղարկելու ի՞նչ տարբերակներ կան, նա պատասխանեց․ «Չեղարկվելը չեղարկվում է։ Նույն մարդը կարող է չեղարկել իր ստորագրությունը, կարող է նաև փոխվի այն մարդը, որը ստորագրել է դրա տակ։ Հարցն այն է, որ ինքը փաստաթուղթը կամ ցանկացած համաձայնություն, եթե հարկադրանքի տակ է ձեռք բերվում, օրինական համարվել չի կարող»։

Դիտարկմանը՝ Տավուշում սահմանազատման հետ կապված ձեռք բերված պայմանավորվածությունները ներկայացվում են՝ որպես դիվանագիտական ձեռքբերում, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն արձագանքեց․ «Ադրբեջանում ուրախությունից ցնծում էին, բայց դիվանագիտական որոշ ներկայացուցիչներ, որ փորձում էին ներկայացնել մեր հանրությանը՝ որպես դիվանագիտական ձեռքբերում, վստահ չեմ, որ իրենք էլ են այդպես կարծում։ Հակառակը, մասնագիտական և մեր հանրության շրջանակում տագնապի զգացողությունները շատ ավելի խորացան։ Մեզ ուզում էին ասել, որ եթե լինի սահմանազատված և սահմանագծված սահման, ապա դա լրացուցիչ խթան կլինի տարածաշրջանի կամ այն հատվածի կայունության ու անվտանգության։ Ես համոզված չեմ։ Բավականին երկրներ կան, որոնք իրենց սահմանները ոչ սահմանազատել են, ոչ էլ սահմանագծել․ մենք ունենք Վրաստան-ՀՀ սահմանը։ Երբեք այդ խնդիրը չի ներկայացվում՝ որպես մեր երկրների ազգային անվտանգության սպառնալիք։

Խոստովանել է նաև կառավարության ներկայացուցիչը, որ եթե չգնանք սահմանագծման ու սահմանազատմանը, այլընտրանքը պատերազմն է։ Այսինքն՝ այս գործընթացը տեղի է ունենում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման ներքո, ինչը արդեն իսկ նշանակում է, որ այս ամբողջ գործընթացը հակասում է միջազգային իրավունքին։ Միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմանը, և դա հաստատվել է նաև ՀՀ իշխանությունների կողմից, չեն ապահովելու ոչ անվտանգություն, ոչ կայունություն, հակառակը, մեր կենսական տարածքները, անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են և ճանապարհ բացում ապագա ագրեսիվ գործողությունների»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930