Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու»․ փոխոստիկանապետ Կարեն Հակոբյան

Ապրիլ 22,2024 14:38

Տեղեկացրել ենք, որ Ոսկեպարի եկեղեցու շրջակայքում ականազերծման աշխատանքներ են կատարվում։ Տեղացիները վրդովվեցին, թույլ չտվեցին․ արդյունքում աշխատանքներն իրականացնող զինվորականների, դրանք հսկող ոստիկանների միջեւ համաձայնություն ձեռք բերվեց՝ 20 րոպեի ընթացքում համաձայնություն ստանալ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեն Ոսկեպար՝ լսեն մարդկանց։

Մինչ այս պահը դեռ որեւէ տեղեկություն չկա։ Իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարդիկ հայտարարում են, որ թույլ չեն տալու որեւէ աշխատանք կատարել ու պլանավորում են իրենց հետագա անելիքները։

Տեղում են փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը (լուսանկարում), ոստիկանության Տավուշի բաժնի ղեկավարը:

«Ես հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու»,- լրագրողներին եւ տեղացիներին հավաստիացրեց փոխոստիկանապետը։ Հակընդդեմ դիտարկմանը, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի տարածած հայտարարությունից այլ բան է երեւում, նա պատասխանեց, որ ոչ մի բան չգիտի, չի մեկնաբանում, միայն հաստատ գիտի՝ եկեղեցին չի հանձնվելու։

Քաղաքացիները մի քանի անգամ որոշեցին գնալ եկեղեցի, ոստիկանները թույլ չտվեցին՝ ասելով, որ այդ կերպ բախում են հրահրում։ Ոստիկանները խոստացան մարդկանց՝ երկու ժամ հետո թույլ տալ՝ գնալ եկեղեցի, երբ ճանապարհը կբացվի։

«Երկու ժամից գնամ՝ տեսնեմ ականները հանած է, հա՞, սաղ»,- վրդովվեցին մարդիկ։

Նույն պատասխանը ստացավ նաեւ հոգեւորականը, որը ցանկություն հայտնեց այցելելու եկեղեցի։ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չտվեցին այդ պահին գնալ եկեղեցի՝ ասելով, որ երբ ճանապարհը կբացվի, որեւէ խնդիր չի լինի, մարդիկ կարող են եկեղեցի գնալ՝ որքան ցանկանում են։

Իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում է, կշտամբանքի են ենթարկվում նաեւ լրագրողները։

Ոսկեպարի եկեղեցու տարածքում է նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ տեղեկություններ կան, որ իշխանությունը փորձում է ճնշումներով, սպառնալիքներով, աշխատանքից ազատելու փորձերով ազդել տեղացիների վրա։ Նա պնդում է, որ սահմանազատման-սահմանագծման գործընթացը միջազգային պրակտիկա ունի եւ մեր հայրենակիցների պահանջը իրավացի է՝ աշխատանքներ տանել միջազգային պրակտիկային համահունչ։

Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակվում է փակ մնալ։ Մարդիկ գիշերել են ճանապարհին։ Այստեղ ոչ միայն տեղի բնակիչներն են, այլ նաեւ Հայաստանի տարբեր մարզերից են մարդիկ եկել, քանի որ հասկանում են, որ սա միայն տավուշցիների պայքարը չէ։

Հիշեցնենք, ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ Հայաստանը Տավուշի հատվածում համաձայնել է մի քանի գյուղեր հանձնել, ըստ կառավարության հիմնավորումների՝ անվտանգային ռիսկերի նվազեցում ստանալով, իսկ ըստ տարբեր վերլուծությունների, Հայաստանը գնում է միակողմանի զիջումների՝ դիմացը ոչինչ չստանալով։ Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է սպասվում, մարդիկ ակնկալում են իրենց հուզող հարցերի պատասխանները նրանից ստանալ: Համայնքների վարչական ղեկավարներն են հրավիրվել կառավարություն։ Տավուշի մարզ մտնող ճանապարհներին խիստ հսկողություն է իրականացվում ոստիկանական ուժերի կողմից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930