Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու տարածքում կրկին ականազերծման աշխատանքներ են կատարվում

Ապրիլ 22,2024 14:14

Զինվորականները Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու տարածքում կրկին ականազերծման աշխատանքներ են կատարում։ Եկեղեցին, այդպիսով, փաստացի հայտնվելու է թշնամու տարածքում։ Ականազերծման աշխատանքներ կատարողները պարզաբանում են, որ դա արվում է տեղացիների անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի մարդիկ ականների վրա չպայթեն։

Մի խումբ քաղաքացիներ որոշեցին թույլ չտալ, այդ աշխատանքներն իրականացվեն։ Իսկ ոստիկաններն ու զինվորականները լրագրողներին փորձում էին արգելել տեսանկարահանումներ իրականացնել։

Իրավիճակը բավականին լարված է, մարդիկ վրդովված են, փորձում են դիմադրություն ցույց տալ, ժամանակ առ ժամանակ լեզվակռվի են բռնվում ոստիկանների ու զինվորականների, ականազերծման աշխատանքները վերահսկողների հետ՝ կոչ անելով դիմակները հանել․ «Կարող է՞ դուք հայ չեք»։

«Ես ուզում եմ գնամ՝ էդ ականների վրա պայթեմ, բայց չտեսնեմ, որ եկեղեցին կորցնում ենք»,- տեղում ծառայություն իրականացնող քաղաքացիական հագուստով, մայորի կոչումով ոստիկանի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը՝ նկատելով, որ ոստիկանները, փաստորեն, կարող են թույլ տալ, որ «թուրքը եկեղեցին պղծի»։

Փոխհամաձայնություն ձեռք բերվեց՝ 20 րոպեի ընթացքում զեկուցել վերադասությանը եւ պատասխան ստանալ՝ ականազերծման աշխատանքների շարունակման հետ կապված։

Հիշեցնենք, Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ, մարդիկ գիշերել են փողոցում։ Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է սպասվում, մարդիկ ակնկալում են իրենց հուզող հարցերի պատասխանները նրանից ստանալ։ Տավուշի մարզ մտնող ճանապարհներին խիստ հսկողություն է իրականացվում ոստիկանական ուժերի կողմից։

Ի դեպ, ուրբաթ օրը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այցելելու է Տավուշի մարզ, տեղում լսի ոսկեպարցիներին, բաղանիսցիներին եւ կիրանցիներին։ Սակայն, իշխանական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ, այլ պայմանավորվածություն է եղել այն մասին, որ այդ վարչական շրջանների ղեկավարները կառավարությունում պետք է փոխվարչապետին հանդիպեն։

Նաեւ՝ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ ստեղծելու մասին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի պնդմամբ, այս ամենն արվում է՝ ապօրինի գործընթացը լեգիտիմացնելու համար, քանի որ սահմանազատման-սահմանագծման գործընթացը չի ապահովվում։ Նա կարծում է, որ վարչական լծակների, բռնաճնշումների միջոցով տեղացիներին ներգրավում են գործընթացում, որպեսզի հայտարարեն՝ մարդիկ կողմ են․ «Ո՞ր մի գյուղապետին ուզենան վախեցնել ու չվախեցնեն»։

Նա համայնքապետերին կոչ է անում՝ հանել վախը մեջներից հանել, չենթարկվել իշխանության ճնշումներին, քանի որ ապօրինի գործողությունների համար պատասխան են տալու, իշխանությունն էլ զուտ հանցակիցների շրջանակն է մեծացնում՝ բոլորին իրար դեմ հանելով։

«Սուտը՝ ստի ետեւից․ երեկ Կիրանցում ասում էին՝ թյուրիմացություն է ականազերծման աշխատանքը, այսօր էլ սադրում են, ասում են՝ մարդիկ ականի վրա կպայթեն։ Հասկանում ե՞ք ինչ հայրենադավության հետ գործ ունենք։ Այս ականները դրված են նրա համար, որ դիվերսիոն խմբերը չներթափանցեն այս գյուղերը, հիմա, բոլոր կածաններն ու ուղիները բացում ենք, որպեսզի ադրբեջանցիներին հրավիրենք եկեղեցի, որպեսզի եկեղեցին սարքեն մզկիթ»,- ասաց նա՝ վրդովվելով՝ «Սա չորս գյուղերի խնդիր չէ, ՀՀ-ի խնդիր է, ո՞ւր է մեր ժողովրդի իմունիտետը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930