«Խենթ Երիտասարդ» նորաստեղծ հ/կ-ի անդամները, հիմնականում՝ ուսանողներ, երեկ մեկնել էին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչի կարիք ունեն տավուշցիները եւ ինչով կարող են օգտակար լինել: Այս արշավի նշանաբանն էր՝ «Սահմանը՝ հայրենիքիս սկիզբ, ոչ թե ծայրամաս»:
Այս երիտասարդները հասկացել են, որ իրենց հասակակիցների հետ աշխատում են դրսից ֆինանսավորվող մարդիկ, որոնք ինչ-ինչ շահեր հետապնդելով փորձում են երիտասարդների մեջ սերմանել ոչ հանուն Հայաստանի, ոչ հանուն հայի գաղափարներ:
Դեպի Տավուշի մարզ առաջին նախաձեռնությունը նվիրված էր նաեւ հայրենաճանաչությանը: «Սա մեր առաջին նմանատիպ նախաձեռնությունն է: Մենք մշտապես գնալու ենք ոչ միայն լարված կետեր, այլեւ այն վայրերը, որոնք մերն են, մեր հայրենիքն են: Եթե ուզում ես հայրենիքդ սիրել, նախ պետք է ճանաչես: Մենք աշխատելու ենք նաեւ մեր մշակութապաշտպանության ուղղությամբ: Ցավոք, այսօր երիտասարդության մեջ կա մի շերտ, որը չի կարեւորում ազգային արժեքները՝ դա համարելով այլեւս հետամնացություն: Հետեւաբար, փորձելու ենք նաեւ մեր հասակակիցներին մոտ պահել մեր մշակույթին»,- ասում են այս երիտասարդները:
Ոսկեպարում նրանք այցելեցին 7-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցի, որի հետագա ճակատագիրը սկսված սահմանազատման աշխատանքների արդյունքում նույնպես վտանգված է:
Կարդացեք նաև
Ոսկեպար գյուղում եւ եկեղեցու մոտ իրավիճակը լարված էր՝ հանգստյան օրերին եկեղեցու մատույցներում եւ Բաղանիս, Կիրանց գյուղերի մերձակա տարածքներում սկսված սահմանազատման, ականազերծման եւ հողային ինչ-որ չափագրումների պատճառով, ինչը տավուշցիները համարում են ապօրինի գործողություններ, իշխանության ներկայացուցիչների հետ պայմանավորվածությունների խախտում եւ միակողմանի զիջումներ, որը բխում է միայն Ադրբեջանի շահերից:
Գյուղերի բնակիչները վրդովված են, դուրս են եկել պայքարի եւ աջակցության կարիք ունեն: Նրանք արդեն իրենց մաշկի վրա են զգում վերահաս վտանգը եւ հասկանում, որ սա միայն իրանց պայքարը չէ:
Բաղանիսի մի բնակիչ կոչով դիմեց մյուս մարզերի ու քաղաքների բնակիչներին: «Մեզ սպասվում է այն, ինչ եղել է անցյալ հարյուրամյակներում: Թուրքը եկել, գրավել, հասել է մի տեղ, որտեղ քիթը ջարդվել է ու հետ է գնացել: Եթե դա չեղավ այստեղ, Ոսկեպարը չեղավ, Բաղանիսը չեղավ, դա լինելու է Երեւանի Նորքում, Արմավիրում կամ Ապարանում: Տեր կկանգնե՞ք այս հողին, թուրքը առաջ չի գա, տեր չե՞ք կանգնի, ինքը կհասնի այնտեղ, որտեղ կհասնի:
Հիմա այս եկեղեցուց մի քանի տասնյակ, մի քանի հարյուր մետր այն կողմ ականազերծման աշխատանքներ են կատարվում, որ հակառակորդը ավելի անխոչընդոտ, ավելի անկորուստ հասնի եկեղեցի: Արթնացեք, վեր կացեք, տեր կանգնեք: Կուսակցություններ, ո՞ւր եք, հանեք ձեր ընտրազանգվածին, ՔՊ-ականներ, որոնք համաձայն չեք այս գործընթացին, տեր եղեք ձեր հողին: Վաղը պատասխան եք տալու ձեր թոռներին: Դավաճանի պիտակով չմեռնեք»,- դիմեց նա ժողովրդին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ